Հերոին է բռնագրավվել

09/07/2006

ՀՀ Գլխավոր դատախազության կայքում տեղադրված տեղեկատվությանը հետեւելիս տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում անգամ մրջյունը չի կարող իր բեռն այդ գերատեսչությունից ծածուկ տեղաշարժել:

Այս գերատեսչության օպերատիվ աշխատանքի արդյունքում Հայաստանում բռնագրավում են այնպիսի ապօրինի ներմուծումներ, որոնք անգամ Մաքսային պետական կոմիտեի աշխատակիցներն իրենց ժամանակակից տեխնիկայով սահմանի վրա չեն կարողացել հայտնաբերել: Մանավանդ, երբ հարցը վերաբերում է թմրամիջոցների ներկրմանը: Դատախազության աչալուրջ հսկողության արդյունքում հայտնաբերվում եւ առգրավվում է նույնիսկ 0,018 գրամ թմրադեղը, իսկ ներկրողը հանձնվում է հայրենի օրենսդրության դատին: Մենք ծանոթացանք կայքի՝ հատկապես թմրաբիզնեսին վերաբերող մի քանի հաղորդագրության, եւ հասկացանք, որ մեր թմրամոլներն իզուր են փորձում Հայաստանում ինչ-որ գործունեություն ծավալել: Անարդյունք է լինելու նրանց ջանքն ու եռանդը, միեւնույն է, շատ շուտով մեր դատախազությունը նրանց կհայտնաբերի եւ կհանձնի մեր օրենքների դատին: Նման ճակատագրի է արժանացել դատախազության հաղորդագրություններից մեկի հերոս Իրանի քաղաքացի Մ.Ջ.Ռասուլը, որն Իրանում ձեռք է բերել 853,59 գրամ ափիոն եւ տեղափոխել է Հայաստան: Իրանցին այս թմրադեղը մակնիշով ամրացրել է «Մաքուր երկաթ» գործարանի համար սիլիկոն տեղափոխող մեքենայի անիվների վերեւի մասում: Մաքսավորները սահմանային մաքսակետում այս «ապրանքը» չեն նկատել: Իսկ մեր իրավապահները հայտնաբերել են, առգրավել ու Ռասուլի նկատմամբ էլ քրեական գործ են հարուցել: Ռասուլը Իրան-Հայաստան բեռնափոխադրությամբ զբաղվել է 1996 թվականից, եւ չի բացառվում, որ մինչեւ բռնվելը նա բազմիցս թմրանյութ է բերել մեր երկիր:

Հաջորդ հաղորդագրության հերոսը մեր հայրենակիցն է՝ Մ.Գագիրյանը: Նա էլ մաքսավորների աչալուրջ հսկողությունից անամոթաբար թաքցրել եւ Հայաստան հերոին է բերել: Մ.Գագիրյանի դեմ էլ է, բնականաբար, քրեական գործ հարուցվել: Երրորդ հերոսն էլ Ա. Ներսիսյանն է, որն ապօրինաբար եւ գործածելու մտադրությամբ ձեռք է բերել 2,9 գրամ ափիոն: Դատախազությունը նաեւ պարզել է, որ մեր թմրամոլն իր ափիոնը ոչ միայն օգտագործել է, այլեւ վաճառել է: Եվ այսպես շարունակ:

Իսկ միջազգային կառույցներն իրենց զեկույցներում, չգիտես ինչու, դատախազության պաշտոնյաներին մեղադրում են թմրաբիզնեսին աջակցելու համար: Նրանք հավանաբար չեն մտնում ՀՀ Գլխավոր դատախազության կայքը եւ չեն տեղեկանում թմրաբիզնեսի դեմ ծավալած պայքարին վերաբերող հաղորդագրություններին:

Միջազգային կառույցների նման Գլխավոր դատախազության ծավալած գործունեությանը ծանոթ չեն նաեւ մեր շատ հայրենակիցներ: Չար լեզուներն ասում են, թե «բառիկներն» իրենց ցանցն են գցում պաշտոնյաների տղաներին ու բարեկամներին, որպեսզի հետո խնդիրներ ունենալու դեպքում կարողանան նույն պաշտոնյաների օգնությամբ մաքուր դուրս պրծնել: Նման դեպքերում, իհարկե, մեր իրավապահ պաշտոնյաները հո չե՞ն կարող իրենց սեփական որդիներին բռնել եւ նրանց նկատմամբ գործ հարուցել:

Ա.Ա.