Չկա որեւէ տեղ, որտեղից դուրս ես եկել, ու չկա որեւէ տեղ, ուր պիտի գնաս: Մի իրականություն, որտեղ հայտնված մարդու կարգավիճակը տարիներ շարունակ չի փոխվում: «Այդ վախը մշտապես կա, քանի դեռ կարգավիճակդ չի փոխվել: Սարսափելի լարված ես ու վախենում ես, որ ուր որ է ունեցածդ կենցաղային մի քանի իրերը շալակելու ես ու հայտնվես դրսում, այն իրականության մեջ, որն իրականությունից շատ հեռու է: Քանի դեռ անօթեւան ենք, էդ հոգեվիճակը մեզ մաշեցնում է: Ինձ հոգեկան հանգստություն է պետք»,- պատմում է 2-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկը, որն իր երիտասարդ տարիքում արդեն հասցրել է կյանքի դառնությունները ճաշակել: Հասմիկը մոր հետ ապրում է կիսանկուղային սեփական տան սենյակում, որը վարձակալել է 17.000 դրամով, սակայն գումարը չտալու պատճառով տանտերը պահանջում է սենյակն ազատել: Մեզ հետ զրուցելու համար նա, հավանաբար կաշկանդվելով իրենց վարձած տան կենցաղային վատ պայմաններից, նախընտրեց խմբագրություն գալ: «Գյումրիում այսօր շատ անզորները կամ ծայրահեղ զորեղներն են մնացել: Կյանք չկա, երկրաշարժից հետո կյանքը կարծես մարել է: Ամեն անգամ նոր ակնկալիքով գնում ես՝ մտածելով, որ մի հրաշքով նախկին Գյումրին կտեսնես, բայց կրկնակի հիասթափվում ես: Մարդիկ սարսափելի ընկճված են»,- ասում է Հասմիկը, ով երկրաշարժից հետո իր գեղեցիկ մանկությունը թաղել է փլատակների տակ ու պատանեկան կյանքը սկսել է ապրել մղձավանջներով ու թափառական ապրելակերպով: Մանկությունից քիչ բան է հիշում, քանի որ աղետից հետո ամեն բան այնպես է գլխիվայր շրջվել, որ բարի հիշողություններն էլ են ջնջվել մարդկանց մտապատկերից: Երկրաշարժից գորշացած Գյումրիում մարդիկ` իրար մխիթարելով, ցավը կիսելով` կարողացան միմյանց աջակցելով հաղթահարել դառնությունները, իսկ 26-ամյա այս աղջկա հետագա կյանքը նույնքան ցավալի դասավորվեց, որքան որ աղետի հետեւանքներն էին: Ասում է՝ կոնկրետ պատկերացում չի կարող ասել իր ծննդավայրի մասին, որովհետեւ երկրաշարժից հետո ապրած տնակն արդեն մաշվել-հոգնել էր իրենցից, արդեն որպես կացարան պիտանի չէր: Սակայն իրենք չէին հրաժարվում այդ տնակից, քանի որ այլընտրանք չունեին: Հայրը լքել է իրեն ու մորը, իսկ մայրը երկրաշարժի ժամանակ 3-րդ հարկից ընկնելով՝ արյան զեղում է ստացել, քանիցս վիրահատվել է եւ ծանր սթրեսների պատճառով ներկայումս հանգստացնող դեղորայքով է գոյատեւում: «Միայն աղետի գոտու բնակիչները կիմանան, թե էդ ինչ սթրես էր, էդ հոգեկան ապրումները, էդ փուլը… Սկսեցինք թափառական կյանքով ապրել՝ Ջերմուկում, չգիտեմ որտեղ, անտուն, ուր ասես թափառեցինք: Եկանք նորից Գյումրի՝ քանդված քաղաք, մթություն, սարսափ ու մեզ հատկացրած մի տնակ»,- պատմում է Հասմիկն, ով Գյումրիում ավարտելով վարժարանը, տեսել է, որ անհնար է այդ տնակում այլեւս ապրել, մոր հետ տեղափոխվել է Երեւան:
Գրքերի մասին խոսում է ինչքան ուզես
Աղետից արդեն 18 տարի է անցել, սակայն նրանց բնակարանով ապահովելու խոստումներն այլեւս հույսեր չեն ներշնչում: Հասմիկը չի հավատում, թե աղետի գոտում իրենց բնակարան կտան, բայցեւ ասում է, թե ուզում է հավատալ դրան, այլապես ընդհանրապես կհուսահատվի: Հասմիկի մայրն առողջական խնդիրների պատճառով աշխատունակ չէ, իսկ երիտասարդ Հասմիկը ստիպված է մորը խնամել, աշխատել, ապրուստի միջոց հայթայթել եւ սովորել: Հասմիկի դժվարությունների մասին ավելի շատ նրան ճանաչողներն են պատմում: «Սկսեցի աշխատանք փնտրել, որ կարողանանք ապրել, սենյակ վարձել: Ուր ասես աշխատեցի՝ ծանր գործեր արեցի, տաքսի սերվիսում, ինտերնետ կապում աշխատեցի: Գիշերները չէի քնում, հերթափոխով էր, բայց որոշեցի` ինչ էլ լինի՝ պիտի կրթություն ստանամ, սովորեմ»,- պատմում է Հասմիկը, որն այժմ սովորում է Աճառյան համալսարանում: Ուսման վարձավճարի հարցում նրան օգնում են որոշ անհատ հովանավորներ: Քննությունների շրջանում, սակայն, Հասմիկը կորցրել է աշխատանքը, քանի որ ֆիզիկապես չի հասցրել եւ՛ քննություններին պատրաստվել, եւ՛ աշխատել: Այժմ նա անորոշ վիճակում է, քանի որ վարձակալած բնակարանից պատրաստվում են դուրս անել մորն ու աղջկան: Երիտասարդ այս աղջկա դասախոսներն այնքան հիացած են նրանով, որ կարծում են` եթե մեր հասարակության մեջ նրա նման դաստիարակված, ծանրակշիռ ու ուժեղ երիտասարդները շատ լինեն, ապա մենք կարգին հասարակություն ու կարգին սերունդ կունենանք: «Չգիտեմ ինչպես նկարագրեմ այդ չքնաղ աղջկան, իր այդ ծանր վիճակի հետ մեկտեղ` շատ հրաշալի մարդ, հրաշալի երիտասարդ է, որի նյութական, ընտանեկան վատ վիճակի համար այնքան ես ափսոսում: Այս երեխան այնքան դժվարությունների միջով է անցել, սակայն երբեք թույլ չի տալիս, որ իրեն կարեկցեն, այնքան ուժեղ, կոփված մարդ է»,- ասում է Աճառյան համալսարանի դասախոսներից մեկը:
Հպարտ կեցվածքով, կոկիկ, խնամված տեսքով Հասմիկը դժվարությամբ է խոսում իր խնդիրների մասին, իսկ գրքերի մասին խոսում է ինչքան ուզես: Կենցաղային խնդիրների մասին հիշելիս ակամայից գլուխը կախում է ու հարցերը շրջանցում է: 17.000 դրամով վարձած կիսանկուղային բնակարանից հանելու դեպքում մայրն ու աղջիկը կհայտնվեն դրսում: «Չեմ ուզում հույսս կտրել, որ մեզ բնակարանով կապահովեն, ուզում եմ գոնե մի քիչ հավատալ: Հոգեբանորեն դժվար է, գիտեք, երիտասարդ աղջկա համար, պատասխանատվության մեծ զգացում կա, միայնակ երեխա եմ, մայրիկիս խնամքն ինձ վրա… Բայց համարում եմ, որ ես զինվոր եմ, կյանքի բերումով եմ այդպիսին: Ամուր ոտքերով եմ կանգնած»,- վստահեցնում է Հասմիկը՝ չցանկանալով, որ իր հասակակիցներն էլ կյանքի այդ դաժան փուլերով անցնեն: Ասում է, որ երիտասարդների բարեկեցիկ կյանքը, ծանրաբեռնվածության ոչ մեծ լինելը նրանց անհոգ է դարձրել, ինչին Հասմիկը թաքուն կարոտով է նայում: «Ես պատրաստ եմ կյանքին: Անկախ ամեն ինչից` լավ է, երբ կոփված ես լինում, պարզապես այդ ճանապարհն անցնելն է ծանր»,- ասում է նա՝ հավատացնելով, որ իր ամենամեծ խնդիրը զբաղվածության պատճառով գիրք կարդալու ժամանակ չունենալն է: «Ձգտումներ շատ ունեմ, մանավանդ` մասնագիտական ծրագրեր շատ ունեմ, բայց որ ասեմ` հավատացած եմ, թե կհասնեմ իմ նպատակին, դժվարանում եմ: Աշխատում եմ չպլանավորել, չերազել, որպեսզի անակնկալի չգամ կամ չհիասթափվեմ: Նախօրոք գիտեմ` ինչը կարող է լինել, ինչը՝ ոչ: Ես կորցնելու բան չունեմ, գոնե ֆինանսական՝ չունեմ»,- ասում է նա՝ ավելացնելով, որ, եթե իրեն տանից դուրս անեն… Պատրաստ է ամենադժվար աշխատանքն էլ կատարել: «Չնայած եվրոպական հագուստների խանութում փորձել եմ աշխատել, բայց ինձ չընդունեցին աշխատանքի: Ինձ ասացին՝ դու շատ լավ մարդ ես, բայց որպես վաճառողուհի չես կարող աշխատել: Իրենք կարողանում են հագուստը գովազդել, վաճառել, իսկ իմ մեջ չկա այդ բանը, որ եթե մարդուն այդ հագուստը չի սազում, ուրեմն չեմ կարող ասել, որ վա՜յ ինչ գեղեցիկ է…»: Հասմիկի հետ երկար զրուցելուց հետո նա մի քիչ թեթեւանում-կիսվում է. «Դժվար է կյանքը: Օրինակ, երբ գնում ես մի տեղ աշխատանք խնդրելու՝ քեզ չեն նայում որպես մարդ եւ որպես մասնագետ: Նայում են որպես կին: Պիտի փող, ուժ կամ միջնորդ ունենաս, որ կարողանաս աշխատանք գտնել, որը քո բարոյական հատկանիշների մասին կերաշխավորի: Իսկ երբ մենակ ես՝ կարող է քեզ վիրավորեն, ստորացնեն: Անբարո առաջարկությունները, բնականաբար, բարձրաձայն չեն լինում, բայց միտումներ, ակնկալիքներ լինում են եւ, որպեսզի չնեղանանք իրարից` ես մշտապես նման պարագաներում նահանջում, հեռանում եմ»,- պատմում է Հասմիկը, ով շատ է տառապում մոր համար եւ աշխատում է իր նեղված վիճակը թաքցնել նրանից: