Տոն, որը երեկ մեզ հետ չէր

09/07/2006

Երեկ Հայաստանում տոն էր՝ ՀՀ Սահմանադրությունը դարձավ 11 տարեկան: Ցավոք, այս արտահայտությունը շատերի դեմքին միայն հեգնական ժպիտ է առաջացնում, որովհետեւ տոն ասվածն այս դեպքում չափազանցված է, քանզի անցած 11 տարիների ընթացքում այն այդպես էլ դեռեւս այդպիսին չդարձավ ու շատերի համար մնաց որպես սոսկ եւս մեկ ոչ աշխատանքային օր: Տոն չդարձավ, որովհետեւ այդպես էլ չաշխատեց, որովհետեւ շատերը՝ ներառյալ իշխանության մի ստվար զանգվածը, այդպես էլ չկարեւորեցին կամ չհասկացան Սահմանադրության կարեւորությունը, դրա նշանակությունն ու այն չխախտելու եւ հարգելու անհրաժեշտությունը: Մարդիկ չեն տոնում այս տոնը, որովհետեւ տոնելու բան չեն տեսնում: Չեն տեսնում ոչ թե այն պատճառով, որ Սահմանադրությունը վատն է, այլ որովհետեւ այն չի գործում, ինչի արդյունքում էլ մարդիկ գործնականում չեն տեսնում, որ այդ Սահմանադրությունը հեշտացնում է իրենց կյանքը, պաշտպանում է իրենց ամեն տեսակի կամայականություններից…: Եվ այնուամենայնիվ, շնորհավորում ենք բոլորիս Սահմանադրության տոնի առթիվ եւ մաղթում, որ առաջիկա տարիներին այն իրական տոն դառնա բոլորիս համար: