Այն պահից, երբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր հովանավորը դարձավ «Վիվա Սելլ» ընկերությունը, փառատոնի կազմակերպիչները կարծես թե ազատ շունչ քաշելու հնարավորություն ստացան, քանի որ պետբյուջեից հատկացված մոտ 50 մլն դրամը փառատոնի բոլոր ծախսերն ու պահանջները բավարարել չէր կարող:
Սակայն փառատոնի մեկնարկից հինգ օր առաջ հայտնի դարձավ, որ «Վիվա Սելլը»` հովանավորելով մեր երկրի թերեւս ամենախոշոր մշակութային իրադարձությունը, այնուամենայնիվ շահույթ ստանալու ցանկությունից հրաժարվել չի պատրաստվում եւ հովանավորությունը համատեղելու է իր համար խիստ շահութաբեր գործարքով: «Վիվա Սելլը» փառատոնին հովանավոր կանգնելով՝ հեռուստաընկերություններին ու փառատոնի կազմկոմիտեին պարտավորեցնում է «Ոսկե ծիրանի» ծրագրերին ու հյուրերին ներկայացնող տեսահոլովակներին կցել նաեւ «Վիվա Սելլի» գովազդային հոլովակը կամ լոգոտիպի ցուցադրումը: Այդ մասին հայտնեց «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, ով խնդրեց հեռուստալրագրողներին` այդ մասին տեղեկացնել հեռուստաընկերությունների ղեկավարներին: Ստացվում է այնպես, որ խոշոր ձեռնարկությունը ոչ կոմերցիոն եւ շահույթ չհետապնդող «Ոսկե ծիրանից» (որն, ի դեպ, չի տնօրինելու նույնիսկ տոմսերի վաճառքից ստացված գումարները) պահանջում է ինքնուրույն լուծել այդ խնդիրն ու հարցերը պարզել հեռուստաալիքների հետ: Այս փառատոնի կազմկոմիտեում ընդգրկված են հայտնի կինոպրոֆեսիոնալներ, սակայն կոմերցիոն տնօրենի բացակայությունը եւ «Վիվա Սելլի» հետ ավելի սթափ ու տրամաբանական գործարք կնքելու անկարողությունը կարող են ի չիք դարձնել փառատոնի բոլոր սպասելիքները, քանի որ ոչ մի երկրում լրատվամիջոցներին նման բան չեն պարտադրում: Եթե պարտադրես, կարող է բոլորովին հակառակ արդյունքի հասնես: Շատ լրատվամիջոցներ ոչ միայն պարզապես կանտեսեն այս փառատոնը, այլեւ (որքան էլ փառատոնը հիանալի ծրագիր եւ կազմակերպման որակ ունենա), ոչ բարեհամբույր արձագանքի կարժանացնեն: Ս. Հարությունյանը փորձում է լրագրողների հետ փոխշահավետ շփման ճանապարհ գտնել, սակայն կոմերցիոն մոտեցումն արվեստից շատ հեռու է, եւ պարզապես պարտավորեցնելը կամ պայման դնելը չի նպաստի այդ պայմանների կատարմանը: Պարզապես փառատոնն ավելի վատ կլուսաբանվի, իսկ կինոֆիլմերն ու կինոհյուրերն էկրանին ու թերթի էջերում չեն հայտնվի: Ընդ որում, «Ոսկե ծիրանը» տպագիր մամուլին հյուրերի հետ բացառիկ հարցազրույցների հնարավորություն տալը թերթի 150 օրինակի չափով է գնահատում: Ճիշտ այդքան օրինակ պետք է հանձնվի կազմկոմիտեին: Ստացվում է, որ մեկ հարցազրույցը թերթի համար 15.000 դրամ է արժենալու: Բավականին անհեթեթ հաշվարկ եւ աշխատանքային մոդել է, քանի որ յուրաքանչյուր լրատվամիջոցի հետ անհատական է պետք աշխատել եւ հարկ եղած դեպքում ճշտել` թե ո՞րն է փառատոնի համար ավելի ձեռնտու` լրատվամիջոցին նորություններ վաճառե՞լը, թե՞ նրան ինֆորմացիոն գործընկեր դարձնելը: Մեկ առ մեկ է պետք պայմանավորվել թերթերի ու հեռուստաալիքների հետ, քանի որ գովազդով զբաղվող բաժինները լրագրողների կարծիքը երբեք էլ չեն հարցնի եւ ավելի շուտ փառատոնը լուսաբանելուց կհրաժարվեն, քան անվճար գովազդ ցուցադրելուց, քանի որ այդ գովազդները տեղադրելու կամ ցուցադրելու համար հեռուստաալիքները եւ տպագիր լրատվամիջոցները ավելացված արժեքի հարկ են վճարում: Ինչպես պրոֆեսիոնալներն են ժյուրիի կազմում ընդգրկվում եւ լավագույն ֆիլմերն ընտրում, այնպես էլ կոմերցիոն գործարքների կնքումն ու իրականացումը պետք է պրոֆեսիոնալ կոմերսանտներին թողնել, որոնք լրատվամիջոցների հետ աշխատել գիտեն եւ նրանց ներքին «խոհանոցից» գլուխ են հանում: Կինոգետներով ու ռեժիսորներով հովանավորող-հովանավորվող կապում ստեղծված թյուրիմացությունները փրկելու փորձերը ոչ մի առումով չեն նպաստի փառատոնային մթնոլորտին եւ ավելի շուտ խուճապային տրամադրություն կստեղծեն: Փառատոնի մեկնարկին մի քանի օր է մնացել եւ դեռ ուշ չէ փառատոնի կազմկոմիտեում կոմերցիոն հարցերով զբաղվող մարդու ընդգրկելը, որն այս դեպքում կինոռեժիսորներից եւ կինոգետներից բնավ էլ պակաս նշանակություն չունի: Հովանավորի եւ փառատոնի միջեւ ծագած խնդիրները չպետք է գործեն ի վնաս հանդիսատեսի եւ զրկեն նրան տեղեկատվությունից եւ կինոյի տոնից: