Ոչ Վենետիկ, ոչ Կանն, այլ Երեւան

13/07/2006

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի զանգվածային միջոցառումները (ինչպես եւ թելադրում է փառատոնի անվանումը) արդեն երեք տարի սկսվում են ծիրանի օրհներգության արարողությամբ: Մենք բացում ենք մեր երկրի դռները միջազգային կինեմատոգրաֆի առջեւ, եւ առաջարկում հյուրերին` համտեսել այն եզակի խորհրդանիշներից մեկը, որը ենթակա չէ ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էլ հասարակական տատանումների` մեր ծիրանը: Շառլ Ազնավուրի հրապարակում երեկ երեկոյան տեղի ունեցավ փառատոնի բացման հանդիսությունը, որը շատ գունեղ եւ դեմոկրատական էր: Կարմիր գորգ, տեսախցիկներ ու ֆոտոլրագրողներ, աշխարհում հայտնի կինոգործիչներ եւ ծաղկե թերթիկներ, որոնք երիտասարդները գորգին էին շաղ տալիս` որոշակի թեթեւություն փոխանցելով օրվան: Թեեւ սովորաբար բացման արարողությունն է չափազանց մեծ ուշադրության արժանանում, այս դեպքում ավելի մեծ ուշադրության են արժանի փառատոնի վեց օրերին ցուցադրվելիք 114 գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմերը: Ինչպես ասաց «Ոսկե ծիրանի» նախագահ, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը` այդ ֆիլմերից շատերը դիտելու համար պետք է Կանն կամ Վենետիկ գնալ: