«Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի կանցկացվի Ղարաբաղում, բայց այն կկրի «Բազեի օրերն Արցախում» համահայկական երիտասարդական փառատոն անվանումը, որին մասնակցություն կունենան 9 ջոկատ` Սփյուռքից, Հայաստանից եւ Արցախից: Փառատոնի կազմակերպիչը Համահայկական երիտասարդական հիմնադրամն է: Այն կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը: ԼՂՀ Կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության արտադպրոցական եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Մարիաննա Հակոբյանի խոսքերով, տարբեր երկրների հայ երիտասարդները հանդես կգան երգ, պար, ասմունք, նորաձեւություն, նկարչություն, քանդակ ժանրերում եւ սեղանի թենիս, շախմատ, վոլեյբոլ, մինի ֆուտբոլ մարզաձեւերում, ինչպես նաեւ` կկազմակերպվի «Բրեյն-թեստ» ինտելեկտուալ մրցույթ: Երիտասարդները հանդիպումներ կունենան Ղարաբաղի պաշտոնյաների հետ, ինչպես նաեւ` Հայաստանից ժամանած երգիչ-երգչուհիների հետ միասին համերգներով հանդես կգան ԼՂՀ շրջաններում: Մ. Հակոբյանի հավաստմամբ, փառատոնի անցկացման համար ստեղծված է կազմկոմիտե, որի աշխատանքներն արդեն սկսվել են: