«Ոչ մի թիզ հող»

09/07/2006

Արցախյան պատերազմին մասնակցած մոտ 2000 ազատամարտիկների ներկայացնող տարբեր ջոկատների հրամանատարները կտրականապես դեմ են փոխզիջման արդյունքում որեւէ տարածք ադրբեջանական կողմին հանձնելուն: «Նա, ով ձեռք կբարձրացնի մեր Հայրենիքի թեկուզ ամենափոքր մասի վրա, մեխանիկորեն իրեն դնում է թուրք զավթիչի կարգավիճակում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»,- ասված է ազատամարտիկների՝ հուլիսի 5-ին հրապարակած հայտարարության մեջ: «Կոչ ենք անում բոլոր հայրենասեր ուժերին, այս օրհասական պահին միավորվել եւ պաշտպանել մեր վտանգված Հայրենիքը»,- «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, նշել են նրանք: «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը «տարածքները հանձնելու Հայաստանի իշխանության պատրաստակամությունը» դիտարկում է ոչ թե իբրեւ փոխզիջում, այլ՝ «պարտվողականություն եւ Հայաստանի դիվանագիտության ձախողում»: Ըստ նրա, «սա փոխզիջում չէ, սա տանուլ տալ է… Մարդիկ կուտակել են իրենց միլիարդները եւ, բնական է, իրենց միլիարդների համար վախենում են…»: «Արաբո» ջոկատի հրամանատարը, այդուհանդերձ, համոզմունք է հայտնել, որ Հայաստանի նախագահը «նման քայլի չի գնա»: Բայց եթե դիմի այդ քայլին, ապա «պարոն Քոչարյանը թող իմանա, որ կողքի իշխանավորները, որոնք նրան հորդորում են գնալ այդ քայլին, վաղը ամենաբարձրն են գոռալու, որ դավաճանը Ռոբերտ Քոչարյանն է»: «Նախագահ կլինի, թե նախարար՝ ոչ ոք թող չհամարձակվի այդ հողերը ետ տալ. այնտեղ մեր եղբայրներն են զոհվել, եւ այդ հողերը շատ կարեւոր են մեզ համար»,- նշել է «Անկախության բանակ» միավորման հրամանատարներից Լյովա Սահակյանը: Հարցին, թե մերժելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները, իրենք ինչպե՞ս են տեսնում հարցի լուծումը, ազատամարտիկ Միշա Ապրեսյանը պատասխանել է, թե Ղարաբաղն ազատագրելուց հետո փոխզիջման իմաստ իրենք չեն տեսնում: Իսկ Մանվել Եղիազարյանի կարծիքով, եթե Հայաստանը 5 շրջան է վերադարձնում Ադրբեջանին, ապա Ադրբեջանն էլ պետք է, իր հերթին, 5 շրջան փոխանցի Հայաստանին (Շահումյանը, Մարտունաշենը, Գետաշենը, Խանլարը եւ այլն):