AN12-ի լոգոն ճամփին փոխել են

04/05/2005

«Տիգա Էյր» հայկական ընկերության AN12  ինքնաթիռը Հասարակածային Գվինեա թռիչք է կատարել «Պանակ» (PANAC)՝ լոգոյի ներքո: Սա այն դեպքում, երբ «Տիգա Էյրի» պայմանագիրը եղել է գերմանական CAL ավիաընկերության հետ: Թերեւս հենց այս «PANAC» բառի մեջ է նաեւ թաքնված  է 6 հայ օդաչուների հետ պատահած չարաբաստիկ պատմությունը, որը դեռ հայտնի չէ՝ ինչով կավարտվի: Ինչո՞ւ է «Անտոնով-12» սովետական օդանավը, որը պատկանում է «Դվին» կոնցեռնի դուստր ձեռնարկությանը՝ «Տիգա-Էյր»-ին, Գվինեայում հայտնվել  «PANAC» լոգոյով, մեր թղթակիցն այս հարցով դիմել է «Տիգա Էյրի» տնօրենին: Վերջինս ասել է, թե «Գերմանական CAL ընկերության հետ կնքված մեր պայմանագրում ոչինչ չի ասվում լոգոյի մասին: Եվ գերմանական կողմն է որոշել «PANAC» լոգոն պատկերել հայկական օդանավի վրա»:  Ինչպե՞ս կարող էր պայմանագրում նման փոփոխություն կատարելու մասին որեւէ խոսք չլինել. տնավարի՞, ոչ պրոֆեսիոնա՞լ պայմանագիր է եղել: Կամ 6 հայ օդաչուների  պաշտպանության ուղղությամբ «Դվին» կոնցեռնը եւ «Տիգա Էյրն» առհասարակ ի՞նչ միջոցներ են ձեռնարկել: Պարզ է, օդաչուների ընտանիքների մոտ մեկ տարի հոգեբանական սթրեսների մեջ են: Սակայն ինչպե՞ս են այդ մարդկանց ընտանիքները գոյատեւում.  «Դվին» կոնցեռնը եւ «Տիգա Էյրն» արդյոք հոգ տանո՞ւմ են: Իհա՛րկե ոչ: Ըստ օդաչուների հետ պայմանագրի, ամսական աշխատավարձը պետք է ստանային ընտանիքները՝ Երեւանում: Ընդամենը մեկ ամսվա աշխատավարձ են ստացել: «Դվին» կոնցեռնը եւ «Տիգա Էյրը» բարոյական պատասխանատվություն չե՞ն կրում այդ ընտանիքների առջեւ, որոնց տղամարդիկ «Տիգա Էյրի» ոչ պրոֆեսիոնալ գործարքի պատճառով այսօր նման դրության մեջ են հայտնվել, եւ դեռ հայտնի չէ՝ ինչ է լինելու այս մութ պատմության վերջը: