Քենիայում շարունակվում է հայազգի եղբայների հետ կապված պատմությունը: Եղբայրներ Արթուր Մարգարյանին եւ Արթուր Սարգսյանին հովանավորել է Քենիայի Արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյա Ուինի Վանգուին: Եղբայրների հետ կապված պատմությունը հետաքննող հանձնաժողովը հուլիսի 10-ին հրապարակել է որոշ տեղեկություններ, ըստ որոնց` տիկին Վանգուին, ով հայտնի քաղաքական գործիչ եւ գործարար Մերի Վամբուիի դուստրն է, զանգահարել է մայրաքաղաք Նայրոբիի օդակայան եւ խնդրել համապատասխան պաշտոնյային` եղբայրներին անցկացնել բարձրաստիճան պաշտոնյաների եւ պատվավոր հյուրերի համար նախատեսված VIP սրահով: Դրանից հետո օդակայանում միջադեպ է տեղի ունեցել, երբ եղբայրները հրաժարվել են բացել իրենց պայուսակները եւ զենք հանել: Միջադեպից հետո եղբայրներն արտաքսվել են Քենիայից առանց հետաքննության, ինչն առաջացրել է Քենիայի ընդդիմության զայրույթը: Վանգուին ԱԳՆ-ում հայտնի է իբրեւ Ուինի Մվայի: Քենիայի մամուլը տեղեկություններ է տարածել, թե նա Քենիայի նախագահ Քիբակի Մվայիի երկրորդ՝ ոչ պաշտոնական կինն է: