«Մեզ համար ինքնանպատակ չէր մեզ պարտադրված պատերազմի ժամանակ տարածքներ գրավելը, տարածքները ոչ թե զուտ տարածքների համար գրավեցինք, այլ փորձեցինք ստեղծել մի այնպիսի գոտի, որ հետագայում մեր ժողովուրդը կարողանա արարել իր խաղաղ գործունեությունը, կյանքը»,- հուլիսի 7-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը: Վերջին շրջանում միջնորդների կողմից հայտարարությունների` տարածքների վերադարձման, խաղաղարար ուժերի տեղակայման մասին հարցերին պատասխանելով, նախարարը նշեց, որ դրանք հարցի լուծման բանաձեւի վերջին տարրերն են: «Եթե չկա բանաձեւի առաջին տարրը` մեր ինքնորոշման ճանաչումը, ապա մնացած հարցերի մասին խոսելն արդեն անիմաստ է: Հիմա խոսք անգամ լինել չի կարող նաեւ մեր վերահսկողության տակ գտնվող տարածքներից ղարաբաղյան զորքերի դուրս բերման կամ խաղաղապահ զորքերի տեղակայման մասին, քանի դեռ առաջին կետերի շուրջ պայմանավորվածություններ չկան: Դեռ հայտնի չէ` առաջին կետերի շուրջ լուծումներ ընդունելու դեպքում խաղաղապահներ պետք կլինե՞ն, թե՞ ոչ: Եվ տարածքների հանձնման մասին նույնպես մեկնաբանություններ տալն անիմաստ է: Իհարկե, չենք տա, եթե Ադրբեջանը մեզ չճանաչի»,- ավելացրել է Սեյրան Օհանյանը:
Իսկ թե արդյո՞ք Ադրբեջանը պատրաստվում է պատերազմ սկսել՝ հարցին ԼՂՀ պաշտպանության նախարարը պատասխանեց. «Եթե գոյություն ունեն զինված ուժեր, դրանք միշտ նպատակաուղղված են երկրի պաշտպանության իրականացմանը, ինչը նշանակում է, որ այդ կառույցը պատրաստվում է առաջին հերթին պատերազմի, մարտական գործողությունների: Նույնն էլ մեր մասին կարելի է ասել, որ միշտ պատրաստ ենք մարտական գործողությունների: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, չեմ կարծում, որ այսօր նա ուզում է մարտական գործողություններ սկսել: Պարզապես այդ վերջին հայտարարություններով ուզում են շոշափել այն հասարակական կարծիքները, որոնք գոյություն ունեն թե՛ Ադրբեջանում, թե՛ Ղարաբաղում եւ թե՛ Հայաստանում: Ադրբեջանի համար, կարծում եմ, այդ հայտարարությունները ունեն նաեւ ներքաղաքական նպատակներ»: