Կապ չունի՞

09/07/2006

Նախօրեին շախմատի համաշխարհային 37-րդ օլիմպիադայում հաղթանակած Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին հյուրընկալել են Ստեփանակերտում: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հավաքականի բոլոր անդամներին ասել է. «Հիշելով Ստեփանակերտում անցկացված շախմատի միջազգային 2 մրցաշարերը, կարելի է ասել, որ բոլոր հաղթանակները սկսվում են Ստեփանակերտից»: «Եթե հաղթանակները սկսում են Ստեփանակերտից, ապա, կարծում եմ, յուրաքանչյուր հայ` իր հասած հաջողությունների մասին պետք է հաշվետվություն տա հենց այստեղ, ինչպես դա հիմա անում են մեր շախմատիստները», ավելացրել է ՀՀ պաշտպանության նախարար, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Այնուհետեւ Ա. Ղուկասյանը նշել է, որ թիմի 6 խաղացողներից 3-ը ղարաբաղցի են, 2-ը` առավել ղարաբաղցի, իսկ Սմբատ Լպուտյանը` կրկնակի ղարաբաղցի: «Միակ մարդը, ով Ղարաբաղի հետ ընդհանրապես կապ չունի, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն է»,- ասել է ԼՂՀ նախագահը: