Մեր դիրքերն ամրացե՞լ են

09/07/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Հունիսի 22-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արած հայտարարությունը եւ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտնի հարցազրույցը հանրության համար բացահայտեցին ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների սեղանին դրված առաջարկի հիմնարար սկզբունքները:

Թե ի՞նչ նպատակ ուներ այս բացահայտումը, եւ թե ինչո՞ւ դա արվեց հենց այս օրերին, այլ հարց է, սակայն փաստ է, որ արդեն կարելի է հստակ տեսնել, թե արդյո՞ք ԼՂ հարցում ՀՀ դիրքերն իրոք ամրացել են, ինչպես պնդում են ՀՀ գործող իշխանությունները, թե՞ հակառակը՝ թուլացել են, ինչպես պնդում են ՀՀ նախորդ իշխանության ներկայացուցիչները, քանզի տարիներ առաջ գաղտնազերծվել են նաեւ հարցի լուծմանն ուղղված՝ 1997թ. համանախագահների կողմից Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂ իշխանություններին ներկայացված «փաթեթային» եւ «փուլային» առաջարկները, ինչպես նաեւ` 1998թ. նոյեմբերին ներկայացված եւ «ընդհանուր պետություն» անվանված տարբերակը: Իսկ ի՞նչ է նշանակում` հարցի լուծման «փաթեթային» կամ «փուլային» առաջարկ: «Փաթեթային» առաջարկի էությունն այն է, որ այն նախատեսում է բոլոր վիճահարույց հարցերի լուծում 1 «փաթեթում», այսինքն՝ տվյալ դեպքում այն հստակ սահմանում է ԼՂ կարգավիճակը եւ կարգավորում է վիճահարույց մնացած բոլոր հարցերը: «Փուլային» մոտեցմամբ՝ ի տարբերություն «փաթեթայինի», վիճահարույց որոշ հարցերի լուծումը թողնվում է հետագային, այսինքն՝ հակամարտությունը կարգավորվում է փուլ առ փուլ, եւ ամեն փուլից հետո բանակցությունները շարունակվում են՝ դեռեւս չհամաձայնեցված հարցերի շուրջ համաձայնության հասնելու նպատակով: ԼՂ հակամարտության առանցքային անհամաձայնությունը վերաբերում է ԼՂ կարգավիճակին: Այս հարցում կողմերի դիրքորոշումները տրամագծորեն հակադիր են, եւ հարցի լուծման «փուլային» տարբերակը շրջանցում է ԼՂ կարգավիճակի հարցը՝ այն թողնելով հետագային, ըստ էության՝ անորոշ ժամանակով հետաձգելով ԼՂ կարգավիճակի հստակեցման հարցը: Ինչեւէ, թեեւ Հայաստանի ներկայիս իշխանությունները պնդում են, թե համանախագահների ներկայացրած վերջին առաջարկը «փաթեթային» է, սակայն պարզվում է, որ ներկայացվածն իրականում հարցի լուծման «փուլային» տարբերակ է: Որպես ապացույց` նշենք, որ համանախագահներն իրենց վերոնշյալ հայտարարության մեջ ընդգծել են, որ իրենց մոտեցումը վերանայվել է, եւ իրենք «չեն փորձել մեկ փուլով կարգավորել հակամարտության բոլոր ասպեկտները»: Նրանք նաեւ փաստել են, որ առաջնորդվել են հետեւյալ սկզբունքով. հասնել նշանակալի առաջընթացի, սակայն մի քանի չափազանց դժվար հարցերի կարգավորումը թողնել ապագային եւ նախատեսել հետագա բանակցություններ: Համանախագահների արված այդ հայտարարության մեջ ասված է նաեւ, որ «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը որոշելու համար ապագայում նախատեսվում է հանրաքվե կամ համընդհանուր քվեարկություն, որի ժամկետը սահմանված չէ: Կողմերը պարտավորվելու են շարունակել բանակցությունները՝ այդ հանրաքվեի ժամկետն ու ձեւաչափը որոշելու համար»: Այսինքն, կասկած չկա, որ ներկայացված առաջարկը հակամարտության կարգավորման «փուլային» տարբերակ է: Իսկ ի՞նչ տարբերություններ կան ինը տարի առաջ հակամարտության կողմերին ներկայացված «փուլային» տարբերակի եւ նախորդ ամիս Բուխարեստում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին ներկայացված եւ բոլորովին վերջերս գաղտնազերծված «փուլային» տարբերակի միջեւ: Արդյո՞ք ՀՀ-ի դիրքերն այս հարցում իրոք ամրացել են, թե՞ հակառակը: Դատեք ինքներդ:

1997-ի «փուլային» տարբերակ

Այս տարբերակով առաջարկվում էր ԼՂ ուժերի դուրսբերում նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի (ԼՂԻՄ) 1988թ. սահմանագծից ներս՝ բացառությամբ Լաչինի շրջանի: Առաջարկվում էր ստեղծել բուֆերային գոտի, որն ուժերի դուրսբերման ավարտին պետք է տեղակայվեր 1988թ. ԼՂԻՄ սահմանագծի եւ Լաչինի շրջանի հյուսիսային եւ հարավային սահմանագծերի երկայնքով: Լաչինի հյուսիսային եւ հարավային սահմաններում ու ԼՂԻՄ տարածքի երկայնքով պիտք է տեղակայվեին ԵԱՀԿ խաղաղապահ ուժեր: Ուժերի դուրսբերմանը զուգահեռ` պետք է բացվեին ճանապարհները, երկաթուղիները եւ այլն: Նախատեսվում էր նաեւ տեղահանված անձանց ինքնակամ վերադարձ իրենց նախկին մշտական բնակության վայրեր: Իսկ ԼՂ իշխանությունների կողմից վերահսկվող տարածքների անվտանգությունը պետք է ապահովեին գոյություն ունեցող ռազմական կազմավորումների եւ ԼՂ անվտանգության կազմավորումների կողմից: Այս ամենից հետո նախատեսվում էր կողմերի միջեւ շարունակել բանակցությունները՝ ԼՂ կարգավիճակի հստակեցման նպատակով: Իսկ մինչեւ բանակցությունների միջոցով ԼՂ կարգավիճակի վերջնական իրավական հստակեցումը ԼՂ կարգավիճակի հարցում «ստատուս քվոն» պահպանվելու էր, այսինքն՝ ԼՂ-ն ունենալու էր ներկայիս «դե ֆակտո Հայաստանի մաս» կարգավիճակը: Այլ կերպ ասած` այդ տարբերակով նախատեսված էր, որ ՀՀ-ն, Ադրբեջանը եւ ԼՂՀ-ն կնքում են միջնորդների կողմից միջազգայնորեն երաշխավորված խաղաղություն՝ ԼՂ կարգավիճակի իրավական հստակեցումը հետաձգելով անորոշ ժամանակով, իսկ այդ ողջ ընթացքում ԼՂ-ն շարունակում էր փաստացի մնալ ՀՀ մաս՝ նախկին ԼՂԻՄ-ի եւ Լաչինի սահմաններում: Միաժամանակ վերացվում էին բոլոր տեսակի շրջափակումները, ՀՀ-ն հնարավորություն էր ունենում ընդգրկվել տարածաշրջանային խոշոր ծրագրերի մեջ՝ այդկերպ մեծացնելով իր դերն ու նշանակությունը մեր տարածաշրջանում: 1997-ին Հայաստանը որոշակի վերապահումներով ընդունեց այս առաջարկը՝ որպես հետագա բանակցությունների հիմք։ Այս տարբերակն ընդունվեց նաեւ Ադրբեջանի կողմից, սակայն մերժվեց ԼՂ կողմից ու ձախողվեց:

2006-ի բուխարեստյան «փուլային» տարբերակ

Ինչպես նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ այս տարվա հունիսի 22-ին Վիեննայում արված հայտարարությունում, նախորդ ամսվա սկզբին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին Բուխարեստում ներկայացված առաջարկի էությունը հետեւյալն է եղել. «հայկական զորախմբերի փուլային հանում ԼՂ-ն շրջապատող ադրբեջանական տարածքներից` հատուկ մոտեցում ցուցաբերելով Քելբաջարի ու Լաչինի շրջանների նկատմամբ»: Իսկ ի՞նչ է հասկացվում` «հատուկ մոտեցում» ասելով: Համանախագահների վերոնշյալ հայտարարությանը հաջորդած՝ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի պարզաբանումներից պարզ է դառնում, որ Լաչինի դեպքում դա այն է, որ հստակ նշվելու է, որ Լաչինը ԼՂ-ն ՀՀ-ին կապող միջանցք է լինելու: Իսկ Քելբաջարի մասով էլ նախարարը նշել է, որ այն «կարող է վերադարձվել միայն հանրաքվե անցկացնելուց եւ ԼՂ-ի վերջնական կարգավիճակի որոշումից հետո»: Այսքանը՝ «հատուկ մոտեցման» մասով: Բուխարեստյան տարբերակով նախատեսվում է խաղաղապահ ուժերի տեղակայում եւ «ներքին տեղահանվածների» վերադարձ «նախկինում օկուպացված ու ԼՂ-ի պատերազմից տուժած տարածքներ»: Սակայն պարզ չէ, թե որտե՞ղ են տեղակայվելու այդ խաղաղապահ ուժերը եւ ի՞նչ կազմ են ունենալու: «Փուլային» այս տարբերակի առանձնահատկություններից է նաեւ այն, որ թեեւ շրջանցվում է ԼՂ կարգավիճակի վիճահարույց հարցը, սակայն նշվում է այն հստակեցնելու կոնկրետ ուղի: Ըստ այդմ, վերը նշված փուլերի իրականացումից հետո ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակը որոշելու համար ապագայում նախատեսվում է «հանրաքվե կամ համընդհանուր քվեարկություն», որի ժամկետը սահմանված չէ: Այստեղ էլ անհասկանալի է մնում այն հարցը, թե որտե՞ղ է անցկացվելու այդ հանրաքվեն: Արդյո՞ք «համընդհանուր քվեարկություն» արտահայտությունը նշանակում է, որ հանրաքվեն կարող է տեղի ունենալ ողջ Ադրբեջանում: Վ. Օսկանյանը վստահեցնում է, որ հանրաքվեին մասնակցելու է միայն ԼՂ բնակչությունը, իսկ համանախագահների հայտարարության մեջ ասված է, որ կողմերը պարտավորվելու են շարունակել բանակցությունները հանրաքվեի «ժամկետն ու ձեւաչափը» որոշելու համար: Իսկ մինչ այդ հանրաքվեն, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, ԼՂ-ն ունենալու է «միջանկյալ կարգավիճակ», իսկ թե ի՞նչ է նշանակում «միջանկյալ կարգավիճակ», դա էլ է առայժմ անհասկանալի: Ինչպես նշում է ՀՀ-ն, այս տարբերակն ընդունվել է ՀՀ-ի եւ մերժվել Ադրբեջանի կողմից:

Ըստ ՀՀ ԱԳՆ հայտարարության, բանակցությունների ընթացքում ի հայտ եկած անհամաձայնությունները չեն վերաբերում հանրաքվեին, եւ այդ հարցը նախագահների միջեւ արդեն համաձայնեցված է, իսկ տարաձայնությունները վերաբերում են ԼՂ ռազմական կոնֆլիկտի առաջացրած հետեւանքների վերացման հերթականությանը: Ու չնայած այս ամենին` ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ համարում է, որ Մինսկի խմբի համանախագահների՝ նախորդ ամիս առաջարկած սկզբունքները, խոշոր հաշվով, լուրջ հիմք են բանակցությունները շարունակելու համար, եւ պատրաստ է այդ հիմքի վրա բանակցել Ադրբեջանի հետ: Միաժամանակ տեսանելի է, որ մեծանում է ճնշումը հայկական կողմի վրա: Բավական է ընդամենը հիշել ամերիկացի համանախագահ Բրայզայի հայտարարություններն Ադրբեջանում ժողովրդավարության զարգացման «դրական միտումների» եւ այդ միտումները ՀՀ-ում տեսնելու ցանկության մասին, մանավանդ, որ Բրայզան ՀՀ-ին հիշեցնում է նաեւ 2005-ի «հանրաքվեի հետ կապված խնդիրների» մասին: Հասկանալի է, որ համանախագահները շտապում են, քանզի եթե այս տարի հարցի լուծման գործում շոշափելի ձեռքբերում չլինի, ապա հաջորդ առնվազն 2-3 տարիների ընթացքում դրա հավանականությունը խիստ փոքրանում է, որովհետեւ 2007-2008-ին իրար հաջորդելու են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները եւ նախագահի ընտրությունը ԼՂ-ում, ՀՀ-ում եւ Ադրբեջանում: Սակայն անհասկանալի է, թե ինչո՞ւ է ճնշում գործադրվում հայկական կողմի վրա, եթե այն հայտարարում է, որ իր համար այդ սկզբունքներն ընդունելի են:

Ինչեւէ, թեեւ բուխարեստյան տարբերակը լի է անորոշ ու երկիմաստ արտահայտություններով, այդուհանդերձ կարելի է ասել, որ այդ տարբերակի հիմնական տարբերությունը (դրական իմաստով) 1997-ի «փուլային» տարբերակից, ըստ էության, այն է, որ մեզ հույս է տալիս, որ ԼՂ-ում ինչ-որ մի օր կարող է կարգավիճակի հարցով հանրաքվե անցկացվել, սակայն չարժե ոգեւորվել, քանզի այդ ենթադրյալ հանրաքվեի «ժամկետներն ու ձեւաչափը», ինչպես նշում են համանախագահները, հետագա բանակցությունների թեմա են: Նույն հաջողությամբ կարելի էր, ասենք, գրել, թե մի քանի պետություններ կարող են ՀՀ մաս դառնալ, սակայն դրանց անունները եւ ՀՀ մաս դառնալու ժամկետները կճշտվեն հետագա բանակցությունների ընթացքում: