Թեեւ յուրաքանչյուր տարի մեր պաշտոնյաներն ուրախությամբ հայտարարում են, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտում զգալի աճ է արձանագրվել, այդուհանդերձ, մեր երկիր այցելող օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների որակն ու գները մնում են անփոփոխ, ինչը բնականաբար այցելուներին հիասթափեցնում է:
Տուրինդուստրիայի մասնագետները հաճախ ծառայությունների վատ որակի համար ստիպված են լինում զբոսաշրջիկներից ներողություն խնդրել, քանի որ ցածրակարգ սպասարկումը ոչ միայն զայրացնում, այլեւ Հայաստանի հեղինակության վրա ստվեր է գցում: Կարծիք կա, որ Հայաստանից հեռացող զբոսաշրջիկները սեւ PR են իրականացնում, այդպիսով կանխելով իրենց մերձավորների այցը մեր երկիր: Հիասթափությունն առաջանում է Հայաստան ոտք դնելու պահից. «Շատ մեծ խնդիր է այսօր օդանավակայանի սահմանապահ ծառայությունը, ոչ միայն խնդիր է, այլ «կատաստրոֆա»: Ինքս 1 շաբաթ առաջ բախվեցի եւ չէի պատկերացնում ծառայության նման որակ: Անձնագրային կետում, սահմանը հատելու համար 1 ժամ 45 րոպե մարդը պետք է հերթ կանգնի: Ես մեր սահմանապահ ծառայությունների փոխարեն ներողություն էի խնդրում զբոսաշրջիկներից, որպեսզի վատ տպավորությունները մեղմեի: 8 անցակետեր փորձում են ապահովել 1000 հոգանոց մարդկային հոսքը»,- ասում է Ճամփորդական գործակալների ամերիկյան միության հայաստանյան ներկայացուցչության նախագահ, «Ֆայվ սթարզ թրավել» կազմակերպության տնօրեն Եղիշե Թանաշյանը, ով վստահեցնում է, որ որեւէ միջազգային ավիացիոն եւ սահմանային կանոնակարգով նման սպասարկում չի կարելի: Միջազգային ավիացիոն եւ սահմանային կանոնակարգով օրինակ` միգրացիոն ամենախիստ ռեժիմ ունեցող ԱՄՆ-ում յուրաքանչյուր անձի սպասարկման առավելագույն ժամանակը սահմանված է 1-1,5 րոպե: Եվրոպայում այն տեւում է 5-10 վայրկյան, մինչդեռ Հայաստանում 3-4 րոպե է: Այնպես որ, հարկ է նշել, որ Հայաստան մուտք գործած զբոսաշրջիկի տպավորություններն ու հիասթափությունը սկսվում են հենց անձնագրային ծառայությունների ոչ պատշաճ սպասարկումից: Հայաստան ժամանող խմբերի անկանոն սպասարկման ժամանակ հաճախ զբոսաշրջիկների հանդեպ կոպիտ վերաբերմունք են դրսեւորում եւ անձնական վիավորանքներ են հնչեցնում ծառայության աշխատակիցները, իսկ գոյացող հերթերի սրահների օդափոխության համակարգի մասին խոսելն ավելորդ է, քանի որ նման պայմաններն ուղղակի տանջում են օտարերկրացիներին: «Նմանատիպ վերաբերմունքից հետո տուրօպերատորից մեծ ջանքեր են պահանջվում, որպեսզի կարողանաս քավել ինչ-որ մի ենթակառուցվածքի չինովնիկի մեղքերը: Զբոսաշրջիկը ոչ միայն հակված չէ կրկին գալ Հայաստան, այլեւ սեւ PR է տարածում իր շրջանում»,- վստահեցնում է Ե. Թանաշյանը` վկայակոչելով, որ տուրիզմի լավագույն գովազդը մարդկային գովազդն է, քանի որ Հայաստանից հեռացողն ակտիվ քարոզչություն կամ հակաքարոզչություն է իրականացնում, որը խթանում կամ կանխում է նոր տուրիստների հոսքը: Վերջինիս տվյալներով` Ավստրալիայում առկա հայկական մեծ համայնքում մեր տուրօպերատորներից մեկի խաբեության եւ վատ սպասարկման պատճառով բավականին բացասական վերաբերմունք է ձեւավորվել մեր երկրի հանդեպ, ինչը դեռ տարիներ շարունակ հնարավոր չէ վերականգնել:
Նույն մարդիկ են օգտվում հանգստի բարիքներից
Հիմնականում մշակութային տուրիզմով հետաքրքրվող տուրիստական խմբերի կամ անհատների սպասարկմամբ զբաղվող կազմակերպությունը կենտրոնացած է քրիստոնեական, մշակութային ծրագրերի վրա, որը նաեւ ներքին տուրիզմ է կազմակերպում: Ըստ Թանաշյանի, ներքին տուրիզմը փոքր տոկոս է կազմում, քանի որ վերջին 1-2 տարիների ընթացքում տեղաբնակների ստվար զանգվածը նախընտրում է արտերկրում հանգստանալ: Ե. Թանաշյանն այս հանգամանքը բացատրում է երկու գործոնով. նախ` արտասահմանյան երկրներն իրենց գնային դաշտով սկսել են մոտենալ հայաստանյան գներին, իսկ երկրորդ գործոնն այն է, որ միջին խավն ընդլայնվել է, վճարունակ է դարձել, եւ նույն կամ մի փոքր ավելի գումար ծախսելով` հնարավոր է դարձել հանգիստն ավելի բարենպաստ, հաճելի պայմաններում անցկացնել: «Այսօր մենք Հայաստանում համապատասխան ենթակառուցվածքներ չունենք, որպեսզի տուրիստի հետաքրքրություններն ապահովենք: Զվարճանքի բացակայությունը հանգստի համար մեծ խնդիր է: Անցյալ տարվանից սկսած շատ գործուն է ծովի խնդիրը` Քաբուլեթի, Բաթումի, եւ գնային դաշտը շատ ավելի մատչելի է, քան Հայաստանում: Այնպես որ, դրսում հանգստանալը միանգամայն տրամաբանական է, եթե ֆինանսը չի տարբերվում, բնականաբար, մարդիկ նախընտրում են ծովը»,- նշում է Թանաշյանը` մատնանշելով Ծաղկաձորի հանգստավայրերի գները: Օրինակ` միջին մակարդակի հանգստյան տներում արժեքները սկսում են օրական 15.000-16.000 դրամից մինչեւ 30.000 դրամ: 1 հոգու համար օրական հանգիստը 13.000 դրամ է, իսկ 3 անգամյա սնունդն առանձին արժե 3000-4000 դրամ: Ստացվում է, որ միջին կարգի պայմաններում հանգիստն անցկացնելու համար անհրաժեշտ է օրական 17.000-18.000 դրամ: Իսկ վերոնշյալ գները Քաբուլեթիում անհամեմատ ավելի մատչելի են: «Հայաստանում կառուցվող հիմնականում փոքր հյուրանոցային համալիրները թանկարժեք են եւ միջին խավի համար դժվար մատչելի: Սեւանում կառուցվող շքեղ հյուրանոցային համալիրները 50-60 սենյակ ունեն, սակայն նախընտրելի է ունենալ 150-200 տեղանոց 2-3 աստղանի, մաքուր ստանդարտներով, էժան հյուրանոցներ: Մանավանդ շրջաններում մեզ բացարձակ անհրաժեշտ չէ ունենալ 4-5 աստղանի ճոխ, թանկարժեք հյուրանոցներ, որովհետեւ դրանք խիստ սեզոնային բնույթ են կրում, հատկապես Սեւանի հանգստյան տները: Թեեւ դա ներդրողների խնդիրն է, բայց, կարծում եմ, դրանց առկայությունը տնտեսապես հիմնավորված չէ»,- կարծում է Ե. Թանաշյանը: Ի դեպ, Ծաղկաձորի հանգստյան տների գներից գրեթե չեն տարբերվում նաեւ Սեւանում հանգստանալու գները: Հետեւաբար պետք է արձանագրենք, որ միջին խավը նախընտրում է` մի փոքր ավելի կարճ կազմակերպելով հանգիստը, ծախսելով չնչին տարբերությամբ ավելի գումար, հանգիստն անցկացնել արտերկրում: Իսկ չունեւոր խավն, ըստ էության, զրկված է գոնե Հայաստանում հանգստանալու հնարավորությունից: «Ունեւոր խավը եւ՛ մեկնում է արտերկիր, եւ՛ օգտվում է Հայաստանի հանգստավայրերից հիմնականում «ուիքենդային» հանգստի տեսքով: Եթե ճիշտ գնահատենք, ապա հիմնականում նույն մարդիկ են օգտվում այդ բարիքներից»,- վստահեցնում է Ճամփորդական գործակալների ամերիկյան միության հայաստանյան ներկայացուցչության նախագահը:
Եվրոպացու համար Հայաստանն արժե 1500-1800 դոլար
Համաշխարհային տուրիստական շուկայում Հայաստանն այս տարի էլ համարվում է թանկ պրոդուկտ: Մինչդեռ, Ե. Թանաշյանի գնահատմամբ` մեր երկիրը որպես մշակութային պրոդուկտ այնքան էլ թանկ չի համարվում: «Տուրօպերատորների ցածր շահույթի շնորհիվ է, որ որպես մշակութային պրոդուկտ մատչելի է Հայաստանը: Եվրոպական տուրիստների միջեւ հաճախ նման համեմատություն է արվում` մեկնել Հայաստա՞ն, թե՞ Իտալիա, իսպանական ծովափ կամ Անթալիա: Բնականաբար եվրոպական ծովափնյա հանգիստն ավելի նախընտրելի եւ մատչելի է: Տուրիստի համար ավելի մատչելի է նշված երեք երկրներ մեկնելը, քան Հայաստան գալը: Սակայն որպես մշակութային երկիր` այլ մշակութային երկրների հետ գները մոտ են: Եթե ծովափնյա հանգստի արժեքը ներառում է ապրելավարձ, ավիատոմս եւ այլն, ապա մշակութային տուրփաթեթի մեջ` ավիատոմս, ապրելավարձ եւ մշակութային ծրագրեր, որը թանկ հաճույք է, քանի որ օգտագործվում են տրանսպորտային միջոցներ, ուղեկցորդի ծառայություններ, այցելություններ ճարտարապետական հուշարձանային վայրեր, համերգային, ազգագրական ծրագրեր, թանգարաններ, պատկերասրահներ, եկեղեցիներ, ուխտագնացություն, ներառյալ` ազգային խոհանոց եւ արժեքը մեծացնող այլ հանգամանքներ»,- նշում է Ե. Թանաշյանը` վստահեցնելով, որ տուրօպերատորներն, այնուամենայնիվ, գները սեղմելով` աշխատում են փաթեթները մատչելի դարձնել, սակայն հյուրանոցային թանկ գները միանշանակ փաթեթների գներն ուռճացնում են: Անշուշտ, ավիատոմսերի գներն էլ լուրջ պատճառ են, որպեսզի տուրիստական փաթեթների գները բարձրանան: Եվրոպացի մեկ անձի համար Հայաստան ճամփորդության միջին գինը մոտ 1500-1800 դոլար է: Մշակութային այդ տուրփաթեթը 1 շաբաթյա ճամփորդություն է առաջարկում, որի մեջ մտնում է ավիատոմսը, 4 աստղանի հյուրանոցում հանգրվանելը, մշակութային ծրագրերը եւ այլն: Եվրոպական ցանկացած երկրից Հայաստան ժամանելու մշակութային տուրփաթեթի միջին գինը 1500-1800 դոլար է: Եվրոպական երկրից միայն Հայաստան գալը մոտավորապես արժե 700-800 դոլար, իսկ այդ երկրների քաղաքացիները եվրոպական ցանկացած երկրում ճամփորդելու համար ծախսում են ընդամենը 200-300 դոլար: Եթե տուրծրագիրը մշակութային չէ, այլ հանգստյան նպատակով են մեկնում, ապա նույնիսկ 1000 դոլարով կարող են 1 շաբաթ հանգստանալ Իսպանիայի լավագույն ծովափում: Ի դեպ, Ե. Թանաշյանի հավաստմամբ` հայաստանյան մշակութային տուրփաթեթներով հետաքրքրված են հիմնականում գերմանացիները, ճապոնացիները, իտալացիները եւ ավստրիացիները: «Միջին Արեւելքում վերջին խժդժություններից, պատերազմական լարված իրավիճակից հետո իտալացի եւ կանադացի տուրիստներին Հայաստանը որպես քրիստոնեական մշակութային երկիր տարեցտարի ավելի է գայթակղում»,- ասում է նա` ավելացնելով, որ տուրիստների մեծ հոսք է ակնկալվում առաջիկա տարիներին: Որքան էլ զարմանալի է, մուսուլմանական երկրների տուրիստները Հայաստան են գալիս, որովհետեւ գայթակղվում են մեր եվրոպամետ ազատ կյանքով: «Որոշ մուսուլմանական երկրների բնակիչների համար ավելի հեշտ է գալ Հայաստան, վիզա ստանալու առումով ավելի ազատ երկիր ենք համարվում, քան մեկնել եվրոպա: Նրանց էլ մեր ազատությունն է գրավում»,- վստահեցնում է «Ֆայվ սթարզ թրավել» կազմակերպության տնօրենը: