Հուլիսի 6-ին ռուսական «Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթն անդրադարձել էր մայիսի 3-ին Երեւան-Սոչի չվերթն իրականացնող «Արմավիայի» Ա-320 ինքնաթիռի վթարին: Հոդվածագիրը նշել էր, որ շատ հեշտ է ամեն ինչ վերագրել օդաչուներին, ուստի ավիավթարի մեղավորներին պետք է փնտրել ցամաքում: Թերթն առաջ էր քաշել օդանավի անսարքության վարկածը: Մեզ հետ զրույցում ՀՀ ԿԱ ՔԱԳՎ պետի մամուլի քարտուղար Գայանե Դավթյանը նշեց, որ ՔԱԳՎ-ն ոչ մի կերպ չի կարող մեկնաբանել «Մոսկովսկի Կոմսոմոլեցի» հրապարակումը, քանզի «ի սկզբանե վարչությունը որդեգրել է վարկածներ չքննարկելու քաղաքականությունը»: «Այս ամբողջ ընթացքում մենք չենք քննարկել ոչ մի վարկած: Այժմ սպասում ենք Միջազգային ավիացիոն կոմիտեի վերջնական եզրակացությանը, ինչպես նաեւ` ինքնագրիչների վերծանմանը մասնակցած հայաստանցի մասնագետ Գագիկ Գալստյանին: Եվ միայն դրանից հետո հայկական կողմը կհրապարակի իր տվյալները»,- ասաց Գ. Դավթյանը: Իսկ ՄԱԿ-ն իր վերջնական եզրակացությունը կանի 2-3 օրվա ընթացքում: