ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնությունն՝ ավանդների վերադարձի հարցը քննարկելու նպատակով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու կապակցությամբ, փառավոր ձեւով տապալվեց՝ երկուշաբթի ԱԺ-ում քվորում չկար, գրանցվել էր ընդամենը 43 պատգամավոր:
Ինչո՞ւ է անընդհատ շահարկվում ժողովրդի համար ցավոտ այս հարցը, եւ վերջապես որքանով է իրական ավանդների վերադարձն առաջիկա տարիների ընթացքում:
ԽՍՀՄ խնայբանկին ՀՀ քաղաքացիների ի պահ տրված ավանդների չափը կազմում է 10 մլրդ ռուբլուց քիչ ավելին: Այս թիվն ամրագրվել է 1989թ. դրությամբ, երբ ռուբլին չէր արժեզրկվել եւ ուներ նախորդ առնվազն 5 տարիների արժեքը: Բազմիցս փորձ է արվել այս գումարը գնահատել փոխարժեքով` ԱՄՆ դոլարով, հիմք ընդունելով այդ տարիներին ԽՍՀՄ պետական բանկի սահմանած 1 ԱՄՆ դոլար՝ 96 կոպեկ հարաբերակցությունը, որը սակայն, զուրկ է որեւէ տնտեսագիտական հիմնավորումից այն պատճառով, որ ԽՍՀՄ-ում երբեւիցէ ԱՄՆ արտարժույթը չի հանդիսացել որպես օրինական վճարամիջոց, եւ արհեստականորեն սահմանված կուրսով հաշվարկներ կատարելը հանգեցնում է աբսուրդի:
Իրավաբանական տեսանկյունից ավանդները հանդիսանում են ներքին պետական պարտք, քանզի ՀՀ-ն ՀԽՍՀ-ի իրավաժառանգորդն է: Սակայն մինչեւ հիմա ՀՀ Ազգային ժողովն այս հարցի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի ընդունել, եւ ավանդների վերադարձի մասին բարձրաձայնելուց առաջ նախ պետք է այն ամրագրվի որպես պետական պարտք, հետո միայն նշվեն այն վերադարձնելու ուղիները եւ ժամկետները: Բնականաբար, այս խնդիրն առնչվում է բնակչության բոլոր խավերին` անկախ սոցիալական սանդղակում ներկա պահին նրանց զբաղեցրած դիրքից: Ամեն անգամ այս իրապես չարչրկված հարցի մասին խոսելիս, չգիտես՝ ինչու, մոռացվում է այն փաստը, որ ավանդներն արժեզրկվել են մինչեւ Հայաստանի Երրորդ Հանրապետության կազմավորումը, 1990թ. արդեն ռուբլին արժեզրկվել էր 100 ռուբլին՝ 1 ԱՄՆ դոլար հարաբերակցությամբ, եւ այդ գործընթացում որոշիչ դեր խաղաց պավլովյան ռեֆորմը, երբ հին 50 եւ 100 ռուբլիանոց թղթադրամները փոխանակվեցին նորերով: Առաջացած խուճապը կտրուկ ազդեցություն ունեցավ ռուբլու կուրսի վրա: Փաստորեն, իշխանությունը փոխվելու պահին ռուբլին այլեւս կայուն չէր, եւ արժեզրկման գործում ԽՍՀՄ իշխանությունների մեղքի բաժինն ամենամեծն է, որովհետեւ նրանք ոչ մի քայլ չձեռնարկեցին բնակչության խնայողությունները գոնե մասամբ փրկելու համար: Այսօր արդեն այդ մասին ոչ ոք կարծես թե չի հիշում: Իսկ այն ժամանակ, երբ տնտեսությունը դեռ չէր փլուզվել, եւ տնտեսական ապարատն աշխատում էր ամբողջ թափով, շատ ավելի դյուրին կլիներ ավանդները կայուն արժեքներով ապահովելը:
Իսկ հիմա ինչո՞ւ չի կարելի պետական բյուջեով գումար հատկացնել ավանդների վերադարձմանը: Պատճառը շատ պարզ եւ ակնառու է, թեեւ այդ հարցը ժամանակ առ ժամանակ բարձրացնողները չեն էլ ուզում այդ մասին խոսել: 1990-2004թթ. ՀՀ-ն միայն ԱՄՆ կառավարական եւ ոչ կառավարական աղբյուրներից օգնության եւ վարկերի տեսքով ստացել է ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար: Ցանկացած պահի, երբ կառավարությունը կփորձի ԽՍՀՄ խնայբանկի պարտքը վերադարձնելու համար գումար նախատեսել պետական բյուջեով, այդ օգնությունը կսառեցվի: Դա հստակորեն գիտակցում է վարչապետ Ա. Մարգարյանը եւ ոչ միայն նա: 1 մլրդ ԱՄՆ դոլարից ավելին արտաքին պարտք ունեցող երկրի համար այդ օգնությունից զրկվելը համազոր է փաստացի սնանկացման: Եվ քանի դեռ ՀՀ պետական բյուջեում իրենց հաստատուն չափաբաժինն ունեն միջազգային վարկերն ու տարբեր օգնությունները, ավանդների վերադարձի խնդիրը կմնա ավելի շատ՝ որպես քաղաքական, քան՝ տնտեսական հարց: Քաղաքական ուժերի կողմից առաջարկվող լուծումները` գումարներ հատկացնել սեփականաշնորհումից գոյացած միջոցներից, ավանդներն ինդեքսավորել 1000 ռուբլին՝ 30 ԱՄՆ դոլար հարաբերությամբ, եւ այլն, դատապարտված են ձախողման, որովհետեւ այս դեպքում ոչ մի նշանակություն չունի, թե պետբյուջեի որ հոդվածով կամ ինչ չափով է նախատեսվում ավանդների վերադարձը, միեւնույն է, առաջին իսկ փորձի դեպքում՝ մենք զրկվելու ենք այսօր բյուջեի համար կենսական նշանակություն ունեցող հատկացումներից:
ՀՀ կառավարության միջնաժամկետ ծրագրով նախատեսվում է աստիճանաբար ձերբազատվել բյուջեում արտաքին աղբյուրներ ներառելու պրակտիկայից եւ անցնել ֆինանսավորման ներքին աղբյուրներին: Մասնավորապես նախատեսվում է. բյուջետային պակասորդի ներքին աղբյուրների ավելացում 2003թ. 0,1%-ից՝ մինչեւ 0,7%՝ 2015թ (գերազանցապես պետական արժեթղթերի թողարկումից ստացվելիք մուտքերի հաշվին): 2004թ. համախմբված բյուջեի ֆինանսավորումն արտաքին աղբյուրների հաշվին կազմել է 5%` ՀՆԱ-ի նկատմամբ, 2015-ին այն նախատեսվում է հասցնել 2,1%-ի: Այսինքն, անկախ հարցի կարեւորությունից, ստիպված ենք հաշվի նստել այն դառն իրականության հետ, որ քանի դեռ մեր երկրի բյուջեն կախված է արտաքին ֆինանսավորումից, ավանդները վերադարձնելը հարվածի տակ է դնելու ողջ տնտեսությունը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Եվ այս պահին այնքան էլ էական չէ, թե ՀՀ նախագահը երբ է նախատեսում այդ հարցն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծել` փետրվարի՞ն, թե՞ մարտին, որովհետեւ միեւնույն է, առնվազն առաջիկա 10 տարիներին բյուջեի կախվածությունը արտաքին ֆինանսավորումից մնալու է որոշիչ, եւ նույնիսկ ամենահեղինակավոր հանձնաժողովի եզրակացությունը ոչինչ չի փոխելու: Կարելի է փաստել, որ նման հանձնաժողով ստեղծելու առաջարկն ընդամենը իրավիճակի լարվածությունը թուլացնելու փորձ է եւ ոչ ավելին: Այնպես որ, ավանդների վերադարձի խնդիրը ներկա իշխանություններին բախտ չի վիճակվի լուծել: