«ՄՀՀ-ում մինչեւ աշուն հաշվելու ճուտ չի մնա»

13/07/2006 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

«Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության Սեւանի տարածքային կառույցի գրասենյակից ոմն Գարիկ, ով պատասխանում էր մեր հեռախոսային հարցերին, ասաց, որ կուսակցությունում բացի իրենից այդ պահին եւ օրվա հիմնական մասը ոչ մի մարդ չկա: Բոլորը, ինչպես նշեց մեր զրուցակից Գարիկը, վաղուց գնացել են իրենց գործերով, քանի որ «հույսները կտրել են, թե այդ կուսակցությունից ինչ-որ բան գլուխ կգա»: Նա հավատացնում էր, որ իրենց «ռայոնում» շատ անորոշ վիճակ է. մեկն ասում է` լավ կլինի, մյուսը` ոտուգլուխ թափ տալով` հասկացնում է, որ ոչ մի հեռանկար այդ կուսակցությունը չունի: «Վահրամ Բաղդասարյանն ասում է` «Ճտերն աշնանն են հաշվում», ու ՄՀՀ-ի կոնկրետ անդամների թիվն էլ աշնանը կհաշվեն, բայց ա՛յ քուր ջան, աշնանն էլ ՄՀՀ-ում ճուտ չի մնա, որ ինքը գա ու հաշվի: Սեւանում վատ է վիճակը, չգիտենք ինչ անենք, ինչքան սպասենք: Մի ամիս առաջ գործը թափով առաջ էր գնում, իսկ հիմա կանգնել ա: Խաբար չունենք, թե սրա վերջն ինչ ա լինելու»,- ասում էր Գարիկը:

Գրեթե նույն վիճակն էր նաեւ Տաշիրի տարածքային կառույցում. այնտեղից մեզ պատասխանեցին, որ գրասենյակը մեկուկես ամիս առաջ լրիվ ուրիշ ռեժիմով էր աշխատում` շատ ակտիվ էր ու «իր անելիքն իմացող», իսկ հիմա սպասողական վիճակ է: «Գալիս ենք, մի երկու ժամ նստում, զրուցում, գնում ենք: Բա ի՞նչ անենք»,- պատասխանում էր մեր զրուցակիցը: Մեր հարցին, թե ինչի՞ն են սպասում, եթե չգիտեն, թե որն է իրենց անելիքը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Սպասում ենք` տեսնենք Կարեն Կարապետյանն ինչ է անում… մենք նրա հետ ենք, չգիտեի՞ք: Մենք նրա թիմից ենք, որտեղ ինքը` ընդեղ մենք»: Այսինքն` ՄՀՀ վիճակը գոնե Տաշիրում բավական լուրջ է, որովհետեւ եթե, ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, Կարեն Կարապետյանն անդամակցի ՀՀԿ-ին, ապա ՄՀՀ Տաշիրի տարածքային գրասենյակն իր ողջ անձնակազմով հետեւելու է նրան ու աշխատելու է ՀՀԿ-ի համար. «Ինքը մեր պատգամավորն է, մենք իրան հարգում ենք, ինքը ոնց կասի` տենց էլ կանենք, եղա՞վ»,- ասաց գրասենյակի աշխատակիցը:

Չնայած տարածքային կառույցներում ներգրավված ՄՀՀ համախոհների հոռետեսական տրամադրվածություններին, ՄՀՀ կուսակցության համահեղինակ, պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը խիստ լավատես է: Երեկ նա հանդիպում էր Վանաձորի ակտիվի հետ, իսկ առաջիկա օրերին կայցելի նաեւ մյուս մարզեր ու տեղում հանդիպումներ կկազմակերպի ժողովրդի ու կուսակցության տարածքային կառույցների հետ: «Մեզ համար որեւէ վտանգավոր բան չկա. մենք աշխատում ենք, տարբեր հանդիպումներ ենք ունենում, իսկ ով հիասթափված է, ուրեմն ճիշտ չի ընտրված: Մոտ օրերս ժողովներ ենք կազմակերպելու տարբեր մարզերում, ու վերազինումներ ենք իրականացնելու կառույցներում: Այսինքն` ստրատեգիան փոխելու ենք,- ասում է Վահրամ Բաղդասարյանը,- եւ ով մինչ օրս չի հասկացել, թե ինչով է զբաղվում այս կուսակցությունը` իր տեղը կզիջի ուրիշին»: Վ. Բաղդասարյանը մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ իրենց կուսակցությունը բազմաթիվ անելիքներ ունի, բայց դրանք իրականացնելու համար մարդկային լուրջ ռեսուրս է անհրաժեշտ: «Մենք շոուների հետեւից չենք ընկնում: Ինչքան ծանր լինես, այնքան դմփոցով կընկնես գետնին, իսկ մենք չենք ուզում նման իրավիճակում հայտնվել: Մենք հանգիստ մեր գործն ենք անում»,- վստահեցնում էր Վ. Բաղդասարյանը: Ի պատասխան իր կուսակիցների հայտարարություններին, թե մինչեւ աշուն ՄՀՀ-ում հաշվելու համար ճուտ չի մնա, Վ. Բաղդասարյանն ասաց. «Այդ մարդկանց համար ճուտ չի մնա, որովհետեւ մենք այս օրերին անպայման ճշգրտումներ պետք է անենք կուսակցության տարածքային կառույցներում, ու նման հայտարարություն անողներից պետք է ազատվենք»: «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության համագումարը, ինչպես նշեց Վահրամ Բաղդասարյանը, հավանաբար տեղի կունենա հոկտեմբեր ամսին, իսկ մինչ այդ իրենք կաշխատեն կուսակցությունն ամրապնդել ու հանդիպումներ կազմակերպել տարբեր մարզերում:

Վ. Բաղդասարյանն էլ, մյուս քաղաքական գործիչների նման, ովքեր վերջին շրջանում կուսակցաշինական նախաձեռնությամբ էին հանդես եկել, խոստովանում է, որ դա բավական բարդ գործընթաց է: «Չես կարող բոլորին ճանաչել ու վստահ ասել, որ` վերջ, այստեղ ամեն ինչ նորմալ է: Տարբեր մարդիկ են, տարբեր բնավորություններով, ի՞նչ իմանաս, թե ինչ կարող է նա անել»,- ասում էր Վ. Բաղդասարյանը` վստահեցնելով, թե միայն այդ պատճառով իրենք նույն մարզում ոչ թե մեկ կամ երկու, այլ բազմաթիվ հանդիպումներ են կազմակերպում: Բայց միեւնույն է` որոշ ժամանակ անց անհրաժեշտություն է ծագում եւս մեկ անգամ այցելել ու տեղում համոզվել, թե ինչ է կատարվում այնտեղ: Հարցրինք, թե զուտ մարդկային ռեսուրսների առումով իրենք պրոբլեմներ չե՞ն ունենում, քանի որ Հայաստանում գրանցված

70-ից ավելի կուսակցությունների պարագայում նորաստեղծ կուսակցությունների համար դժվար է անկուսակցական մարդ գտնելն ու իր համախոհ դարձնելը: Մարզերում նույնիսկ դեպքեր են գրանցվում, որ մեկ անձը միանգամից մի քանի կուսակցության անդամ է` կուսակցական տոմսերով: Այս առնչությամբ Վ. Բաղդասարյանն ասաց. «Այո, իսկապես դժվար է, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այսինչ մարդը 2-3 կուսակցության տոմս չունի: Այդպիսին է այսօրվա քաղաքական իրավիճակը»:

Ի դեպ, Վ. Բաղդասարյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է լինելու ՄՀՀ հետ, եթե հանկարծ Կարեն Կարապետյանն անդամագրվի ՀՀԿ-ին, քանի որ ՄՀՀ կառույցների շատ ակտիվիստներ միավորվել են ՄՀՀ շուրջը ոչ թե հանուն Հայաստանի, այլ հանուն Կարեն Կարապետյանի: «Իսկապես իրավիճակ է փոխվել, դրա համար էլ ասում եմ, որ մենք պետք է նոր վերազինումներ կատարենք կուսակցության տարածքային կառույցներում»,- ասաց ՄՀՀ համահեղինակ Վահրամ Բաղդասարյանը` ավելացնելով, թե իրենք նմանատիպ գործընթացներ արդեն իրականացրել են Արագածոտն, Գեղարքունիք մարզերում:

Հ. Գ. Ի դեպ, «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունը նախորդ շաբաթվա տվյալներով` ուներ 29 հազար 750 անդամ: Անդամակցությունը դեռեւս շարունակվում է, ու չի բացառվում, որ այն արդեն հասած լինի 30.000-ի: