Գրբավիցան թաղամաս է Բոսնիայի մայրաքաղաք Սարաեւոյում, որտեղ քաղաքի պաշարման ժամանակ սերբերի եւ բոսնիացիների միջեւ դաժան մարտեր են մղվել: Ժբանիչին հաջողվել է ստեղծել մի հիանալի գործ, որտեղ յուրօրինակ ձեւով ներկայացված են պատերազմի չարիքները: Սա համեստ եւ պարզ մի դրամա է` հետպատերազմական Բոսնիայում ապրող Էսմայի եւ իր 12-ամյա դստեր` Սառայի մասին: Պատերազմի ուղղակի դրվագներ ֆիլմում չկան, բայց ամեն ինչ դասակարգվում է «մինչեւ»-ի եւ «հիմա»-ի: Այրիացած կանանց պատմությունները, կռիվների ժամանակ ավերված շենքերն ու փողոցները, գլխավոր հերոսուհու ծանր կյանքը, ով ամբողջ գիշեր աշխատում է դստեր էքսկուրսիայի համար 200 եվրո ճարելու նպատակով, հանդիսատեսի մոտ խղճահարություն չի առաջացնում: Գուցե հենց սա էլ երիտասարդ ռեժիսորի վարպետությունն է: Ոչ մի ավելորդ զգացմունք: Բայց ֆիլմը դիտելուց հետո, կարծես, ապրում ես Սառայի հետ, ով գիտեր, թե իր հայրը զոհվել է ճակատամարտում, բայց մայրը ստիպված նրան պատմում է ճշմարտությունն այն մասին, որ ինքը հղիացել է ռազմի դաշտում բռնաբարվելուց հետո: Իսկ դուստրը, վերացնելով հորից ժառանգած միակ մասնիկը` սեփական մազերը, մորը եւ ընդհանրապես համայն աշխարհին սովորեցնում է բուժել պատերազմի թողած հետքերը: Ժբանիչին հաջողվել է վեր հանել նաեւ մարդկային իրական հարաբերությունները` ծնողի եւ զավակի, գործընկերների ու պարզապես հայրենակիցների միջեւ: Հետաքրքիր է` «Գրբավիցայի» մեծ հաջողությունը` Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջը», կազդի՞ արդյոք «Ոսկե ծիրանի» խաղարկային ֆիլմերի ժյուրիի անդամների տրամադրվածության վրա:
Կ. Թ.