Կենդանիների կենսապայմաններն էլ այգու հիմնադրումից մինչ օրս չեն փոխվել: Իսկ նախկինում մեր այգին համարվում էր տարածաշրջանի Կենդանաբանական լավագույն այգիներից մեկը: Կենդանաբանական այգու փոխտնօրեն Սամվել Ղահրամանյանն ասում է, որ մեր Կենդանաբանական այգին ուղղիչ-աշխատանքային գաղութի նախագծով է կառուցվել, իսկ իրեն՝ փոխտնօրենին, շատերն անվանում են ռեժիմի պետ: Վերջինս համարում է, որ արտակարգ աշխարհագրական դիրք ունեցող մեր այգում պետք է լուրջ ներդրումներ արվեն, ինչի արդյունքում մենք կարող ենք ունենալ կենդանաբանական հրաշք մի կղզի. «Այս արգելապատնեշները պիտի վերանան եւ կառուցվեն ազատավանդակներ, որտեղ կենդանիների գոնե մինիմում պայմանները կապահովենք: Նույնիսկ Մոսկվայի այգում վանդակներ չկան, փոսեր, ձորակներ են, որտեղ կենդանին ապրում է, իսկ կողքից առվակ է հոսում, ընդ որում, անվտանգության բարձր մեխանիզմներով է արվում այդ ամենը»,- ասում է Ս. Ղահրամանյանն, ում առաջարկները բարձրաստիճան պաշտոնյաների կամ մեծահարուստների կողմից խրախուսվում են, սակայն գործնականում որեւէ աջակցություն չի ցուցաբերվում:
Կենդանաբանական այգու կյանքում այս տարվա փոփոխությունն այն է, որ այգու կենդանիները նոր սերունդ են տվել: Ծնվել են առյուծի, գայլի չորսական ձագեր, եղնիկի 3 ձագ, մուֆլոններ, ուլեր, կարապներ, սիրամարգեր, փասիաններ: Սակայն այս տարի Կենդանաբանական այգում նաեւ մահվան դեպք է արձանագրվել՝ ուղտ է սատկել: Թեեւ այգուն բյուջեով հատկացվող գումարն ավելացել է, այդուհանդերձ, բավարար չէ, որպեսզի այգու անբարենպաստ պայմանները բարեփոխվեն: «Շատ ծրագրեր կան, որոնք դեռ միայն ծրագիր են, իրագործելը բարդ է: Կոալաներին պետք է տեղափոխել, ավելի մեծ տեղ հատկացնել: Վագրերի տեղը պետք է մի քիչ բարելավել, որովհետեւ երիտասարդ վագրեր են, եւ նպատակ ունենք բազմացնելու, էդ վանդակի մեջ մեղք են: Մի հատ թող էդ իշխանավորները գան, իրենց քիթումռութն ուղղեն դեպի վագրերի վանդակն ու մտածեն, թե ինչքանով է ճիշտ կենդանուն այդպես տանջելը»,- ասում է Ս. Ղահրամանյանը՝ վստահեցնելով, որ այգու կենդանիները նման պայմաններից չեն կարող իրենց լավ զգալ: Ըստ Ս. Ղահրամանյանի, վերին էշելոններում թքած ունեն իր նշանակությամբ միակ պետական այս հաստատության վրա: Անգամ Հայաստան այցելող զբոսաշրջիկները` շրջելով եւ ծանոթանալով այգու պայմաններին, մեր կենդանիների մասին ցավով են արտահայտվում: Ինչեւէ, կենդանիների բիզնեսի ամենահայտնի երկիրը համարվող Հոլանդիայում, օրինակ, շուկան թե՛ անհատներին, թե՛ Կենդանաբանական այգուն թույլ է տալիս մեծ շահույթներ ստանալ: Ինչպես Հոլանդիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում գոյություն ունի նաեւ սեւ՝ ստվերային շուկա, որտեղ հիմնականում Աֆրիկայից պանտերա կամ այլ կենդանիներ են ներմուծում եւ վերավաճառում թանկ գներով: Անշուշտ, նաեւ կենդանիներ են բազմացնում: Ի դեպ, աշխարհում հազվադեպ եւ թանկարժեք կենդանիներից են տապիրը եւ ավստրալիական սեւ կակադուն: Վերջինիս գինը հասնում է 100.000 դոլարի: Հայաստանում կենդանիների շուկան սահմանափակվում է սիրամարգերի եւ մանր-մունր կենդանիների վաճառքով, որը տեղի է ունենում օրենքի շրջանակներում, սակայն, ինչպես ամենուր, մեզանում էլ կա ստվերային շուկա: Բացի այն, որ ներքին շուկա գրեթե չկա՝ նաեւ դրսի աշխարհի հետ կենդանիների բիզնեսում մենք մեկուսացած վիճակում ենք, մինչդեռ այդ առեւտուրը նույնպես կարող էր մեր երկրին մեծ եկամուտներ բերել: Չնայած մեր Կենդանաբանական այգին Չեխիայից` զեբր, իսկ Ուկրաինայից՝ անտիլոպ ներմուծելու պայմանագրեր ունի, այդուհանդերձ, կենդանիներին տեղափոխելու համար անհրաժեշտ գումարներ չկան: Չեխիայից 1 զեբր տեղափոխելու համար պահանջվում է մոտ 10.000 դոլար: Շատ երկրների Կենդանաբանական այգիներ շահույթ են ստանում նաեւ կենդանիների բիզնեսից, սակայն մեզ մոտ, լավագույն դեպքում, գործում է կենդանիներ փոխանակելու տարբերակը: «Հայերը չեն սիրում կենդանի: Այգու հաճախորդների վարքից էլ կարելի է որոշել, թե ինչքանով են սիրում կենդանի: Ես արտասահմանյան կամ ԱՊՀ երկրների այգիների հետ երբ համեմատում եմ, մեր այցելուներն ահավոր վարքագիծ են ցուցաբերում: Նույն օլիգարխների վերաբերմունքն էլ է ահավոր…»,- ասում է այգու փոխտնօրենը, ով Սիդնեյի Կենդանաբանական այգին երկարատեւ ուսումնասիրելուց հետո հանգել է այն համոզմունքին, որ դրսի օլիգարխները կենդանի սիրող մարդիկ են: Այդ մարդկանց նախասիրություններից կարելի է պատկերացում կազմել նաեւ նրանց բարոյական հատկանիշների, արժեքային համակարգի մասին: «Գրեթե 80% վանդակների մոտ քարեր էր դրված, որտեղ նշված է, թե որ կենդանուն որ օլիգարխը կամ ֆիրման է հովանավորում: Դա` այն դեպքում, երբ այգին պետական մեծ հովանավորություն ունի: Ենթադրենք` մի օլիխարգի յագուար կամ մեկ այլ կենդանի դուր է գալիս, փող ունի, որոշում է ամսական 3000 կամ 500 դոլար փոխանցել, որ, օրինակ, կերն ավելի որակով լինի: Բարձր վերաբերմունք է»,- վստահեցնում է Ս. Ղահրամանյանն՝ ասելով, որ մեր այգում հաճախակի են վիճաբանություններ եւ միջադեպեր լինում կենդանիների հանդեպ այցելուների վատ վերաբերմունքի պատճառով: «Հայրը իր 2 երեխաներին բերել է այգի ու, թվում է, շատ լավ բան է արել իր երեխաների համար: Նույն այդ մարդը ճյուղը վերցրել, ուզում է գայլի աչքին խփել: Տեսնում եմ, որ գայլը կատաղում է վանդակի մեջ: Հարցնում եմ՝ կներե՛ք, ի՞նչ եք անում: Ասում է՝ դե՛, երեխեքը մի բանով պիտի զբաղվե՞ն, թե՞ չէ: Ու իրեն թվում է, որ իր արած գազանությունը երեխեքի աչքին քաջություն է, դրանով պիտի երեխեքը զբաղվեն: Դա ինձ կատաղեցնում է, ու ես էդ ճյուղով ուզում եմ իր աչքը հանել, բայց քանի որ երեխեքի հետ է…»,- վրդովված պատմում է փոխտնօրենը՝ հավատացնելով, որ կենդանիների հանդեպ սեր չկա, քանի որ ոմանք իրենց համարում են բարձր «կաստայի» երեւույթներ: Այնպես որ, հայ օլիգարխները սիրում են միայն յագուարի մեքենան, ոչ թե կենդանին:
Պաշտոնյաներն իրենց երեխաներին գերադասում են տանել Սան Դիեգոյի կենդանաբանական այգի
Պարզվում է՝ մեր պաշտոնյաներից քչերը եւ այն էլ շատ հազվադեպ են այցելում Կենդանաբանական այգի: Քաղաքական միակ գործիչը, ով պարբերաբար թոռնիկին բերում է այգի զբոսանքի՝ Շավարշ Քոչարյանն է: Մեր այն հարցին, թե առհասարակ բարձրաստիճան մեր պաշտոնյաների երեխաներն այցելո՞ւմ են Երեւանի Կենդանաբանական այգի, Ս. Ղահրամանյանն այսպես պատասխանեց. «Չէ՛, նրանք մեր այգի չեն գալիս, գնում են Սան Դիեգոյի այգի»: Ըստ Ս. Ղահրամանյանի, այնուամենայնիվ, կան հազվագյուտ մարդիկ, ովքեր հոգատարություն են ցուցաբերում այգու կենդանիների հանդեպ: Օրինակ, այգու փղին «քավորություն» է անում «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը, ով ամսական 200.000 դրամ հատկացնում է փղին: Ի դեպ, անցյալ տարի այգու տնօրեն Սահակ Աբովյանը մեզ վստահեցնում էր, որ 11-ամյա փղի համար զուգընկեր են բերելու, սակայն առայսօր երկրորդ փիղը չի բերվել Հայաստան: «Դե՛, հո խոստանալո՞վ չի: Հնդիկներն իրենց փղին թույնեցին, որ չգա Հայաստան: Ասացին` թունավորվել-սատկել է, բայց դե՛, ոնց որ մեր Ապարանում լիքը էշ կա, էնտեղ էլ էդքան փիղ կա, հո էդ մեկո՞վ չէ, բայց մենք աշխատանքներ տանում ենք էդ ուղղությամբ, ընդ որում, Հ. Վարդանյանը պատրաստակամ է գումար հատկացնել»,- ասաց Ս. Ղահրամանյանն՝ ավելացնելով, որ այգուն օգնում է նաեւ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Թեեւ վերջինս ունի իր անձնական կենդանաբանական այգին, այդուհանդերձ, Կենդանաբանական այգու փոխտնօրենի հավաստմամբ՝ նա մեծ օգնություն է ցուցաբերել առյուծներին: «Ես կխնդրեի, որ այս մասին գրեք, որովհետեւ լավ բաները պետք է ասվի: Մի քանի քաղաքապետերի դիմել եմ՝ ասելով, որ մեզ ջրի ցիստեռն է պետք: Պատահում էր, որ այս ամառվա սեզոնին 3-4 օրով ջուր չէր լինում: Կենդանիների ջրի խնդիրը հրատապ էր: Ծառուկյանին ասացի՝ 30 վայրկյան հետո մենք ջրի ցիստեռն ունեինք: Մի զանգով այդ հարցը լուծեց, նվիրեց գազանանոցին»,- պատմում է Ս. Ղահրամանյանը՝ վստահեցնելով, որ այդ խնդրի համար շատերին էր դիմել, սակայն մերժել էին:
Հ.Գ. Վերջերս Կիեւի Կենդանաբանական այգում մի ադրբեջանցի, չգիտես՝ ինչու, մտել էր առյուծի վանդակ: Կենդանին, բնականաբար, հոշոտել էր նրան: Այս միջադեպից հետո շատերն այդ դեպքի հետ կապված՝ զանգահարել են Երեւանի կենդանաբանական այգի. «Զանգում, հարցնում են, թե էդ առյուծը Հայաստանից տարած առյուծ էր, չէ՞,- ասում է Կենդանաբանական այգու փոխտնօրեն Ս. Ղահրամանյանը: -Բայց թե ինչո՞ւ են որոշել, որ պիտի հայկական առյուծ լինի՝ չգիտեմ: Մեկը զանգել, ասում է՝ ես ձեր ցավը տանեմ, էդ առյուծին դուք էիք, չէ՞, Կիեւին տվել: Ասում է՝ զանգել եմ, որ շնորհակալություն հայտնեմ: Թե ո՞վ էր ասել, իբր առյուծը մենք ենք տվել: Մենք Կիեւին առյուծ չենք տվել: Ադրբեջանցու պատմությունն էլ հետաքրքիր է: Ասել է՝ Ալլահը ինձ կպահի, բայց, փաստորեն, Ալլահի հետ հաշվարկների մեջ ադրբեջանցին սխալվել է»: