Նախորդ շաբաթվա վերջին Ռուսաստանը փակեց Վերին Լարս հսկիչ-անցագրային կետը՝ ռուս-վրացական միջպետական սահմանի միակ ընդհանուր ճանաչում ունեցող ՀԱԿ-ը: Սահմանի անսպասելի փակումը, որ կապված է վերանորոգման աշխատանքների հետ, արդեն խնդիրներ է հարուցել, քանի որ Վերին Լարսի անցագրային կետի մոտ կուտակվել է մոտ 100 միավոր ավտոտրանսպորտ, եւ մոտ 150 մարդ սպասում են ռուսական սահմանն անցնելու թույլտվության: Իրավիճակը պարզաբանելու փորձեր արեց միայն սահմանամերձ Մցխեթ-Թիանետի շրջանի նահանգապետ Վասիլի Մագլաթերիձեն. «Ռուսաստանցի սահմանապահներն անձնական զրույցի ժամանակ ինձ ասել են, որ սահմանը 4 ամիս փակ կլինի, իսկ պաշտոնական մակարդակով խոսվում է երկու շաբաթվա մասին: Ամեն դեպքում, պետք էր մեզ նախազգուշացնել: Սահմանամերձ շրջանների բնակիչները, որ սահմանն առանց անցագրի հատելու արտոնություններ ունեին, արդեն լուրջ դժվարություններ ունեն»:
Ավելի մեծ դժվարություններ են ծագել Հայաստանի համար, որն օգտվում էր այդ ճանապարհից՝ Ռուսաստան գյուղմթերքներ արտահանելու նպատակով: Հենց դրան էլ անդրադարձավ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին այս օրերին Բաթումում տեղի ունեցող հայ-վրացական բիզնես-համաժողովի ժամանակ: «Խոշոր հաշվով՝ ցամաքային ճանապարհի փակումը մեզ համար այնքան էլ էական չէ, քանի որ Ռուսաստանի կողմից մտցված բեռնարգելքի պատճառով դրա տնտեսական նպատակահարմարությունը դարձել է նվազագույն: Սակայն նույնը չի կարելի ասել մեր հայ բարեկամների մասին»,- հայտարարեց Նողաիդելին: Նրա գործընկեր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը լրագրողներին ավելի մտահոգ ներկայացավ. «Դա ծանր հարված էր գյուղմթերք արտադրողների համար: Մենք արդեն սկսել ենք աշխատել դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհներ գտնելու ուղղությամբ: Խոսքը վրացական Փոթի նավահանգստի եւ Նովոռոսիյսկի մասին է: Սակայն ես հույս ունեմ, որ շուտով սահմանը կբացվի»,- իր մտահոգությունն արտահայտեց Հայաստանի վարչապետը:
Սակայն Մարգարյանի լավատեսությունը կարող է անհիմն դուրս գալ: Ռուսաստանը վերջին տարիներին սովորեցրել է մեզ իր քաղաքական ուրույն լկտիությանը՝ բացառություն չանելով նույնիսկ նրանց համար, ում անվանում է իր ռազմավարական դաշնակիցը: Տվյալ դեպքում նկատի ունեմ Հայաստանին: Այնպես որ, ելնելով այս ամենից, սահմանի բացումը դարձել է «Ռուսաստանի նեղ անձնական գործը»: Թբիլիսին այդպես էլ չկարողացավ պարզել ոչ Վերին Լարս հսկիչ-անցագրային կետի փակման պաշտոնական պատճառները, ոչ էլ այն, թե վերջապես երբ այն կվերսկսի աշխատանքը, եւ կվերականգնվի Ռուսաստանի ուղղությամբ երթեւեկությունը: Հատուկ ճեպազրույցի ժամանակ փոխարտգործնախարար Մերաբ Անթաձեն հայտարարել է. «Չնայած մեր նախարարության աշխատակիցների եւ անձամբ իմ բազմաթիվ փորձերին՝ ՌԴ-ի ԱԳՆ-ից մեզ չհաջողվեց որեւէ բացատրություն ստանալ մեզ հետաքրքրող հարցերի շուրջ»: Նրա խոսքերով՝ ամեն դեպքում Ռուսաստանը խախտել է միջպետական համաձայնագրի պայմանները, համաձայն որոնց` նման իրավիճակ ծագելու դեպքում կողմերը պարտավոր են միմյանց ժամանակին զգուշացնել: Նա խախտել է նաեւ միջազգային համընդհանուր էթիկայի նորմերը: «Ես չեմ բացառում եւ այն, որ մենք գործ ունենք Մոսկվայի անսպասելի ռեակցիայի հետ՝ կապված մեր նախագահի՝ վերջերս ԱՄՆ կատարած հաջող այցի հետ»,- ասաց Անթաձեն:
Եթե դա այդպես է, ապա մի ճշգրտում անենք. Ամերիկայում գտնվելու վերջին օրը Վրաստանի նախագահը չկարողացավ իրեն զսպել եւ հերթական անգամ չհարձակվել Մոսկվայի վրա՝ անդրօվկիանոսյան լսարանին հայտնելով, որ դեպի Գուդաուտիի նախկին ռազմաբազա, որը ոչնչացվել էր ռազմավարական սպառազինությունների կրճատման Ստամբուլյան համաձայնագրի շրջանակներում, մեծ քանակությամբ ռուսական ժամանակակից տեխնիկա եւ զենք է տեղափոխվում: Թերեւս հենց սա կարող էր հավասարակշռությունից հանել Մոսկվային, եւ ոչ թե Սահակաշվիլիի այցը: