Բանկային համակարգը՝ մեկ էջում

13/07/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Այն քաղաքացիներն, ովքեր ցանկանում են ինֆորմացիա ստանալ ՀՀ բանկային համակարգի, տարբեր բանկերի կողմից մատուցվող ծառայությունների եւ գների մասին, այսուհետ հնարավորություն ունեն դա անել շատ ավելի հեշտ եղանակով։ «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը երեկ ներկայացրեց իր Banks.am (Ֆինանսական Հայաստան) նախագիծը։ Ինտերնետային այդ պորտալում հավաքված է ՀՀ բանկային ծառայություններին վերաբերող ամփոփ տեղեկատվություն։ «Մեր գործակալությունն ունի 7 տարվա պատմություն, սակայն ֆինանսական տեղեկատվության առումով մեր դիրքերը համեստ էին, եւ մենք որոշեցինք լրացնել այս բացը»,- ասաց «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադեւոսյանը։ Վերջինս նշեց, որ նախագիծն ունի 2 թիրախային խումբ։ Դրանցից մեկը վերաբերում է զուտ բանկային եւ ֆինանսական ոլորտի մասնագետներին։ Կայքէջում լինելու է նեղ մասնագիտական տեղեկատվություն եւ գործելու է ֆորում, որում մուտք կունենան միայն փոքր թվով մարդիկ։ Երկրորդ թիրախային խումբը թերեւս առավել կարեւոր է, քանի որ շոշափում է ավելի մեծ թվով մարդկանց շահերը՝ պոտենցիալ հաճախորդների։ Կայքէջում կա բոլոր բանկերի եւ ֆինանսական այլ կազմակերպությունների մասին համառոտ ինֆորմացիա, ֆինանսական եւ տնտեսական նորություններ։ Տեղադրված է հատուկ գործիք՝ վարկային հաշվիչ, որի օգնությամբ կարելի է մոտավոր պատկերացում կազմել վարկերի գծով վճարվելիք գումարների վերաբերյալ։ Առանձին ներկայացված են հանրությանը հետաքրքրող ֆինանսական ծառայություններ՝ հիպոթեքային վարկեր, ավտովարկեր, ավանդներ, փոխանցումներ եւ այլն։ Banks.am-ի առավելությունն այն է, որ ֆինանսական ծառայությունների պայմանները եւ գներն այստեղ ներկայացված են համեմատական կարգով։ Օրինակ, եթե դուք ցանկանում եք վարկ վերցնել՝ ավտոմեքենա գնելու համար, այլեւս առանձին-առանձին չեք ուսումնասիրի տարբեր բանկերի կայքերը։ Այս ինտերնետ-պորտալն աղյուսակի տեսքով ներկայացնում է բոլոր բանկերի տվյալները՝ վարկի կանխավճարի չափը, առավելագույն գումարը, տոկոսադրույքը, ժամկետայնությունը եւ այլն, որոնց օգնությամբ կարող եք առանց ժամանակ վատնելու ընտրել ձեզ առավել հարմար տարբերակը։

Մյուս կարեւոր հանգամանքը բանկոմատների մասին ինֆորմացիան է։ Պլաստիկ քարտ ունեցողների թվաքանակը գնալով մեծանում է, սակայն համապատասխան բանկոմատների գտնվելու վայրի մասին ինֆորմացիա ստանալը բավական ժամանակ է խլում։ Կայքէջը հնարավորություն է տալիս նշել համապատասխան բանկի անունն ու մարզը, եւ ստանալ տվյալ մարզում գործող բոլոր բանկոմատների հասցեները։ Կայքէջը գործում է անվճար հիմունքներով։ Ինչպես նշեց պրն Թադեւոսյանը, աշնանը կսկսի գործել նաեւ WAP տարբերակը, որը հնարավորություն կտա ծանոթանալ էջի նյութերին նաեւ բջջային հեռախոսների միջոցով։ Ընթերցողներին հիշեցնենք, որ բջջային հեռախոսով ինտերնետին միանալու հնարավորություն (GPRS ծառայություն) առայժմ ընձեռում է միայն «Վիվա Սելլը», այն էլ` միայն պայմանագրային բաժանորդների համար։ Banks.am-ի ստեղծմանն աջակցել է նաեւ Կենտրոնական բանկը։ Ինչպես նշեցին նախաձեռնության հեղինակները, Banks.am-ը զգալիորեն կբարձրացնի բնակչության վստահությունը բանկերի նկատմամբ եւ այս ոլորտը կդարձնի առավել թափանցիկ։ Մյուս կողմից, այս նախաձեռնությունն էապես նպաստում է մրցակցությանը եւ բխում է հաճախորդների շահերից։ Երբ բոլոր բանկերի ծառայությունները, պայմանները եւ գները ներկայացված են միմյանց հետ համեմատության մեջ, եւ այցելուն միանգամից կարող է որոշել՝ որն է ամենաշահավետը, բանկերը ստիպված կլինեն բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը եւ նվազեցնել գները՝ մրցակցությունից դուրս չմնալու համար։