Բագրատաշենի (Սադախլոյի) շուկա գալիս են Հայաստանի բոլոր մարզերից՝ աշխատանք գտնելու: Բայց ավելի շատ գալիս են Նոյեմբերյանից ու Ալավերդուց, հատկապես` Այրումից: Նախ, որ գործազրկության մակարդակն այդ վայրերում ավելի մեծ է, եւ հետո` Ալավերդին մոտիկ է, կես ժամվա ճանապարհ: Այստեղ «արտագնա աշխատանքի» գալիս են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք: Բայց կանայք ավելի շատ են գալիս, որովհետեւ իրենց տղամարդիկ էլ գնացել են Բագրատաշենից ավելի հեռու ու չեն կարողանում փող աշխատել: Կանայք այստեղ աշխատանքի մեջ խտրականություն չեն դնում, զբաղվում են ամեն ինչով՝ առեւտուր, բեռնակրություն, հավաքարարություն: Նույնիսկ՝ «գործ են դնում». ճարպիկները հյուրանոց-ռեստորաններ են բացում, ձեռքի հետ էլ զբաղվում են ամենահին մասնագիտությամբ (մարմնավաճառությամբ)՝ փոր չի ծակի: Վագոն-ռեստորանների կանայք չաղլիկ ու կյանք տեսած են լինում: Նրանք այդ մասին չեն խոստովանում, բայց իրար մասին պատմում են իրարից թաքուն. կարեւորը՝ իրենցից հեռու լինի: Շուկայամերձ այդ օբյեկտներում ամեն ինչ սպասարկում են. տունուտեղից, ընտանիքից կտրված սանձարձակ տղամարդիկ այստեղ հա՛մ կշտանում են, հա՛մ էլ «ջերմանում»: Բագրատաշենում կանանց մի տեսակ կա, որ «մեծ» կապեր ունի թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջապատում: Հարկ եղած դեպքում՝ նրանք կարող են միջնորդել որեւէ «գործի» համար, բնական է՝ ոչ առանց սեփական շահի: Բագրատաշենում հանգրվանած կանայք փրկություն են մաքսային այդ գոտում գործարարությամբ զբաղվող տղամարդկանց համար: Իհարկե, ոչ բոլորի համար է այս «հարմարավետությունը» մատչելի: Այստեղ եկած երիտասարդ ու գեղեցիկ կանայք գերադասում են շատ փող ունեցող, մաքուր սափրված մաքսավորներին ու սահմանապահներին: Իսկ գրպանի համեստ պարունակություն ունեցող տղամարդկանց հյուրընկալում են Բագրատաշենի անտղամարդ կանայք: Տանտիրուհիները պահանջկոտ չեն, հարմարվում են՝ իրենց էլ է օգուտ: Որոշ կանայք այնքան հարմարվող են, որ ազգության մեջ խտրականություն չեն էլ դնում: Գործի բերումով, սահմանային այս տարանցիկ կետում իրար հետ համերաշխ աշխատում են տնից-տեղից կտրված հայը, վրացին ու ադրբեջանցին: Ազգային պատկանելության նկատմամբ բարդույթ չունեն հատկապես փախստական կանայք:
Այստեղ գործարար կանանց մի խումբ էլ է շրջում. նրանք գնում են Վրաստանի Լիլոյի շուկա, մեծ քանակությամբ ապրանք են բերում եւ իրացնում են ոչ միայն Բագրատաշենի շուկայում: Նրանք նաեւ ծխում են ու իրենց համարում են բարձր ճաշակի տեր կանայք, տղամարդկանցից էլ սպասում են «բարձր մակարդակի վերաբերմունք»: Իրենք, սակայն, այդքան էլ հարգալից վերաբերմունք չունեն տղամարդու սեռի նկատմամբ. հենց նրանց թուլության պատճառով է, որ իրենք կորցրել են կնոջ իրական դերն այս կյանքում:
Հավանաբար Բագրատաշենը Հայաստանի միակ բնակավայրն է, ուր կանանց հաջողվում է յուրովի լուծել գենդերային խնդիրները:
Եկվորի բախտը
Սադախլոյի շուկայում, այսինքն՝ սահմանի վրացական կողմում է աշխատում տիկին Ռ.-ն. ադրբեջանցու մոտ, ռեստորանում աման է լվանում: Ընտանիքով փախել են Ադրբեջանից ու հաստատվել են սահմանամերձ այս վայրում: Մեծ ընտանիքից մնացել են մայրն ու աղջիկը, հետո ավելացել է թոռնիկը՝ նորից աղջիկ: Մայրը սակայն տղա էր ուզում. «Աղջիկն ինչիս է պետք, իմ նման անբախտ է լինելու»: Տատը համաձայն չէ. «Մորը աղջիկ ա պետք, տղեն որ մեծացավ, էլ քոնը չի, իր կնգանն ա»:
Տիկին Ռ.-ի ամուսինը մեռել է քաղցկեղից, աստված հոգին լուսավորի: Բայց սուգ անելով ու սոված փորով չես ապրի, մանավանդ որ՝ աղջկա ամուսինն էլ լքել, գնացել է Ռուսաստան: «Թուրքի մոտ եմ աշխատում, օրը 1000 դրամ ա տալիս, լավ ուտում եմ, հետս էլ բան-ման եմ բերում տուն: Ի՞նչ անեմ, ապրել ա պետք: Թուրք կնանիք 1000 դրամով չեն աշխատի, մենք ճար չունենք: Ընկեր էլ ունեմ, ադրբեջանցի է, ինձանից մի քիչ մեծ է, բայց ոչինչ, ինձ նայում ա: Ստեղ էլ ա գալիս, ես էլ եմ գնում: Փող ա տալիս, ուտելիք ա բերում, կառոչի, ինձ լավ նայում ա: Ոչինչ լի՜, որ թուրք ա, զատո հայից լավ ա պահում, հայի նման կոպիտ ու սկուպոյ չի: Հայերը կմեռնեն, որ ձեռները ջեբը տանեն, համ էլ ծեծում են»: Աղջիկը, օրինակ, սիրահարվել է նոյեմբերյանցի մի հայ երիտասարդի. «Սիրում ա, հետը տեղ ա գնում, բայց փող չի բերում: Իմ շեֆը ջահել, սիրուն, հարուստ թուրք ա: Ասում ա՝ ինձ մի սիրուն հայ աղջիկ ճարի: Աղջիկս չի համաձայնում, ասում ա՝ ես ուրիշին եմ սիրում: Նա էլ փող չունի: Ասում եմ՝ գնա էդ թուրքի հետ: Շաբաթը մի օր կտանի, համ լավ կուտես, համ էլ շաբաթվա ծախսիդ փողը կբերես»,- ասում է մայրը:
Աղջկա օրագրից
Տիկին Ռ.-ի աղջիկն իր համար օրագիր է պահում, որում ռոմանտիկ սիրո եւ իր տեսած երեւույթների մասին գրառումներ է կատարում: Խնդրեցինք մի քանիսը կարդալ.
«Հովսեփ անունով մի մարդ իր քաղաքը գնաց՝ Բեթղեհեմ: Մի անարատ կույս աղջիկ՝ Մարիամ անունով, Հովսեփին կին դարձավ ու գնաց նրա հետ»:
«Հրաշք է երեխա ունենալը, քո երեխան որ ծնվում է, կասես դու լինես այդ պահին: Ի՜նչ երջանկություն: Ես երազել եմ որդի ունենալ, որ ինձ քնքուշ ձայնով մամա ասի»:
«Պիտի սիրես, որ սիրվես: Ինչ էլ որ անես, ում հետ էլ որ անես, պիտի սիրով անես»:
«Սիրեցի ես կապուտակ աչքերով մի երիտասարդի, շատ գեղեցիկ էր, գրավիչ ու բարձրահասակ, ինձնից ահագին մեծ էր: Մենք ծանոթացանք պատահական՝ մի գիշեր: Ես պառկած էի իմ անկողնու մեջ, մեկը դուռը ծեծեց՝ մեր գյուղի կամանդիրն էր: Ինձ դուրս հրավիրեց, երկար քայլեցինք, գրկեց համբուրեց: Ասաց՝ դու միակն ես, դու հմայիչ ես…»:
«16 տարեկան հասակում առաջին անգամ ինձ վաճառեցի մի տարեց մարդու: Սկսեցի զբաղվել մարմնավաճառությամբ, որպեսզի կարողանամ մորս ու բանտում գտնվող եղբորս պահել… մենակ ես մնացի այս փուչ աշխարհում, մարդիկ դաժանացան»:
Լաս Վեգաս
Վագոն-ռեստորանում աշխատող կանանցից մեկը պատմում է. «Ալավերդուց, Այրումից են շատ գալիս, մարդ էլ ունեն, բայց գալիս են ու հայ, վրացի, թուրք չեն հարցնում, մենակ թե փող լինի: Հետո թուրքերից բոլորը գոհ են՝ ասում են՝ նրանք փող շատ են տալիս, չեն ծեծում: Մարդ կա՝ արդեն էդ կյանքին սովորել է, չի կարողանում մեկ տղամարդու համին ընկնի: Շատ են: Ընդեղ, իրենց մոտ էլ են անում, պռոստը ստեղ համատարած ա, համ էլ լավ փող են աշխատում, ոնց որ կենտրոն լինի, Լաս Վեգաս, է՛լի: Հետո, որ ստեղ համատարած ա, մի տեսակ չեն էլ քաշվում: Դե՛, տղամարդիկ էլ գալիս են, իրենց տներից հեռու, պապուտնի տեղ ա, պապուտնի աղջիկ էլ ուզում են: Գործ ա, կպնում ա, էլի: Էս ռեստորանների տերերը համ էլ էդ գործն են անում, շատ աղջկերքի են ճանաչում, որ պետք ա լինում՝ զանգում-կանչում են, կամ իրենց մոտի աշխատողներն էլ են էդ տեսակ: Իրենց կլիենտին դժգոհ չեն անում, էլի»:
Հենց էսպես էլ ապրում են Բագրատաշենում, ու այս խայտաբղետությունը բոլորովին էլ անվտանգ չէ, թաքուն պահած վտանգներ ունի: Այստեղ հանցագործությունների ու սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մասին լավ գիտեն: Պատահական չէ, որ այս գյուղն ունի ոստիկանության առանձին բաժանմունք: Այստեղ առանձին բաժին ունի նաեւ բելգիական «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը (MSF): Շատերն են գրանցված թե՛ ոստիկանության, թե՛ MSF-ի բաժիններում: Բայց երկու բաժիններն էլ ավելին մանրամասնել չեն սիրում՝ իրենց հաճախորդների վստահությունը չկորցնելու համար, սակայն չեն էլ թաքցնում, որ Բագրատաշենը յուրահատուկ գոտի է եւ ամեն ինչից էլ բոլ-բոլ ունի: Իսկ գյուղապետ Հովսեփ Օգումցյանը նույնիսկ սրամտում է. «Գյուղ ունեմ, աշխարհը չունի»: