Բանն այն է, որ առեւտրականները 5 օր առաջ թաղապետարանից գրություն են ստացել, ըստ որի, հուլիսի 15-ին գետնանցումը վերանորոգելու նպատակով շինարարական աշխատանքներ են սկսվելու: Դա նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտները պետք է որոշ ժամանակով դադարեցնեն իրենց գործունեությունը` վերանորոգումից անմիջապես հետո վերսկսելու պայմանով: Անհատ ձեռներեցների, մանր կրպակատերերի կոմիտեի լիազոր ներկայացուցիչ Ռոբերտ Նազարեթյանին խնդրեցինք մեկնաբանել, թե կոնկրետ ինչի՞ց են իրենք դժգոհ: «Քաղաքապետարանի որոշմամբ՝ մենք յուրաքանչյուրս ստացել ենք 4քմ հողատարածք եւ 15 տարի այդ կրպակներն աշխատացնում ենք: Այսօր դրանք քանդվում են առանց մեզ կոնկրետ ապագա առաջարկելու: Մեր մտահոգությունն այն է, թե վերակառուցումից հետո արդյո՞ք կրպակատերերը նույն պայմաններով կաշխատեն: Բանից դուրս է գալիս, որ այնտեղ մեծ ներդրումներ են լինելու»: Փաստորեն, բողոքի ակցիայի մասնակիցները մտավախություն ունեն, որ անհատ կամ կազմակերպություն ներկայացնող ներդրողը հետագայում հնարավոր է` դառնա տարածքի սեփականատեր եւ իրենցից պահանջի աստղաբաշխական թվերով վարձավճարներ: «Ներդրողը կդառնա տարածքի սեփականատեր եւ մեզնից կպահանջի՝ ես եմ ներդրում արել, ես էլ վարձի գները կորոշեմ: Մինչ այժմ մենք հողի վարձ ենք վճարել: Մեր պետությունը միշտ այդպես է անում, եւ մեր վախը տեղին է»,- վստահեցրեց Ռ. Նազարեթյանն՝ ասելով, որ անհատ ձեռներեցների մտահոգությունը կապված է միայն հետագայում իրենց իրավունքների ոտնահարման երաշխիք չունենալու հետ: Գետնանցումում առեւտուր կազմակերպող մեկ այլ անհատ ձեռներեց` Խաչիկ Բելիխանյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ վերանորոգման պատրվակը շահարկելով, տնտեսվարող սուբյեկտների հետ պայմանագիր չկնքելով՝ ինչ-որ մեկն ուզում է տարածքը նորացնել, իսկ հետագայում բաշխել իր մարդկանց միջեւ: «Այստեղ բժիշկներ, մանկավարժներ կան, որոնք այդ 4քմ-ով աշխատում, ընտանիք են պահում օրինական դաշտում»: Վերջինս նշեց, որ այս խնդիրը վաղեմություն ունի, քանի որ Արաբկիր համայնքի նախկին ղեկավարը նույնպես նման ծրագիր է ունեցել, սակայն հետագայում այդ հարցը ժամանակավորապես սառեցվել է: «Մենք մեր զբաղեցրած հողի ամսական վարձավճարը պարտաճանաչ վճարում ենք: Մեկը՝ պարտքով, մյուսը՝ ավտոտնակ վաճառելով՝ ստեղծել ենք փոքր բիզնես: Մենք պահանջում ենք մեզ հետ պայմանագիր կնքել, որպեսզի վստահ լինենք, որ վաղը-մյուս օրը ներդրողը մեզնից մի 500 դոլար վարձ չի ուզի: Մենք հիմա թաղապետարանի հետ նորմալ աշխատում ենք: Հարկայինի, հողի, աղբի վարձը նորմալ վճարում ենք, աղբն էլ չեն տանում, թաղապետը պատճառաբանում է, թե մենք ենք կեղտոտ պահում»,- ասաց Խ. Բելիխանյանը` միանշանակ հայտարարելով, որ իրենք ամենեւին դեմ չեն գետնանցումի վերանորոգմանը, ավելին՝ իրենք են դիմել, որ վերանորոգեն. «Մենք խոզ չենք, մենք ուզում ենք մարդավարի պայմաններում աշխատել»,- նշեց նա՝ ասելով, որ պարզապես պահանջում են պայմանագիր կնքել, ըստ որի, իրենց իրավունքները վերանորոգումից հետո չեն ոտնահարվի: Նախագահի նստավայրի մոտ հավաքված մարդիկ ավելի ուշ գնացին Արաբկիրի թաղապետարան, որտեղ Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանը, Երեւանի փոխքաղաքապետ Արման Սահակյանը, քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման բաժնի պետ Կարեն Գեւորգյանը երկար ժամանակ անհատ ձեռներեցների հետ քննարկում էին այս խնդիրը: Բանավեճը, կարելի է ասել, կառուցողական էր, քանի որ թաղապետարան-անհատ ձեռներեցներ վեճը տեղափոխվեց փոխհամաձայնության դաշտ: Տնտեսվարող սուբյեկտներին հուզող կրպակների հետագա ճակատագիրն Արաբկիրի թաղապետ Հովհ. Շահինյանն