Հուլիսի 9-ի վաղ առավոտյան, Մոսկվայի ժամանակով ժամը 07:44-ին Իրկուտսկի օդանավակայանում վայրէջք է կատարում «Սիբիր» ավիաընկերության Ա-310 ինքնաթիռը, որը թռել էր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից: Օդանավի հրամանատարը դիսպետչերին հաղորդել է «հաջող» վայրէջքի մասին, սակայն այնուհետեւ ինքնաթիռը շրջվել է, դուրս եկել թռիչքուղուց եւ բախվելով բետոնե պատերին` մտել է օդանավակայանի մերձակա շինարարական կոոպերատիվի մեջ: Ականատեսների խոսքերով, ինքնաթիռն ու կոոպերատիվն անմիջապես սկսել են վառվել: Ռուսական լրատվամիջոցների տվյալներով, օդանավում այդ պահին եղել է մոտ կես տոննա վառելիք:
Հրշեջներին եւ փրկարարներին հաջողվել է արագ հանգցնել հրդեհն, ինչից հետո սկսվել են փրկարարական աշխատանքները: Դեպքի վայր են ժամանել ՌԴ ԱԻՎ ղեկավար Սերգեյ Շոյգուն, Տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, «Սիբիր» ավիաընկերության գլխավոր տնօրենը եւ «Էյրբասի» ներկայացուցիչներ:
Ա-310-ի ուղեւորներից շատերը ծանր այրվածքներով ու կոտրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Տասնյակ մարդիկ, ովքեր ինքնուրույն դուրս են եկել ինքնաթիռից, արդեն տանն են: Վթարի ենթարկված օդանավի ուղեւորների ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ: «Դոմոդեդովոյի» տվյալներով, բորտում եղել են 202 մարդ` 193 ուղեւոր եւ ինքնաթիռի 9 հոգանոց անձնակազմը: «Սիբիրի» տվյալներով, ուղեւորների թիվը եղել է 201, իսկ ՌԴ ԱԻՎ-ը պարզել է, որ բորտում անօրինական ձեւով հայտնվել են 3 չգրանցված ուղեւորներ: Նախնական տվյալներով, զոհվել է 124 մարդ, վիրավորվել` 70-ը, իսկ 12-ին չի հաջողվել գտնել: Հիմնականում փրկվել են նրանք, ովքեր եղել են օդանավի պոչի հատվածում: Նկատենք, որ Ա-310-ում եղել է մեկ հայ` Կարեն Անդրեասյանը, որից դեռ տեղեկություններ չկան:
Ավիավթարի պատճառները դեռ հայտնի չեն: Սեւ արկղերը երեկ տարվել են վերծանման, սակայն նախնական վարկածներն արդեն շրջանառվում են: Հիմնական վարկածն
Ա-310-ի անսարքությունն է, մասնավորապես այն, որ ինքնաթիռի արգելակները չեն աշխատել: ՌԴ ԱԻՎ մասնագետները գտնում են, որ օդանավում վայրէջքի պահին հրդեհ է բռնկվել: Այս եւ մարդկային գործոնը ՌԴ Գլխավոր դատախազությունը համարում է ամենահավանական վարկածները: Մինչդեռ «Սիբիր» ավիաընկերությունը կտրականապես հերքում է դրանք` մատնացույց անելով ինքնաթիռի տեխզննման տարբեր փաստաթղթերն ու իրենց օդաչուների բարձր մասնագիտական հմտությունները: Ավիավթարի եւս մեկ վարկած, որի դեպքում պատասխանատվությունն ընկնում է Իրկուտսկի օդանավակայանի վարչական անձնակազմի վրա, առաջ է քաշել Իգոր Լեւիտինը: «Ինքնաթիռն ինքնուրույն վայրէջք է կատարել, օդաչուները հաղորդել են այդ մասին, ինչից հետո կապն ընդհատվել է»,- հայտարարել է ՌԴ Տրանսպորտի նախարարը: Նրա տվյալներով, անձրեւից հետո թռիչքուղին դեռ թաց է եղել, ինչն էլ կարող էր օդանավի անկառավարելիության պատճառ հանդիսանալ:
Մինչ Ա-310-ի ավիավթարի պատճառով երեկ Ռուսաստանում սգո օր էր հայտարարված, ռուսական մեկ այլ ավիաընկերություն նոր «անակնկալ» է մատուցում: «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության «Տու-154» ինքնաթիռը Վլադիվոստոկ-Եկատերինբուրգ թռիչքն իրականացնելիս վթարային վայրէջք է կատարում կրկին Իրկուտսկի օդանավակայանում: Բորտում եղել են 130 ուղեւորներ եւ օդանավի 9 հոգանոց անձնակազմը: Բարեբախտաբար, այս անգամ զոհեր չեն եղել: Օդանավակայանի ներկայացուցչի խոսքերով, մոտ 3 ժամ ինքնաթիռն օդում պտտվել է, այնուհետեւ վայրէջք կատարել: Իսկ ավիաընկերությունից հաղորդել են, որ «օդանավի հրամանատարը չպլանավորված վայրէջքի որոշումը ընդունել է պոչային 2 շարժիչներից մեկում վառելիքի ծախսը ցույց տվող սարքի փչանալու պատճառով»: Իսկ հուլիսի 8-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում մեկ այլ չպլանավորված իրավիճակ էր ստեղծվել. հետաձգվել էր Երեւան-Սամարա չվերթը: ՀՀ ԿԱ ՔԱԳՎ տվյալներով, ռուսական «Սամարա» ավիաընկերությանը պատկանող «Յակ-42» օդանավի անձնակազմը հաղորդել է տեխնիկական անսարքությունների մասին, ինչի պատճառով հետաձգվել է չվերթը, այսինքն` տեղի է ունեցել «ընդհատված թռիչք»: Այդ ընթացքում 100 ուղեւորներ անորոշությամբ սպասում էին իրենց թռիչքին: Ավիաընկերության «Զվարթնոցի» ներկայացուցչության դուռը փակ էր, եւ ոչ ոք որեւէ տեղեկություն չէր տրամադրում ուղեւորներին: Ինչպես տեղեկացանք ՔԱԳՎ պետի մամուլի խոսնակ Գայանե Դավթյանից, ուղեւորներն, այնուամենայնիվ, Սամարա մեկնել են, միայն թե նույն օրը ուշ երեկոյան եւ մեկ այլ` «Տու-154» ինքնաթիռով: Միջադեպի հետ կապված` ՔԱԳՎ-ն աշխատանքային հանձնաժողով էր ստեղծել, որը պետք է պարզեր կատարվածի պատճառները: Ըստ հանձնաժողովի նախնական եզրակացության, ցածր արագության տակ անջատվել է օդանավի շարժիչը, ինչի պատճառով խափանվել է «Յակ-42»-ի էլեկտրոնային կառավարման համակարգը, որը պաշտպանիչ ֆունկցիա է կատարում ինքնաթիռի համար: Տեխզննումից հետո թերությունը վերացվել է, եւ հանձնաժողովը թույլատրել է օդանավի վերադարձը Սամարայի տեխնիկական բազա, որտեղ եւս պետք է շարունակվի ինքնաթիռի զննումը: Փաստորեն, պաշտոնական եւ ոչ պաշտոնական տվյալներով, բոլոր 3 դեպքերի մեղավորները ռուսական ավիաընկերություններն են` իրենց ինքնաթիռների անսարքությամբ: Իսկ դրանք ԱՊՀ երկրներում եւ մասնավորապես` Հայաստանում մեծ թիվ են կազմում` սպառնալով նաեւ հայաստանցի ուղեւորների անվտանգությանը:
Հ. Գ. Նկատենք, որ մայիսի 3-ին Երեւան-Սոչի չվերթն իրականացնող «Արմավիայի» Ա-320-ի ավիավթարի հավանական մեղավորների շարքում նույնպես իրենց տեղն ունեն ռուսները: Մասնավորապես, Ադլերի օդանավակայանի` «անհայտ կորած» դիսպետչերի մեղավորությունը մնում է ողբերգության հնարավոր վարկածներից մեկը: Չմոռանանք նաեւ, որ չարաբաստիկ Ա-320-ը հենց «Սիբիր» ավիաընկերության ժառանգությունն էր: Եվ ընդհանրապես, «Արմավիայում» դեռ զգացվում է ռուսական «ձեռագրի» առկայությունը: