Գուցե հանրությանն ուզում են շեղե՞լ

09/07/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ուղիղ մեկ ամիս առաջ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԼՂՀ Սահմանադրական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում Ա. Ղուկասյանը դրական է գնահատել ԼՂՀ Հիմնական օրենքի նախագծի մշակման ընթացքն ու գոհունակությամբ արձանագրել է, որ կատարվածն արդեն իսկ արժանացել է փորձագիտական շրջանակների դրական արձագանքներին: Հենց այդ օրն էլ Արկադի Ղուկասյանը որոշում է կայացրել նախագիծը ԼՂՀ ԱԺ քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ: Մեր տեղեկություններով, սահմանադրության նախագիծն արդեն բաժանվել է պատգամավորներին:

Ղարաբաղում վերջին ժամանակներս հաճախակի են սկսել անդրադառնալ այդ գործընթացին, իսկ որոշ մարդիկ էլ մինչեւ տարեվերջ սահմանադրության ընդունումը կապում են Արկադի Ղուկասյանի` երրորդ անգամ առաջադրվելու հնարավորությունների ստեղծման հետ:

ԼՂՀ Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանի կարծիքով, սահմանադրության ընդունումն ամենեւին էլ պայմանավորված չէ նախագահի երրորդ ժամկետով առաջադրվելու փաստով: «Սահմանադրության բացակայության դեպքում ավելի հեշտ է լինելու իրականացնել այն, ինչի մասին ենթադրում է մամուլը: Եթե մենք ընդունենք սահմանադրությունը, ապա 2007-ին ԼՂՀ նախագահի ընտրությունները կկայանան Սահմանադրությանը խիստ համապատասխան, իսկ եթե ոչ, ապա հարցը կմնա օրենքի կարգավորմանը»,- գտնում է Վ. Աթանեսյանը: Իսկ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը գտնում է, որ այդ հարցը պետք է թողնել իրավաբաններին: «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որի նախագահը հենց ինքը` Արայիկ Հարությունյանն է, նախագահական ընտրությունների հետ կապված ոչինչ դեռ չի որոշել: «Սահմանադրության ընդունման ժամանակն է, բայց թե ինչո՞ւ է ձգձգվել, եւ ինչո՞ւ են հենց հիմա որոշել ընդունել այն` չեմ կարող որեւէ պատասխան տալ»,- նշել է Ա.Հարությունյանը:

«ՀՅԴ-Շարժում 88» ընդդիմադիր պատգամավորական խմբի անդամ Գեղամ Բաղդասարյանը գտնում է, որ սահմանադրությանն ու սահմանադրական գործընթացին անաչառ գնահատական տալու համար կարեւոր է հասկանալ «սահմանադրամերձ» գործընթացների ժամանակագրությունն ու տրամաբանությունը: «Ինչո՞ւ է հենց հիմա ընդունվում երկրի գլխավոր փաստաթուղթը, նախորդ տարիներին ի՞նչն էր խանգարում այդ քայլին դիմելու համար, ի՞նչ խոչընդոտներ կային, ի՞նչ է փոխվել, հաղթահարվե՞լ են արդյոք այդ խոչընդոտները, թե՞ ոչ: Այսինքն՝ Սահմանադրության ընդունումը բխում է պետական շինարարության տրամաբանությունի՞ց, թե՞ ներքաղաքական շեշտադրումներ ունի, կամ էլ` ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացից է բխում: Ինչո՞ւ են հանրությանը հեռու պահում նախագծի քննարկման գործընթացից»,- հարցնում է Գ. Բաղդասարյանը: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Զալինյանը, նախագիծը կիսանախագահական է: Տեղեկացնենք, որ «Նախագահի մասին» օրենքում հստակ գրված է, որ միեւնույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ԼՂՀ նախագահի պաշտոնում: Այդ կետը բառացիորեն նույնությամբ ամրագրված է նաեւ սահմանադրության քննարկվող նախագծում: Սահմանադրության ընդունման եւ նախագահի երրորդ անգամ առաջադրվելու վերաբերյալ մեկնաբանությունները հասարակության տարբեր շրջաններում բազմաբնույթ են ու հակասական: Մենք փորձեցինք փոքրիկ հարցում անցկացնել հասարակության շրջանում: Քաղաքացիներից ոմանք գտնում են, որ ավելի լավ է Ղուկասյանը մնա նախագահ, քան մեկ ուրիշը, քանի որ «այս դժվար ու խառը ժամանակներում նպատակահարմար չէ ղեկավարներին փոխել»: Ոմանք գտնում են, որ Ղուկասյանի առաջադրումն օրենքի կոպիտ խախտում կլինի: Մյուսների կարծիքով էլ` դա ոչ թե նախագահը պետք է որոշի, այլ` հենց ընտրողները: Հարցմանը մասնակցած քաղաքացիների մի մասին էլ պարզապես չի հետաքրքրում այդ հարցը, եւ գտնում են, որ դրա մասին դեռ վաղ է խոսել: Մեր հարցման ընթացքում բնակիչներից մի քանիսը նշեցին, որ սահմանադրության եւ նախագահի առաջադրման շուրջ ընթացող զրույցները, հնարավոր է, նպատակաուղղված են նաեւ Ղարաբաղի համար առավել կարեւոր իրադարձություններից շեղելուն: Ասենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր հայտարարությունների՞ց, բանակցային գործընթացի՞ց, գուցե եւ Քարվաճառը հանրաքվեից հետո «հանձնելու» մասին Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունի՞ց: