Լեգենդար Տոնինո Գուեռան Երեւան է գալու

09/07/2006

Այս տարի «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերի շարքում կլինի նաեւ հայտնի պոետ, գրող եւ կինոսցենարիստ Տոնինո Գուեռան, ով բազմաթիվ սցենարների հեղինակ է, կենդանի կինոլեգենդ: Նա աշխատել է Ֆեդերիկո Ֆելինիի, Միքելանջելո Անտոնիոնիի, Վիտորիո դե Սիկայի եւ Անդրեյ Տարկովսկու հետ: Եղել է նաեւ Սերգեյ Փարաջանովի մտերիմ ընկերը: Երեւան այցելելով` նա հատուկ մրցանակ կստանա. Փարաջանովի տուն-թանգարանում նրան կինոյում ունեցած մեծ վաստակի համար մրցանակ կշնորհվի: Տ.Գուեռան սկսել է ստեղծագործել դեռեւս ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում գտնվելու ժամանակ: Մի քանի տարի առաջ` ներկայացնելով իր նկարները, որտեղ հիմնականում թիթեռներ էին պատկերված, Գուեռան ասել է. «Իմ ամենաերջանիկ օրն այն էր, երբ ես դուրս եկա գերմանական համակենտրոնացման ճամբարից եւ առաջին անգամ թիթեռին նայելով, ցանկացա ոչ թե ուտել նրան, այլ` պատկերել»: Տ.Գուեռայի հետ մի ողջ կինոշրջան է կապված. նա մի հեղինակ է, ով զիջումների գնալ երբեք չի ցանկացել եւ նույնիսկ մերժել է Հոլիվուդում «մեծ թափի» էպիկական կինո ստեղծելու առաջարկը: Հայաստան այցելելու առաջարկը Տ.Գուեռան մեծ ոգեւորությամբ է ընդունել` նշելով, որ միշտ ցանկացել է իր ընկերոջ` Փարաջանովի Հայրենիքին ծանոթանալ: