ԱԺ պատգամավորները երեկվա արտահերթ նիստում կատարեցին իրենցից պահանջվածը՝ առանց ձգձգելու ընդունեցին մեծ թվով օրինագծեր եւ գնացին վաստակած հանգստի։ Իսկ ամենակարեւորը, թերեւս, «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքի ընդունումն էր։
Եթե հիշում եք, այս օրենքի շուրջ բավական տարբեր կարծիքներ կային, եւ խորհրդարանը տապալել էր այն՝ պատճառաբանելով հայտարարագրման ենթակա եկամուտների շեմով։ Օրինագծին դեմ էին արտահայտվել նաեւ ՕԵԿ-ը (որն այն ժամանակ կոալիցիայի անդամ էր), եւ «Ժողպատգամավորը»։ Այս խմբակցությունը, սակայն, երեկ կողմ է քվեարկել օրինագծին։ Մեր թերթի նախորդ համարներից մեկում ներկայացրել էինք խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի տեսակետը, համաձայն որի՝ եթե նախագիծը նորից ներկայացվեր նույն սկզբունքներով, ապա իրենք առաջվա նման դեմ պիտի քվեարկեին։ Իսկ փոփոխություն, այնուամենայնիվ, կատարվել է։ Եթե նախկինում հայտարարագրման ենթակա էին այն անձանց գույքն ու եկամուտները, որոնց տարեկան եկամուտները գերազանցում են 6 մլն դրամը, ապա այժմ այդ շեմը դարձել է 8 մլն։
Ի դեպ, այստեղ մի զավեշտալի զուգադիպություն կա, եթե այդ շեմին նայենք ամսվա կտրվածքով, ապա ստացվում է` եկամուտները պետք է հայտարարագրեն բոլոր այն քաղաքացիները, որոնց ամսական եկամուտները գերազանցում են 666 հազար 666 դրամը: Այսինքն՝ «սատանայի թիվը»։ Առաջիկա տարիներին հայտարարագրվողների թիվը մեծ չի լինի, քանի որ ամսական 666 հազար դրամ (մոտ 1500 դոլար) եւ ավելի օրինական եկամուտ ունեցողներն այնքան էլ շատ չեն։ Այդ շեմն աստիճանաբար նվազելու է եւ 2014թ. կազմելու է տարեկան 1մլն դրամ։ Սակայն դա արվելու է աստիճանաբար՝ օրինակ, 2010թ. հայտարարագրման շեմը կհաստատվի 6 մլն դրամ։
Ընդունված օրենքով պետք է հայտարարագրվի նաեւ այն գույքը, որի արժեքը գերազանցում է 40մլն դրամը։ Իսկ գույքի եւ եկամուտների հայտարարագրերում կեղծ եւ իջեցված տվյալներ ներկայացնելու դեպքում հայտարարագրողը կտուգանվի թաքցրած եկամուտների 10 տոկոսի չափով։
Թե հարկայինը, թե օրենքին կողմ արտահայտվող պաշտոնյաներն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորում էին կոռուպցիայի դեմ պայքարով։ Նրանց թվին է պատկանում նաեւ կոռուպցիայի գծով Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական, այժմ արդեն՝ Կրթության եւ գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը։ Վերջինիս կարծիքով, ֆիզիկական անձանց հետ կապված նման օրենքը կարեւոր է այնքանով, որ պետական պաշտոնյաներից շատերն ունեն «հայկական հնարամիտ մենթալիտետ. իրենց ունեցվածքը գրանցում են զոքանչների, աներների եւ այլ հարազատների անունով»։ Իսկ համապատասխան օրենքի դեպքում հենց այդ հարազատ-բարեկամներին ուղղված հարցեր կառաջանան, եւ խնդիրը կլուծվի։ Հիշեցնենք, որ այստեղ ոչ պակաս դեր ուներ ԳՐԵԿՈ-ի խմբի գործոնը, որն ուղղակի պահանջ էր դրել Հայաստանի առաջ՝ 18 ամսվա ընթացքում ընդունել այդ օրենքը եւ նմանատիպ այլ օրենքներ։
Դե ինչ, ԳՐԵԿՈ-ի, Հարկայինի եւ անձամբ Բագրատ Եսայանի ուզածը եղավ, այսինքն՝ օլիգարխների աներների, զոքանչների եւ քենիների «օդերը փակվեցին»։ Պատգամավորները կարող են համարել, որ կոռուպցիայի դեմ պայքարի գծով իրենցից ինչ հասնում է՝ արեցին։ Այժմ պետք է գործեն մյուսները։ Մնում է սպասել, թե ե՞րբ կտեսնենք կոռուպցիայի դեմ պայքարի առաջին լուրջ արդյունքները։ Հիմա էլ հո չե՞ն կարող գանգատվել օրենքի անկատարությունից։