2006 թվականի հունիսի 26-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը, հունիսի 24-ին հարուցված քրեական գործի հիման վրա, «Ժամանակ-Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ձերբակալել է, իսկ հունիսի 27-ին՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել նրա նկատմամբ իբրեւ խափանման միջոց կիրառել կալանքը:
Մեզ համար ի սկզբանե մտահոգիչ էր «Ժամանակ-Երեւան» թերթի գլխավոր խմբագրին դատախազություն «հրավիրելու» ձեւը, առաջին հարցաքննությանը «ներկա եղած» փաստաբանի անունը չհրապարակելը:
Կալանքն իբրեւ խափանման միջոց ընտրելն էլ ավելի մեծ արձագանք ունեցավ, որովհետեւ դա նախ՝ ընկալվում է իբրեւ հարված թերթին, եւ երկրորդ՝ դիտարկվում է իբրեւ լրագրողի, առավել եւս՝ ընդդիմադիր լրագրողի խոսքի ազատության իրավունքի ոտնահարում եւ նրա ծավալած գործունեության պատասխան:
Մենք՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, չբացառելով տվյալ գործով քրեական հետապնդման իրականացումը, մեր մտահոգությունն ենք հայտնում այս դեպքում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու փաստի առթիվ եւ այն գնահատում ենք իբրեւ անկախ լրատվամիջոցի նկատմամբ ճնշում: Կոչ ենք անում փոխել խափանման միջոցը, առավել եւս, որ Արման Բաբաջանյանն արդեն ցուցադրել է իր պատրաստակամությունը՝ համագործակցելու քննչական մարմնի հետ, եւ որեւէ մտադրություն չունի խոչընդոտելու քննության ընթացքը:
Բորիս Նավասարդյան
Երեւանի մամուլի ակումբ
Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Ավետիք Իշխանյան
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Էդիկ Բաղդասարյան
«Հետաքննող լրագրողներ»
Վարդան Հարությունյան
Իրավունքի եւ ազատության կենտրոն
Նունե Սարգսյան
Հայաստանի «Ինտերնյուս» ՀԿ