«Ոսկե» ժամանակներ

09/07/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Պատկերացրեք մի խորանարդ, որի կողմն ունի 12 մետր երկարություն։ Իսկ հիմա պատկերացրեք, որ այն ոսկուց է։ Եթե ոսկու համաշխարհային բանկային պաշարները միասին ձուլեին, ապա կստացվեր հենց այս չափի խորանարդ, որի քաշը կկազմեր 32 հազար տոննա։ Իսկ ընդհանրապես, մարդկությունն իր ստեղծման օրվանից մինչ այժմ արդյունահանել է մոտ 145 հազար տոննա։ Սա նշանակում է, որ երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր մարդու բաժին է ընկնում ընդամենը 24-25 գրամ ոսկի։

Իր գեղեցկության, փայլի, որակական հատկանիշների եւ քիչ քանակության պատճառով այս մետաղը հնագույն ժամանակներից միշտ ձգել է մարդուն։ Թվում է, թե մարդկության, տեխնոլոգիաների զարգացումը եւ նոր հետաքրքրությունները պետք է որ թուլացնեին ոսկու նկատմամբ հետաքրքրությունը, սակայն պատմությունը ցույց է տալիս հակառակը։ Երկրագնդի վրա առկա ոսկու 90%-ը արդյունահանվել է 1958թ.-ից հետո ընկած ժամանակաշրջանում, իսկ արդյունահանման տեմպերը տարեցտարի մեծանում են։ Ըստ գիտնականների, ոսկու չօգտագործված հայտնի պաշարները կազմում են մոտ 30 հազար տոննա։ Իսկ ոսկու նկատմամբ պահանջարկը զարմանալի տեմպերով մեծանում է, եւ տեղի է ունենում այն, ինչ պիտի տեղի ունենար՝ ոսկու գները գնալով բարձրանում են։ Թե ինչո՞վ է այս մետաղը մարդկանց գրավում, այդ հարցին երեւի անհնար է պատասխանել։ Ավելի լավ է տեսնենք, թե այն ինչ դեր է խաղում ներկայիս ֆինանսատնտեսական համակարգում։

Ոսկին` որպես փող

Հնագույն ժամանակներից սկսած շատ ժողովուրդներ ոսկին օգտագործել են որպես փող, սակայն որպես մոնոպոլ դրամային ապրանք այն հաստատվել է 19-րդ դարում։ Մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմը ոսկին համարվում էր համաշխարհային բոլոր արժույթների չափման միջոց, այդ իսկ պատճառով 1870-1914թթ. ժամանակահատվածն անվանում են «ոսկեդար»։ Իսկ թղթադրամը պարզապես փաստաթուղթ էր, որը վկայում էր համապատասխան քանակի ոսկու առկայության մասին եւ ազատ փոխանակվում էր ոսկով։ 1792թ. ԱՄՆ-ը հաստատեց, որ ոսկու 1 ունցիան (31.1 գրամ) արժե 19,3 դոլար։ 1834թ. 1 ունցիայի համար վճարում էին արդեն 20,67 դոլար։

Առաջին համաշխարհայինից հետո ոսկու արժեւորման միտումները շարունակվեցին եւ 1934թ.1 ունցիա ոսկին արժեր արդեն 35 դոլար։ Չնայած անցյալ դարասկզբի տնտեսական ճգնաժամին, ԱՄՆ-ը աշխատում էր պահպանել իր արժույթի կապը դոլարի հետ՝ տոկոսադրույքի բարձրացման միջոցով, սակայն դա չօգնեց։ 1944թ. ընդունվեց Բրետտոն-Վուդսի համաձայնագիրը, որով, փաստորեն, վերջ դրվեց ոսկու ստանդարտի մոնոպոլիային։ Վերջինիս փոխարինեց, այսպես կոչված, «ոսկու դեւիզային» ստանդարտը, որը, բացի ոսկուց, հիմնվում էր ԱՄՆ դոլարի եւ անգլիական ֆունտ ստեռլինգի վրա։ ԱՄՆ-ը պարտավորվեց օտարերկրյա կառավարությունների եւ բանկերի ներկայացրած դոլարները փոխանակել ոսկով՝ 1 տրոյական ունցիայի դիմաց (31.1 գրամ) վճարելով 35 դոլար։ Փաստորեն, ոսկին հիմնական արժույթից վերածվեց ռեզերվային արժույթի։

1960-ականների վերջին բարձր ինֆլյացիայի եւ արտաքին առեւտրի դեֆիցիտի պատճառով այլեւս հնարավոր չէր դոլար-ոսկի կապը պահել նախկին մակարդակի վրա, ոսկու շուկայական գինը զգալիորեն գերազանցում էր պաշտոնականը։ 1971թ. 1 ունցիան դարձավ 38 դոլար, իսկ 1973-ին՝ 42,22։

1971թ. ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը վերացրեց դոլարի ոսկով ապահովվածությունը, թեեւ այդ քայլը պաշտոնապես հաստատվեց միայն 1976-ին, երբ ստեղծվեց, այսպես կոչված, լողացող փոխարժեքների յամայական համակարգը։ Դա նշանակում էր, որ ոսկին ընդհանրապես դադարեց լինել արժույթ, իսկ դոլարը դարձավ ռեզերվային արժույթ։

Անկում եւ «Վերածնունդ»

Դրանից հետո ոսկին վերածվեց առանձնահատուկ ներդրումային ապրանքի։ Ներդրողները երկար տարիներ վստահում էին բացառապես ոսկուն։ 1974թ. վերջին այս մետաղի գները թռիչք ապրեցին՝ հասնելով 195 դոլարի։ 1980-ի սկզբին ոսկու գինը ռեկորդ սահմանեց՝ 850 դոլար 1 ունցիայի համար, որից հետո սկսեց աստիճանաբար իջնել։ 1987թ. վերջին 1 ունցիա ոսկին արժեր 500 դոլար։ Իսկ ամենաարագ անկումը տեղի ունեցավ 1996-1999թթ. ժամանակահատվածում (նկար 1), երբ 1 ունցիա ոսկու գինը 420 դոլարից իջավ 260-ի (1 գրամը՝ 8.63 դոլար)։ Հիշեցնենք, որ խոսքը գնում է 996 հարգի, կամ, «մաքուր ոսկու» մասին։ Մասնագետները մինչ այժմ էլ միակարծիք չեն ոսկու գների անկման պատճառների հարցում. ոմանք դա բացատրում են օբյեկտիվ տնտեսական գործոններով, մյուսները հակված են կարծել, որ խոշոր երկրների կողմից տեղի է ունեցել գլոբալ դավադրություն՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։

Ինչեւէ, ոսկու արժեզրկումն ընդհատվեց, եւ նրա գինը նորից սկսեց բարձրանալ։ Սկսած 1999թ. հուլիսի 20-ից, երբ ոսկին հասել էր ռեկորդային ցածր գնի (252.8 դոլար 1 ունցիայի համար), ոսկու գները թեթեւակի շեղումներով սկսեցին կայուն կերպով աճել, իսկ 2006թ. մայիսի 12-ին արձանագրվեց վերջին 10 տարիների ամենաբարձր գինը՝ 725 դոլար 1 ունցիայի համար (գրամը 24 դոլար)։

Մայիսի 12-ից հետո ոսկու միջազգային գինը նորից սկսեց իջնել։ Այդ պրոցեսը տեւեց մինչեւ հունիսի 14-ը, երբ 1 ունցիայի գինը կազմեց 567.25 դոլար։

Դրան արդեն հաջորդեց վերելքը, որը մինչ այժմ շարունակվում է (նկար 2)։

Իսկ վերջին մեկ շաբաթում նկատվում է ոսկու գների աննախադեպ աճ։ Լոնդոնյան շուկայում 1 ունցիա ոսկին արժեր 581.75 դոլար (1 գրամը՝ 19.3 դոլար), հուլիսի 30-ին՝ 600.4 դոլար (գրամը՝ 19.94 դոլար), իսկ երեկ մեկ ունցիայի գինը հասել էր արդեն 625.75 դոլարի (գրամը՝ 20.78 դոլար)։

Մասնագետները ոսկու արժեւորումը բացատրում են մի շարք գործոններով՝ դոլարի դիրքերի թուլացմամբ, աշխարհաքաղաքական իրավիճակի անկայունացմամբ (մասնավորապես, Միջին Արեւելքի խնդիրներով), ԱՄՆ տնտեսության վիճակով։ Տնտեսագետների կարծիքով` ոսկու գների աճին նպաստում են այն հաղորդագրությունները, համաձայն որոնց` Չինաստանը պատրաստվում է մեծացնել իր ոսկու պահուստները։

Ավելին, վերջին 2 օրերի զարգացումները կապվում են Հյուսիսային Կորեայի հետ։ Այս երկիրը երկու օր առաջ փորձարկեց միջմայրցամաքային հրթիռները։ Դրանցից մեկը՝ միջուկային մարտագլխիկով «Տեպխոդոն-2»-ը կարող է հասնել մինչեւ Ալյասկա։ Թեեւ փորձարկումները հաջող չեն անցել, սակայն լոնդոնյան “Numis Securities“ ընկերության վերլուծաբան Ջոն Մեյերի կարծիքով, դրանք սպեկուլյատիվ բնույթի փոփոխություններ են առաջացրել ոսկու շուկայում եւ հանգեցրել գների արագ աճի։ Գրեթե բոլորը համոզված են, որ մոտ ապագայում 1 ունցիա ոսկու արժեքը կգերազանցի 1000 դոլարը։

Հայերը ոսկու գինը որոշում են «Եվրոնյուսի» օգնությամբ

Այժմ անդրադառնանք հայաստանյան ոսկու շուկային։ Մինչ առաջ անցնելը նշենք, որ մեր ԿԲ-ն ոսկու պաշարներ չունի, 2003-ի վերջին դրանք վաճառվեցին 17 մլն դոլարով։ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը հետագայում հավաստիացրեց, որ 1 ունցիայի համար 400 դոլար գինը, որով վաճառվել են ոսկու պաշարները, բավական շահավետ գին է եղել, քանի որ այդ ժամանակահատվածում ոսկու միջազգային գինը շատ ավելի ցածր էր։ Ընդդիմախոսների կարծիքով, վաճառքի պահին կանխատեսումներ կային, որ գինն աճելու է, եւ ԿԲ-ն այդ քայլին գնաց սեփական վնասները փակելու համար։ Սակայն այս մասին չէ, որ ցանկանում ենք խոսել, առավել եւս, որ Հայաստանի ոսկու պաշարները շատ չնչին էին (մոտ 1.3 տոննա)։

Մեզ ավելի շատ հետաքրքրում է ոսկու մանրածախ շուկան։ Հայերը միշտ էլ առանձնահատուկ սեր են ունեցել ոսկեղենի նկատմամբ, եւ սպառողները շատ արագ տեղեկացան ոսկու գների բարձրացման մասին։ Շատերը դա փորձեցին կապել դոլարի արժեզրկման հետ։ Այսինքն, ոսկի վաճառողները` վախենալով դոլարի հետագա արժեզրկումից, թանկ են վաճառում ոսկին, անգամ խուսափում են վաճառելուց՝ մինչեւ տեսնեն` «սրա վերջը ինչ է լինում» (նկատի ունեմ՝ դոլարի արժեզրկումը), իսկ գնորդները նույն դոլարի արժեզրկման պատճառով աշխատում են որքան հնարավոր է շուտ ազատվել «դոշակի տակ պահած» դոլարներից եւ փոխարինել դրանք ոսկով։ Արդյունքում, ոսկու նկատմամբ պահանջարկը վերջին 1.5-2 ամիսների ընթացքում պետք է որ մեծացած լիներ։

Սակայն այս ոլորտին մոտ կանգնած մարդիկ մեզ հավաստիացրին, որ դոլար-դրամ փոխարժեքը ոսկու գնի վրա որեւէ ազդեցություն չունի, այն կարող է ազդել միայն այն ոսկեգործների եկամուտների վրա, ովքեր աշխատավարձը ստանում են դոլարով։ Առեւտրով զբաղվողների, մասնավորապես` հայերի մոտ, սովորություն կա՝ երբեք չասել, որ առեւտուրը լավ է գնում՝ «աչքով չտալու համար»։ Սակայն այս դեպքում հակված ենք հավատալ, քանի որ այդ կարծիքին են նաեւ սպառողները եւ շուկային տեղյակ, սակայն առեւտրով չզբաղվող անձինք։

Մենք զրուցեցինք ոսկու առեւտրով զբաղվող տարբեր մարդկանց հետ, եւ նրանք բոլորը հավաստիացրին, որ Հայաստանում ոսկու գինը որոշվում է միջազգային գների հիման վրա։ Երեւանյան ոսկու շուկաներից մեկում անգամ հատուկ նպատակով դրված է հեռուստացույց, եւ մարդիկ «Եվրոնյուսով» հետեւում են միջազգային գներին։

Նախ` նշենք, որ թեեւ Հայաստանում ոսկի արդյունահանվում է, սակայն պատրաստի ոսկին բերվում է դրսից։ Ոսկու առեւտրով զբաղվողները ոսկին ձեռք են բերում հիմնականում բանկերից։ Ընդ որում, արդեն մի քանի ամիս է, ինչ բանկերը ոսկու վաճառքի համար նվազագույն «լոտ» են որոշել՝ 3կգ։ Հասկանալի է, մանրածախ առեւտրով զբաղվող ոչ բոլորն են կարող միանգամից 3կգ ոսկու պատվեր տալ։ Դրա համար գործում է հետեւյալ մեխանիզմը, որեւէ մեկը (մեծամասամբ` շուկայի տերը) ինքն է բանկից ոսկի գնում, հետո փոքր չափերով վաճառում մյուսներին։ Կրկեսի մոտ գտնվող ոսկու շուկայում աշխատողներից մեկը մեզ տեղեկացրեց, որ հայաստանյան շուկայում ոսկու գինը որոշվում է՝ միջազգային գնին ավելացնելով մոտ 20 ցենտ։ Օրինակ, երեկ երեւանյան ոսկու շուկաներում 1 գրամ մաքուր ոսկին որպես ձուլակտոր («լոմ») ձեռք էր բերվում 21 դոլարով, իսկ լոնդոնյան շուկայում, ինչպես վերեւում նշեցինք, այն արժեր 20 դոլար 78 ցենտ։ Ինչպես տեսնում եք, ամեն ինչ համընկնում է։

Այդ գնի հիման վրա որոշվում է ավելի ցածր հարգի գինը։ Ինչպես ասաց մեր զրուցակիցներից մեկը, «58 «պրոբի» ոսկու գինը որոշելու համար այդ 21 դոլարը բաժանում ենք 1.7 գործակցի։ Ստացվում է մոտ 12 դոլար։ Իսկ դրան ավելանում է նաեւ աշխատանքի գինը՝ 1 գրամի հաշվով սկսած 2 դոլարից»։ Ահա այսկերպ էլ ձեւավորվում են ոսկեղենի գները մեր շուկաներին։

Ինչ վերաբերում է այն կարծիքին, որ դոլարի արժեզրկման պարագայում ոսկու նկատմամբ պահանջարկը պետք է որ մեծանար, ապա մեր զրուցակիցներից ոչ ոք այդպիսի ուղղակի կապ չի նկատել։ Բոլորն էլ նշում են, որ վերջին շրջանում ոսկու առեւտուրը «մեռած» էր, եւ միայն վերջին օրերին է որոշակի աշխուժացում նկատվում։ «Մեր ժողովրդի մոտ մի հետաքրքիր երեւույթ կա՝ հենց ոսկու գները սկսում են բարձրանալ, մարդիկ սկսում են ոսկի գնել», – ասում է մեր զրուցակիցը։ Պատճառը հասկանալի է, մարդիկ վախենում են, որ գներն ապագայում էլ ավելի կբարձրանան, եւ որոշում են այսօր գնել։ Հուսանք, որ ոսկու գների աճի հետ կբարձրանան նաեւ մեր բնակչության եկամուտները։