Մեր՝ ՀՀ շարքային քաղաքացիներիս կենցաղն ու ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշները կարծես միմյանց հետ որեւէ աղերս չունեն։ Մակրոտնտեսությունը, որի մասին այդքան սիրում են խոսել մեր տնտեսական իշխանությունները, անընդհատ աճ է արձանագրում։ Ի տարբերություն շարքային քաղաքացու կենցաղի ։ Արդյունքում՝ հասարակությունը խիստ կայուն անտարբերությամբ է վերաբերվում տնտեսության ընդհանուր ցուցանիշներին։ Մինչդեռ տնտեսական վիճակագրությունը դրան արժանի չէ։ Ի վերջո, այն պարբերաբար նույնականանում է մեր առօրյա կյանքում։
Նախատոնական առեւտրի ամիս դեկտեմբերն այդ նյութականացման աստեղային պահն է։ Բոլորը «հանկարծ» արձանագրում են գների թռիչքաձեւ աճ ու կարծում, որ դրանում մեղավորը առեւտրի ոլորտն է։ Իշխանություններն էլ են հակված հասարակական կարծիքն ուղղորդել այս հուն։ Միայն թե՝ չնկատվեն այս ամենը բացատրող տնտեսական ցուցանիշները։ Ա՜յ, օրինակ, հավկիթի գների աճով զբաղվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Զբաղվեց ու հայտարարեց, որ ձվի խոշոր արտադրողները՝ Լուսակերտի, Արզնու ու Երեւանի թռչնաֆաբրիկաներն այստեղ մեղք չունեն։ Երեք խոշոր արտադրողները գրավում են ձվի շուկայի առնվազն 80%-ը։ Բայց, ըստ Տնտեսական հանձնաժողովի՝ նրանք չեն բարձրացնում գները։ Այդ պայմանավորվածությունը կայացրել ու իրագործում են տասնյակ-հազարավոր առեւտրականներ։ Սա հրաշալի եւ համարյա ծիծաղելի պատասխան է։ Ափսոս, որ այն ունիվերսալ չի եւ չի կիրառվում այլ սննդամթերքների պարագայում։
Ո՞վ թանկացրեց բուդը
Այս հարցին կարող էր պատասխանել գյուղատնտեսության նախարարը։ Բայց այդ դեպքում ակնհայտ կդառնար, որ երկիրը չունի մշակված ծրագրեր պարենային անվտանգության ոլորտում՝ ընդհանրապես եւ անասնապահության ոլորտում՝ մասնավորապես։ Պետությունը ոչինչ չի անում՝ անասնապահության ոլորտը կարգավորելու համար։ Փոխարենը վիճակագրություն է վարում։ Այն արձանագրում է. խոզաբուծությունը մինչեւ 2001թ. աճում էր։ Հենց այդ տարի խոզի միսը շուկայում վաճառվում էր 900 դրամով։ Գերարտադրությունն ակնհայտ էր, եւ գյուղացիական տնտեսություններն, իրենց դառը փորձի վրա, համոզվեցին, որ խոզաբուծությունը եկամտաբեր չէ։ Հետագա երկու տարվա ընթացքում նաիվ գյուղացին շտապեց ազատվել այս գլխացավանքից։ Վիճակագրության համաձայն՝ 2004-ի հունվարի դրությամբ՝ խոզերի գլխաքանակը մոտ 22 հազարով պակասել էր։ Փոխարենը, բնականաբար, աճել է խոզի մսի գինը։ Ազգային ավանդական խոզի բուդը նախատոնական այս օրերին վաճառվում է կգ-ն 2500-2800 դրամով։ Կարծում ենք, որ ավելի հեշտ է հայ մարդուն ստիպել տոնական սեղանը զարդարել ուրիշ մսամթերքով, քան Գյուղնախարարությանը ստիպել տնտեսական քաղաքականություն վարել։
Եթե ամբողջ աշխարհում գյուղատնտեսությունը համարվում է ռիսկային բիզնես, ապա Հայաստանում այն ավելի ռիսկային է։ Գյուղացին ինքն է, առանց որեւէ խորհրդատվության ու աջակցության, որոշում՝ ինչ ցանել եւ ինչ աճեցնել։ Արդյունքում, պարբերաբար որեւէ մթերքի գերարտադրություն է արձանագրվում: Փոխարենը՝ հենց հաջորդ տարի գյուղացիների մեծամասնությունը հրաժարվում է այդ մթերքն արտադրելուց։ Արդյունքում՝ ներքին շուկայում գյուղմթերքների գներն անընդհատ ցատկոտում են վեր ու վար։ Մի տարի լոլիկը կարող է արժենալ 50 դրամ, հաջորդ տարի՝ 150։ Եվ այսպես շարունակ։
Ինչ-որ մեկի պոպոքը
Ամանորյա տոնական հայկական սեղանի մյուս կարեւոր զարդը ընկույզն է եւ դրանով պատրաստված անուշեղենը։ 2004-ի գարունը տնտեսության համար նպաստավոր չէր։ Ցրտահարությունը վնասեց հատկապես այգեգործությանը։ Առայժմ չի հրապարակվել, թե որքան նվազեց ընկույզի բերքը։ Փոխարենը՝ դեկտեմբերի սկզբին շուկայում այն վաճառվում էր կգ-ն 5000 դրամով։ Նախատոնական խառնաշփոթից վախեցած սպառողը գնում էր՝ ինչ առաջարկում էին եւ քանիսով առաջարկում էին։
Վերջին տարիներին գյուղացիները հաճախ են բողոքում, որ Երեւանում եւ մյուս խոշոր քաղաքներում իրենց հնարավորություն չի տրվում իրացնել սեփական բերքը։ Այն, որ դա չեն կարող անել քաղաքաբնակ անհատ վերավաճառողները, ակնհայտ էր, բայց դժվար ապացուցելի։ Վերավաճառողների դասն ինքնուրույն դժվար թե այդ աստիճան կազմակերպվել կարողանար։ Միայն տեսականորեն կարելի էր ենթադրել, որ վերավաճառման ոլորտում գործում է խոշոր եւ ազդեցիկ կապիտալ։ Դա ակնհայտ դարձավ դեկտեմբերի կեսերին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Հայաստանի մաքսային սահմանակետերում վրացական առեւտրականներին թույլ չեն տալիս ընկույզ ներմուծել։
Հայաստանի տնտեսական շրջափակման մասին այնքան է խոսվել, որ այն արդեն համարում ենք, մի տեսակ, ինքնին ենթադրելի փաստ։ Հնարավոր է, որ ազգային սնապարծությունը խանգարի գնել ոչ հայկական ծիրան։ Բայց հենց շուկայում 5000 դրամանոց հայկական պոպոքի փոխարեն՝ 3500 դրամանոց վրացական ընկույզ հայտնվեց՝ սնապարծությունը կտրուկ նահանջեց։ Հայ-վրացական ընկուզային մենամարտում հայկականի գինն էլ նվազեց։ Սակայն սա շուկայական մրցակցության ամենացայտուն օրինակը չէ։
Ինչպե՞ս ընտրել հավերժը
Նախատոնական դեկտեմբերին հայկական ներքին շուկայում իրենց սուր մրցակցությունը սկսեցին համաշխարհային երկու հզոր ընկերություններ։ «Հավերժ Կոկա-կոլա» լոզունգի տակ այս լիմոնադն արտադրող երեւանյան ընկերությունը նախատոնական օրերին բարձրացրեց առաքման գները։ Համաշխարհային կապիտալի մյուս շնաձուկը կարծես հենց սրան էր սպասում։ «Պեպսի-կոլա» ընկերության լիմոնադները միանգամից հայտնվեցին երեւանյան խանութներում։ Հայտնվեցին մշտական հակառակորդի հին՝ ցածր գներով։ «Պեպսին» միանգամից նաեւ հեռուստատեսային լայնամասշտաբ գովազդ ծավալեց։ Այս մրցակցությանը հետեւելը հետաքրքիր կլինի։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում «Կոկայի» եւ «Պեպսիի» արտադրական փաստաթղթերը, ենթադրելով, որ նրանք համաձայնության են եկել նախատոնական մեծ առեւտրի օրերին գները բարձրացնելու մասին։
Ընդհանրապես հետաքրքիր է հետեւել տնտեսական վիճակագրությանը։ Դրանք մեր տնտեսական կյանքում կատարվող որոշ գործընթացներ գոնե բացատրում են։ Օրինակ, հայրենական արտադրության գինու թանկանալը ամենեւին էլ տոնական առեւտրով չի բացատրվում։ Պարզապես, 2002 եւ 2003թթ. խաղողի բերքը Հայաստանում տարեկան 30-35 հազար տոննա պակաս է եղել։ Գների աճը հենց դրանով էլ բացատրվում է։
Ընդհանրապես տնտեսության մեջ արձանագրվող բոլոր բացասական երեւույթները բացատրվում են հենց տնտեսական օբյեկտիվ գործոններով։ Փոխարենը՝ բոլոր դրական երեւույթները հայրենական իշխանությունների հայրենանվեր ու քրտնաջան աշխատանքի արդյունք են։ Չե՞ք հավատում։ Հետեւեք պաշտոնական լրատվությանը եւ հնարավոր է՝ համոզվեք։