«Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որը մեկնարկելու է հուլիսի 10-ին, լուրջ խնդրի առաջ է կանգնած: Փառատոնի գլխավոր հովանավորի` «Վիվա Սելլ» ընկերության պնդման համաձայն` այսուհետ փառատոնի աշխատանքների լայն լուսաբանումը, ֆիլմերի եւ հյուրերի ներկայացումը ԶԼՄ-ներում պետք է ընկերության գովազդային հոլովակով ուղեկցվի, բացառություն կկազմեն միայն լուրերի մի քանի րոպեանոց թողարկումները: Այդ մասին տեղեկացրեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը, ով եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին առաջարկեց այդ մասին տեղեկացնել իրենց ղեկավարներին: «Վիվա Սելլի» աջակցության գումարը չի հրապարակվում, քանի որ կոմերցիոն գաղտնիք է, սակայն այս դեպքում ոչ թե գումարի չափն է կարեւոր, այլ` «Վիվա Սելլի» մոտեցումը «Ոսկի ծիրանին» եւ շղթայաբար՝ «Ոսկե ծիրանի» մոտեցումը ԶԼՄ-ներին: Ուզո՞ւմ ես որեւէ հայտնի ռեժիսորի կամ դերասանի հետ հարցազրույց անել, բարի եղիր «Վիվա Սելլի» գովազդային հոլովակն անվճար ցուցադրել կամ տպագիր մամուլի 150 օրինակ փառատոնին անվճար հանձնել: Ստացվում է, որ «գլխավոր հովանավորի» կարգավիճակը կամ սխալ է մեկնաբանվում, կամ սխալ պայմանագրի արդյունքում հովանավորն ավելի կարեւոր է դառնում, քան կինոն: Կարելի է վստահաբար ասել, որ նման պարտադրանքի արդյունքում` «Ոսկե ծիրանի» իրադարձությունները էկրաններին չեն հայտնվի: