Մեր հեռուստաընկերությունների մասին ինչքան խոսես՝ կխոսվի։ Հեռուստացույցով հայկական ալիքներ դիտելը դարձել է առողջության համար ուղղակի վտանգ ներկայացնող զբաղմունք։ Հասկանում ես, ինչքան էլ գրես, միեւնույն է, իրենց արածն անելու են, ու Գրիգոր Ամալյանն էլ հաճույքով նայելու է, թե իր «հոգեզավակներն» ինչեր են անում։ Սակայն երեկ արդեն չափն անցան։
Ֆուտբոլի առաջնությունն արդեն հետեւում է։ Շատերը խոսեցին մեր մեկնաբանների եւ նրանց կողմից ակտիվորեն պրոպագանդվող խաղադրույքների մասին։ Ասենք դրան կարելի է համակերպվել. մարդիկ փող են տվել, հովանավորել են, ու պարզ է՝ պետք է դրա համար վարձահատույց լինել։ Հեռուստադիտողներն էլ վարձահատույց են եւ ստիպված են լսել այդ մեկուկես ժամվա ընթացքում եթերից ասվող ամեն ինչ։ Լսում են ու իրենք իրենց մխիթարում նրանով, որ գոնե լավ է, Սուրեն Բաղդասարյանը չէր մեկնաբանում խաղերը։
Ու թեեւ Աշխարհի առաջնությունն արդեն վերջացել է, սակայն հետաքրքրությունը դեռ չի մարել։ Եվ այսպես, 2 օր առաջ «Եվրոնյուզն» ուղիղ եթերով ցուցադրում է, թե ինչպես են իտալացիները դիմավորում իրենց հերոսներին օդանավակայանում։ Ֆուտբոլասեր ողջ աշխարհն այդ պահին երեւի հետեւում էր այդ իրադարձությանը։ Ֆուտբոլիստներից մի երկուսն իջնում են ինքնաթիռից… ու մեկ էլ հանկարծ՝ եթերն ընդհատվում է եւ «Եվրոնյուզի» փոխարեն եթեր է մտնում «Արմնյուզը»… Ու ներկայացնում է գիտե՞ք ինչ՝ եվրոպական երկրների եղանակի տեսությունը։ Ճիշտն ասած, երկար մտածում էի, թե այս ամենին ինչ անուն կամ ինչ բացատրություն կարելի է տալ, բայց հարմար բառ չգտա։ Մի պահ կանգ առա «կայֆալոմ» բառի վրա, բայց դրա հայերեն համարժեքը կարծես թե չկա։
Հասկանում ենք, տվյալ հեռուստաալիքը պարտավորություն ունի իր եթերի որոշակի մասը սեփական հաղորդումներով հագեցնել, բայց մի՞թե դա այդ պահին այդքան անհրաժեշտ էր։ Այսինքն` Պրահայի եւ Ստոլկհոլմի եղանակի տեսությունը հայ հեռուստադիտողի համար ավելի հետաքրքիր է, քան վերը նշված միջոցառումը։ Եթե ողջ եթերին այդպես լուրջ վերաբերվեին, գովազդները մեկ վայրկյան անգամ չգերազանցեին սահմանված ժամանակը, սա հասկանալի կլիներ։ Թեեւ հասկանալի էլ չէ, թե տվյալ դեպքում ո՞ր ժամանակագրաֆիկն էր խախտելու «Արմնյուզը», ախր անգամ ծրագիրը թերթերում չի տպագրվում։
Մինչեւ շոկի մեջ ինձ զսպում էի, որ բարձրաձայն «քաղցր խոսքերով» հարեւանների հանգիստը չխանգարեի, սկսվեց մի ոչ պակաս զավեշտալի երեւույթ՝ նույն ալիքով։ Երեւի տեսած կլինեք՝ «Սննդամթերքի գները երեւանյան շուկաներում»։ Նախկինում երբեք ուշադրություն չէի դարձրել, սակայն երեկ հայտնաբերեցի մի շատ հետաքրքիր փաստ։ Սկզբում ներկայացվում են ստանդարտ սննդամթերքների գները (բանջարեղեն, միս եւ այլն), հետո առանձին-առանձին… Ավելի լավ է կոնկրետ օրինակով խոսեմ. «Հյութն արժե…» եւ ներկայացվում է “Jaffa” հյութերի գինը։ «Կաթնամթերքն արժե…», այստեղ «Աշտարակ-կաթի» տեսականին է, հանքային ջրեր` «Ջերմուկի» կտրվածքով եւ այսպես շարունակ…
Ուզում ես հարցնել՝ տղա՛ ջան, իսկ եթե ես, օրինակ, «Բջնի՞» եմ խմում, կամ հյութերից նախընտրում եմ «Նոյյա՞նը»… Բայց ո՞ւմ հարցնես։ Միեւնույն է, ոչ ոք քեզ չի պատասխանի, որ սեփական, տեղեկատվական հաղորդման անվան տակ քեզ հրամցնում են դասական, բայց անորակ գովազդ։ Հետաքրքիրն այն է, որ ոմանց թվում է, թե նման էժանագին քայլերը ստեղծագործական մտքի գլուխգործոց են, ու մարդիկ էլ իրենց տված «կուտն ուտում են»։
Ամենեւին չենք ուզում վիրավորել ո՛չ «Արմնյուզին», ո՛չ էլ ընդհանրապես «CS Media City»-ին։ Նույն վիճակն է տիրում գրեթե բոլոր հեռուստաընկերություններում, որոնք միայն մտածում են գովազդից փող աշխատելու մասին ու առավոտից երեկո իրենց «էլիտար», «էքսկլյուզիվ» ու «աննախադեպ», «հատուկ թողարկում»- առաջարկներով սղոցում են մարդկանց նյարդերը։
Պարզապես ուզում ենք խնդրել՝ էդպես «թքած» վերաբերմունք մի ունեցեք հեռուստադիտողների նկատմամբ։
Համ էլ թողեիք՝ մեր իշխանավորները նայեին-սովորեին, թե չեմպիոններին առհասարակ ո՞նց են դիմավորում՝ առանց Արամ Ասատրյանի ու այլոց օգնության։
Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«168 Ժամ»-ի ընթերցող