այսպես նկարագրեց. «Այնտեղ կապիտալ վերանորոգում կլինի, որից հետո, այն տնտեսվարողների հետ, ովքեր օրենքով սահմանված կարգով իրենց առեւտրային գործունեությունն են կատարում, մենք կվերակնքենք պայմանագրերը, եւ կշարունակեն իրենց տնտեսական գործունեությունը»,- վստահեցրեց նա՝ նշելով, որ համապատասխան բոլոր ծառայությունների ստուգումների արդյունքում գետնանցումում առեւտրային գործունեություն իրականացնելը համարվել է անթույլատրելի: Ստուգումների եզրակացությունները միանշանակ արձանագրել են, որ տիրող հակահիգիենիկ եւ անվտանգության կանոնների ոչ պատշաճ իրավիճակը հակացուցված է թե՛ մարդկանց առողջության, թե՛ անվտանգության համար: Թաղապետի հավաստմամբ՝ «Երեւաննախագծում» այս պահին նախագծի պատրաստման փուլն է ընթանում, որից հետո կսկսվեն վերանորոգման աշխատանքները, իսկ դրանք կտեւեն 3-4 ամիս: Ի դեպ, գետնանցումը վերանորոգելու համար մրցույթ է հայտարարվել, իսկ ծրագիրը կարժենա մոտ 300.000-400.000 դոլար: Հովհ. Շահինյանն անհատ ձեռներեցներին վստահեցրեց, որ գետնանցումի տարածքը չի մասնավորեցվելու, այն վերանորոգումից հետո կրկին մնալու է Արաբկիր համայնքի սեփականությունը: Արաբկիր համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ վերանորոգումից հետո առաջին հերթին պայմանագրեր են կնքվելու ներկայումս տնտեսական գործունեություն իրականացնող անհատ ձեռներեցների հետ: Կրպակատերերը Հովհ. Շահինյանին խնդրեցին հետաձգել վերանորոգման աշխատանքների սկիզբը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքները սկսել հուլիսի 20-ին: Փոխքաղաքապետ Արման Սահակյանի առաջարկությամբ ընդունվեց մի տարբերակ, որը, թերեւս, ձեռնտու էր երկու կողմերին՝ եւ թաղապետարանին, եւ անհատ ձեռներեցներին: Վերջինս առաջարկեց մինչեւ հուլիսի 20-ը ստեղծել Արաբկիրի թաղապետարանի իրավաբաններից, ավագանու անդամներից եւ անհատ ձեռներեցների ներկայացուցիչներից բաղկացած մի հանձնաժողով, որը կգտնի պայմանագրի այն ձեւը, ըստ որի, կնքելու դեպքում օրենսդրորեն կպաշտպանվեն երկու կողմերի իրավունքները: Այս տարբերակը տնտեսվարող սուբյեկտներին բավարարեց, քանի որ վերջիններիս գնահատմամբ՝ բանավոր խոստումներից փաստաթղթերին անցնելը միանգամից պարզություն մտցրեց խնդրի մեջ: Մինչ Արաբկիրի թաղապետարանում քննարկվում էր վերանորոգման լավ ու վատ կողմերը` մենք զրուցեցինք նաեւ թաղապետարանի շենքի մոտ հավաքված մարդկանց հետ: Մի քանի ժամ տեւած բողոքի ակցիան, որը սկսվել էր նախագահի նստավայրից, պարզվում է, կազմակերպվել է մեծ ճնշումով: Նույն տնտեսվարող սուբյեկտների առեւտրի կետերի աշխատակիցները, ովքեր խնդրեցին չնշել իրենց անունները, բավական ուշագրավ տեղեկություններ հայտնեցին: Պարզվում է, այդ փոքրիկ տաղավարների բուն «շեֆերը» նրանց հանձնարարել են պարտադիր կերպով մասնակցել ակցիային. «Մեզ ասացին, որ մինչեւ վերջ էստեղ կանգնենք ու, եթե կամերայով նկարեն՝ ասենք, որ մենք չենք ուզում, որ գետնանցումը վերանորոգեն: Բայց, փաստորեն, մենք ենք դրանից տուժում: Մեր պայմանները որ տեսնեք, կհարցնեք, թե ո՞նց չենք վախենում էդտեղ աշխատելուց, մի օր էդ պատերը փլվելու են գլխներիս վրա: Մենք ուզում ենք նորմալ պայմաններում աշխատել, զուգարաններ ունենալ, որ մեզ մարդ զգանք աշխատելուց»,- ասաց գետնանցումի խանութներից մեկի աշխատակիցը, ով ամեն վայրկյան սպասում էր «շեֆի» դաբրոյին, որ տուն հասներ` 4 ժամ արեւի տակ մնալու պատճառով գլխացավը դեղորայքով մեղմելու համար: Ի դեպ, գետնանցումի կրպակների աշխատակիցները մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց «շեֆերը» թաղապետարանի սրճարանում, հովին նստած, հետեւում են դեպքերի զարգացմանը, ինչպես նաեւ` իրենց, որ «չփախնեն» միտինգից: