Իսրայել է մուտք գործել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարից նավթի առաջին չափաբաժինը, որն արդեն փոխանցվել է նավթավերամշակման գործարան: Ինչպես հաղորդում է Day.az-ը` հղում կատարելով «Մաարիվ» իսրայելական թերթին, Թուրքիայի հարավ-արեւելյան հատվածում գտնվող Ջեյհան նավահանգստից դուրս եկած ցիստեռնը նավթը բեռնել է Հայֆյան ծովածոցի վառելիքային տերմինալում, որտեղից այն փոխադրվել է նավթավերամշակման գործարան:
Ամենայն հավանականությամբ, Իսրայելը ձեռք է բերել ադրբեջանական նավթի վեցերորդ չափաբաժինը, քանի որ, ինչպես հաղորդել են Day.az-ին BP-Azerbaijan ընկերությունում, այսօր-վաղը սպասվում է ԲԹՋ-ից 7 տանկեր նավթի բեռնաթափում: Ադրբեջանին բաժին է ընկնում Իսրայելի նավթի ներմուծման վեցերորդ մասը:
Ադրբեջան կատարած վերջին այցի ընթացքում՝ ընթացիկ տարվա հունիսին Իսրայել պետության էներգետիկայի եւ ենթակառույցների նախարար Բինիամին Բեն-Էլիեզերը պայմանավորվել է ԲԹՋ նավթատարով Իսրայել նավթ ներմուծելու ծավալի մեծացման մասին: Ներկայումս ստուգվում է Ադրբեջանից գնված նավթի որոշ մասի ցիստեռններով Աշկելոն փոխադրման հնարավորությունը, իսկ այնտեղից` ԿԱՑԱ նավթատարով Էյլաթ եւ այնուհետեւ` Արեւելյան Ասիայի շուկաներ՝ Հնդկաստան եւ Չինաստան:
Հուլիսի 13-ին Բինիամին Բեն-Էլիեզերը պետք է մասնակցի ԲԹՋ նավթատարի բացման արարողությանը: Նրան ուղեկցելու են իսրայելյան տնտեսության երեւելի գործիչներ, այդ թվում` նավթավերամշակման գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Օհեդ Մարանիին եւ ԿԱՑԱ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Օրեն Շախորը:
Իսրայելին ադրբեջանական նավթ մատակարարելու այս ողջ պատմության մեջ ավելի շատ զարմացնում է, ինչպես ասում են, դրա հրապարակայնությունը: Բանն այն է, որ Իսրայելում ջանում են առանձնապես չազդարարել այդ երկիր էներգակիրներ եւ հատկապես՝ նավթ մատակարարողներին: Բանն այն է, որ տարածաշրջանում նավթի հիմնական մատակարարները մահմեդական երկրներն են, որոնց մեծ մասն արաբա-իսրայելական հակամարտության պատճառով նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունեն Իսրայելի հետ: Բավական է հիշեցնել, որ բոլոր արաբական երկրներից միայն Եգիպտոսը եւ Հորդանանը դիվանագիտական հարաբերություններ ունեն Իսրայելի հետ:
Ադրբեջանն այն մահմեդական պետություններից մեկն է, որը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ: Սակայն Իսրայելում մինչ օրս ոչ միայն չկա ադրբեջանական դեսպանություն, այլեւ` առեւտրային ներկայացուցչություն, եւ դա` չնայած պաշտոնական Բաքվի հետ փոխհարաբերությունների ընդլայնմանն ուղղված Թել Ավիվի բոլոր ջանքերին: Մինչ օրս Իսրայել չի ժամանել Ադրբեջանի որեւէ պաշտոնական պատվիրակություն, թեկուզեւ` արտաքին գործերի նախարարի մակարդակով: Այսինքն, անկախություն ձեռք բերելուց հետո ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը, համենայնդեպս, ջանում էր «չզայրացնել» արմատական տրամադրված իսլամական պետություններին, նախեւառաջ` Իրանին, որը Իսրայելի հետ համագործակցել «համարձակվող» ցանկացած երկրի դասում է միջազգային սիոնիզմի կամակատարների եւ, համապատասխանաբար, ողջ մահմեդական աշխարհի թշնամիների շարքին: Պաշտոնական Բաքուն նույնիսկ չի թաքցրել այն, որ չի շտապում Իսրայելի հետ ողջ ծավալով դիվանագիտական հարաբերություններ հաստատել, որպեսզի «չզայրացնի» մահմեդական աշխարհի այնպիսի «դաշնակիցների»՝ ինչպես Իրանը: Այդ պատճառով կարելի է ենթադրել, որ ադրբեջանական նավթն Իսրայել մատակարարելու մասին տեղեկությունը հրապարակվել է ոչ առանց պաշտոնական Բաքվի համաձայնության: Չէ՞ որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի փոխհարաբերությունները մահմեդական երկրների՝ նախեւառաջ Իրանի եւ Պաղեստինյան ինքնավարության հետ, վերջերս չի լավացել, այլ, ընդհակառակը, վատացել է: Բավական է հիշեցնել Իրանի նախագահի՝ «գետնի երեսից Իսրայել պետությունը ջնջելու» անհրաժեշտության մասին հայտարարությունը եւ Գազայի հատվածում Թել Ավիվի լայնածավալ ռազմական գործողությունները: Բացի այդ, տառացիորեն մեկ ամիս առաջ Բաքվում հավաքված ավելի քան հիսուն մահմեդական պետությունների արտաքին գործերի նախարարները «լիակատար համերաշխություն դրսեւորեցին» հայ-ադրբեջանական եւ պաղեստինա-իսրայելական հակամարտությունների վերաբերյալ: Եվ հանկարծ իսրայելական մամուլը ոչ միայն ուղղակի հայտնում է մեր երկրից նավթի առաքման մասին, այլեւ «շեփորում է» ողջ աշխարհով մեկ այն մասին, որ այսօր Ադրբեջանին բաժին է ընկնում Իսրայելի նավթի ներմուծման վեցերորդ մասը: Եվ դա քիչ չէ: Եվ, ամեն դեպքում, կարելի է ենթադրել, որ նման «դավաճանությունը», այսինքն` ադրբեջանական նավթը Իսրայել մատակարարելու մասին տեղեկությունը հրապարակվել է ոչ առանց պաշտոնական Բաքվի համաձայնության: Եվ ահա թե ինչու…
Ամենայն հավանականությամբ, կողմերը որոշել են երկու պետությունների փոխհարաբերությունները դուրս բերել, ինչպես ընդունված է ասել դիվանագիտական լեզվով, որակապես նոր մակարդակի վրա: Եվ հարցը նույնիսկ այն չէ, որ ընթացիկ տարվա հունիսին Իսրայելի էներգետիկայի եւ ենթակառույցների նախարար Բինիամին Բեն-Էլիեզերը ժամանել էր Ադրբեջան եւ պայմանավորվել նավթի առաքումների մեծացման մասին: Բավական է հիշել, որ սույն տարում Բաքվում նախատեսվում էր Համաշխարհային հրեական կոնգրես անցկացնել: Սակայն ամենավերջին պահին հարկ եղավ ժամանակավորապես հրաժարվել այդ գաղափարի իրագործումից: Ամենայն հավանականությամբ, կողմերը եկան այն եզրահանգման, որ մեր երկրում Համաշխարհային հրեական կոնգրեսի անցկացումը՝ Բաքվում մահմեդական երկրների արտաքին գործերի նախարարների վեհաժողովի նախօրեին, Ադրբեջանի կողմից այնքան էլ «քաղաքականորեն կոռեկտ» քայլ չէր լինի: Բայց, այդուհանդերձ, միջազգային հրեական կազմակերպությունների ներկայացուցիչները բացահայտ ակնարկեցին նախագահ Իլհամ Ալիեւի ԱՄՆ կատարած պաշտոնական այցի կազմակերպմանն իրենց ակտիվ մասնակցության եւ այն մասին, որ իրենք Բաքու – Անկարա – Թել Ավիվ դաշնակցային առանցքի ստեղծման հույս ունեն: Այո, սկզբունքորեն, պաշտոնական Բաքուն կարող է հայտարարել, որ ոչ մի կապ չունի Իսրայել նավթ մատակարարելու հետ: Կարելի է պնդել, որ այդ նավթը պատկանում է կոնսորցիումին: Սակայն դժվար թե մենք դիվանագիտական նման քայլի վկաներ դառնանք: Թեկուզեւ այն պատճառով, որ ոչ ոք դրան չի հավատա: Ամենայն հավանականությամբ` կողմերը որոշել են «օրինականացնել եւ պաշտոնականացնել» արդեն վաղուց գոյություն ունեցող տնտեսական սերտ հարաբերությունները:
Իսկ Իրա՞նը: Թեհրանը «կզայրանա» եւ կմեղադրի Ադրբեջանին «իսլամի թշնամիների» հետ համագործակցության համար: Սակայն՝ ակն ընդ ական: Չէ՞ որ Իրանը, որը պատրաստվում է Հայաստանին գազ մատակարարել, այդպես էլ չդրսեւորեց նման համերաշխություն Ադրբեջանի նկատմամբ: Այսպիսով պաշտոնական Բաքուն ոչ մի բարոյաքաղաքական պարտավորություն չունի Իրանի, ինչպեսեւ` մնացյալ մահմեդական աշխարհի առջեւ:
www.mediadialogue.org