Շուշիի վերականգնմանն ուղղված նոր քայլեր

09/07/2006

Ղարաբաղում են գտնվում Հայ Կաթողիկե եկեղեցու պատվիրակությունը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի ներկայացուցիչներ եւ Հայաստանի մի խումբ գործարարներ: Ինչպես մեզ տեղեկացրին ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հուլիսի 7-ին նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է Երեւանի քաղաքապետ, «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի նախագահ Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին հիմնադրամի հետ համագործակցող հայաստանյան գործարար շրջանակների մի շարք ներկայացուցիչներ: ԼՂՀ կառավարության անդամների եւ գործարարների մասնակցությամբ տեղի ունեցած զրույցի ընթացքում արծարծվել են Շուշիի վերականգնման եւ զարգացման ռազմավարությանն առնչվող հարցեր: Ե.Զախարյանը հանդիպման ժամանակ նշել է, որ հիմնադրամն արդեն աշխատում է մի շարք կարեւոր հարցերի վրա, այդ թվում` քաղաքի վերակառուցման եւ զարգացման 4-5-ամյա ծրագրի, ենթակառուցվածքների վերականգնման եւ կառուցապատման ծրագրերի մշակման, ինչպես նաեւ` դրանց իրականացման համար ֆինանսական միջոցների հայթայթման եւ քաղաքում աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ: Նա առաջնային է համարել ջրամատակարարման խնդիրը եւ ավելացրել, որ «Շուշիի վերածնունդ» հիմնադրամը սերտորեն համագործակցում է ԼՂՀ կառավարության հետ: «Արկադի Ղուկասյանն իր հերթին բարձր է գնահատել հիմնադրամի ստեղծումն ու Շուշի քաղաքի վերակերտման գաղափարի շուրջ Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի հասարակական եւ պետական տարբեր շրջանակների ջանքերի միավորման ձգտումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ ծրագրի, Ե. Զախարյանի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի նաեւ ԼՂՀ գործարարների միության անդամների հետ, իսկ Հայ Կաթողիկե եկեղեցու պատվիրակությունը Ղարաբաղում կմնա մինչեւ հուլիսի 9-ը: Նախատեսվում է հանդիպում` ԼՂՀ նախագահի հետ: Հուլիսի 8-ին տեղի կունենա գիտաժողով եւ ցուցահանդես` նվիրված Շուշիի պատմա-մշակութային ժառանգության հետազոտության առաջին արդյունքներին եւ հեռանկարներին, իսկ հուլիսի 9-ին Շուշիում` Ժան Պողոսեանի անվան մշակույթի հետազոտության եւ վերականգնման թանգարանի հիմնաքարի տեղադրման արարողությունը:

Ա.Դ.