«Ոսկե ծիրան» միջազգային կոնոփառատոնի հիմնադիրներից մեկը՝ կինոգետ Միքայել Ստամբոլցյանն այս օրերին ոչ մի րոպե ազատ ժամանակ չունի: Կազմվում, ուղղվում, շտկվում եւ տպագրվում են փառատոնի ծրագրերը: Կինոդիտումների օրերն ու ժամերն են հստակեցվում: Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան բերված ֆիլմերը հայերեն են թարգմանվում, նաեւ` հայերեն սուբտիտրեր` տողատակեր արվում: Սա այս տարվա փառատոնի նորույթն է, որի շնորհիվ ֆիլմերը հնարավոր կլինի բնօրինակի լեզվով լսել եւ միաժամանակ տեքստը հայերեն կարդալ: Մ. Ստամբոլցյանը լավ է գիտակցում, թե որքան կարեւոր են այս վերջին պատրաստությունները: Փառատոնի ծրագրերի տնօրեն լինելով, նա հեղինակներից եւ կազմակերպություններից ֆիլմերը ցուցադրելու իրավունք ստանալու համար բազմաթիվ կինոմիությունների եւ կինոգործիչների հետ է բանակցում:
– Այս պահին հայտնի իտալացի ռեժիսոր Մարկո Բելոքիոյի ֆիլմի ցուցադրման համար Մոսկվայի Գոսֆիլմֆոնդի հետ ենք բանակցում: Բելոքիոյի վերջին Ֆիլմը, որն այս տարի Կաննի փառատոնում էր ցուցադրվել, Երեւան բերելու համար պետք է կապվենք պրոդյուսերի հետ, ով Չինաստանում է, այսօր կգա Հռոմ, եւ մենք կզանգահարենք նրան:
– «Ոսկե ծիրանի» տնօրեն Հարություն Խաչատրյանն ասաց, որ փառատոնը շուկայական ֆիլմեր չի ցուցադրի, այլ միայն բարձրարժեք գործեր կլինեն: Ձեր կարծիքով` ֆիլմում այդ երկու բեւեռները համատեղել չի՞ ստացվում:
– Ինչո՞ւ ոչ: Լավ ֆիլմեր կան, որոնք հանդիսատես են հավաքում, բայց մեր նպատակը կինոթատրոնում ցուցադրվող ֆիլմերը ներկայացնելը չէ: Նրանց առանց փառատոնի էլ կարելի է ծանոթանալ: Մենք ավելի շատ ուզում ենք ճաշակ դաստիարակել: Ֆիլմերը շատ-շատ են, եւ հաճախ հանդիսատեսը վատը լավից տարբերել չի կարողանում, չգիտի` ո՞րն է լավը: Եթե մարդուն անընդհատ թթված գինի տաս խմելու, նա կսովորի դրան: Ու երբ լավ, ասենք` ֆրանսիական գինի հյուրասիրես, նրան միեւնույն կլինի, նա տարբերությունը չի կարողանա զգալ:
– Այնպիսի տպավորություն է, որ այս տարվա «Ոսկե ծիրանին» հանդիսատեսը ավելի շատ է սպասում, քան նախորդ տարիներին:
– Փոքր-ինչ նման զգացողություն ես էլ ունեմ: Մարդկանց մոտ հետաքրքրություն կա, մանավանդ` երիտասարդների շրջանում: Դա շատ լավ է, քանի որ բոլոր երկրներում էլ հիմնական հանդիսատեսը երիտասարդներն են: Միջին տարիքի մարդիկ դեպքից դեպք են կինոթատրոն գնում, իսկ երիտասարդներն ավելի մոբիլ են, ավելի շատ ազատ ժամանակ ունեն:
– Փառատոնի բացման արարողությունը կարճ է լինելու եւ շատ քիչ հանդիսատեսի մասնակցությամբ: Ինչո՞ւ:
– Անցյալ տարի բացումը Օպերայի թատրոնում էր, որն, իհարկե, ավելի մեծ է, քան «Մոսկվա» կինոթատրոնը (ինչը թույլ տվեց վիրավորված չհրավիրվածների թիվը պակասեցնել), բայց շատ անհարմար է մի դահլիճից դուրս գալ ու բացման ֆիլմը դիտելու համար այլ դահլիճ գնալ: Այս տարի փառատոնի ողջ ընթացքն Ազնավուրի հրապարակում է կատարվելու եւ բացօթյա է լինելու:
– Ֆիլմերի ընտրությունը խի՞ստ չափանիշներով է արվել:
– Ամեն տարի էլ փորձում ենք խիստ լինել:
– Այս տարի փառատոնին մասնակցել ցանկացող հայ կինեմատոգրաֆիստների թիվը զգալիորեն աճել է: Դա ուրախալի փաստ է: Սակայն եղան նաեւ վիրավորված եւ դժգոհ հեղինակներ, ում ֆիլմերը դուք մերժել եք:
– Մերժելն անխուսափելի էր: Իհարկե, լավ չէ, որ վիրավորված մարդիկ եղան, բայց մենք ստիպված էինք 300 ներկայացված ֆիլմերից ընդամենը 114-ն ընտրել: Մենք հստակ գիտեինք, որ 100 հայկական ֆիլմերից 70-ը պիտի մերժվեր: Իսկ յուրաքանչյուր ռեժիսոր, ով ջանք է թափել եւ ֆիլմ է ստեղծել, միշտ կարծում է, որ իր ֆիլմը արվեստի խոշոր գործ է, եւ մերժումը ցավագին է ընդունում: Բոլորս էլ հակված ենք ինքներս մեզ խաբել: Բայց պետք է հասկանալ, որ եթե մի քիչ թուլացնում ես չափանիշները, որակը միանգամից ընկնում է: Նույնիսկ այս տարվա ընտրությունից են դժգոհ: Խոսքս միայն հայկական ֆիլմերի մասին է, քանի որ միջազգային մրցույթում միայն լավագույն ֆիլմեր ենք ընդգրկել: Հայկական ֆիլմեր կան, որոնք անձամբ ինձ հետաքրքիր չեն, բայց քանի որ մրցույթը «Հայկական համայնապատկեր» է կոչվում, պետք է ֆիլմերի ավելի լայն պատկերը ցուցադրել: Եվ, վերջիվերջո, փառատոնն ընտրող հանձնաժողով ունի, որին եւ պատկանում է վերջնական որոշումը:
– Նախկինում ֆիլմը լայն էկրան բաց թողնելուց առաջ «փակ դիտումներ» էին կազմակերպվում, գեղխորհուրդը որոշ շտկումներ էր անում: Գուցե նման միջամտությունը կօգնի՞ հայկական ֆիլմերին ավելի լավը դառնալ:
– Ես դրան կտրականապես դեմ եմ: Պատկերացնո՞ւմ եք, ինչ կստացվի այն կտավից, որի ստեղծմանը բացի նկարչից ուրիշ մարդիկ էլ միջամտեն: Կամ կոմպոզիտորին, որին խորհուրդ են տալիս երաժշտության, ասենք, երկրորդ թեման հանել: Կինոն, չգիտեմ` ինչո՞ւ, կոլեկտիվ արվեստ են համարում եւ կարծում են, որ ամեն մեկը կարող է ֆիլմի ստեղծման ընթացքում գալ եւ իր քիթը խոթել ֆիլմի մեջ: Նույնիսկ այն ժամանակ, երբ ես ֆիլմերի խմբագիր եմ աշխատում, չեմ համարում, որ ես ռեժիսորի ցենզորն եմ: Իմ գործը միայն ռեժիսորին օգնելն է: Կինոն միայն մեկ մարդ է ստեղծում, եւ նա էլ ամեն ինչի համար պիտի պատասխան տա: Յուրաքանչյուր ֆիլմի վրա հեղինակի կնիքն է: