Ի՞նչ է կատարվում բանկային փողերի հետ

09/07/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Այս տեսակետի հիմքում ընկած են վերջին մի քանի ամիսներին հայաստանյան տարբեր բանկերում տեղի ունեցող միջադեպերը: Հուլիսի լույս 1-ի (կամ 3-ի) գիշերը «Արդշինինվեստբանկի» «Մալաթիա» մասնաճյուղում, որը տեղակայված է Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանի շենքում, հերթական բանկային կողոպուտն արձանագրվեց: Այս միջադեպի ամենահետաքրքիր պահը, թերեւս, կողոպուտի բուն օրվա ոչ հստակ լինելն է: Մեր տեղեկությունները համընկնում են բանկի մասնաճյուղի աշխատակցի այն ինֆորմացիայի հետ, որ ոչ ոք դեռ չգիտի, թե երբ է կատարվել գողությունը: Դեպքը, հավանաբար, եղել է հուլիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում, քանզի շաբաթ եւ կիրակի օրերին մասնաճյուղը չի աշխատել, իսկ դեպքն արձանագրվել է երկուշաբթի առավոտյան: Մեր աղբյուրների համաձայն, «Արդշինինվեստբանկի» մասնաճյուղի պահուստային ֆոնդից գողացել են 600.000 ԱՄՆ դոլար: Թե ինչպես է հանցագործներին հաջողվել մուտք գործել մասնաճյուղի շենք, «խաբել» եւ լռեցնել անվտանգության աշխատակիցներին, դեռ հայտնի չէ: Երեկվա մեր այցելության պահին դեպքի վայրը մարդաշատ էր, բանկի մասնաճյուղի դուռը՝ բաց, եւ, կարծես, ոչինչ էլ չէր եղել: Բանկի աշխատակիցներից մեկը չցանկացավ մեզ ոչ մի կոնկրետ ինֆորմացիա տրամադրել, բացի այն, որ զոհեր չեն եղել, եւ համայնքի իրավապահ մարմինները քննում են բանկի մի շարք աշխատակիցների: Մասնաճյուղի անվտանգության աշխատակիցը նույնպես չխոսեց՝ ցույց տալով կառավարչի աշխատասենյակի դուռը, իսկ վերջինս տեղում չէր: Հետաքրքիր էր նաեւ բանկի գլխավոր դուռը՝ սովորական փայտե մի դուռ՝ ամենահասարակ փականով: Դժվար չէր կռահել, որ հանցագործների համար դժվարություն չէր կարող ներկայացնել նման դռան արգելքը հաղթահարել: Նկատենք, որ Կենտրոնական բանկի խորհուրդը դեռ վաղուց ընդունել է մի նորմատիվ իրավական ակտ, որը կարգավորում է բանկերի եւ դրանց տարածքային ստորաբաժանումների լիցենզավորումն ու գրանցումը, այդ թվում՝ դրանց տեխնիկական հագեցվածության պարտադիր պահանջներ է ներկայացնում: Այդ կանոնակարգում մասնավորապես նշվում է, որ բանկի մասնաճյուղը կանխիկ դրամով եւ այլ արժեքներով գործառնություններ կատարելու, հաճախորդների դրամարկղային սպասարկումն իրականացնելու, կանխիկ դրամի ու այլ արժեքների հուսալի պահպանության համար պետք է ունենա դրամարկղային հանգույց՝ առանձնացված բանկի կառուցվածքային մյուս ստորաբաժանումներից: «Դրամապահոցը կառուցվում է առանց պատուհանների եւ պետք է ունենա մեկ զրահապատ, չհրկիզվող դուռ… Բանկի մասնաճյուղը պետք է ունենա պահպանիչ-հակահրդեհային ազդարարման, անվտանգության ահազանգման համակարգ, որի էլեկտրասնուցումը կատարվում է տարբեր աղբյուրներից, որոնցից մեկը կարող է լինել տեղային»,- մասնավորապես ասվում է ԿԲ-ի վերոնշյալ իրավական ակտում: Արդյո՞ք բանկերը պահպանում են այս պահանջները, եւ եթե այո, ապա ինչպե՞ս են անհայտանում բանկի դրամական միջոցները, որոնք պատկանում են քաղաքացիներին: Այս հարցի շուրջ բանկերի վերահսկող կառույցն ու իրավապահ մարմինները պետք է լրջորեն մտածեն:

Մեր այցելության պահին «Արդշինինվեստբանկի» «Մալաթիա» մասնաճյուղում հաճախորդների հոսքը «եռուն» էր: Դուրս գալուց մի կնոջ հարցրեցինք, թե տեղյա՞կ է արդյոք նա գիշերային պատահարից: «Հենց նոր իմացա եւ փշաքաղվեցի»,- պատասխանեց այցելուն: «Փշաքաղվելու» պատճառներ, իրոք, կան: Մի քանի տարի առաջ ՀՀ քաղաքացիները բանկերին չէին վստահում՝ պատճառաբանելով, որ բանկիրները կարող են իրենց փողերը ետ չվերադարձնել: Եվ թվում է, բանկիրների քրտնաջան աշխատանքը վստահության նշույլ առաջացրեց բնակիչների մոտ, ու հանկարծ Հայաստանում աննախադեպ երեւույթներ ի հայտ եկան: Այն, ինչ տեսնում էինք հոլիվուդյան էժանագին մարտաֆիլմերում, այժմ տեղի են ունենում Երեւանում: Իսկ պատմությունը սկսվեց 2005թ. դեկտեմբերի լույս 27-ի գիշերը: Այդ օրն «Անելիք» բանկի` Բաղրամյան պողոտայի վրա գտնվող գլխամասային բաժանմունքում տեղակայված արտարժույթի փոխանակման կետից անհայտ անձը կամ անձինք գողացել էին 36 մլն դրամ կանխիկ գումար: Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, «Անելիք» բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի խոսքերով, բանկի շենքի արտաքինից միջամտության նշաններ` կտրված ճաղեր, կոտրված ապակիներ եւ այլն, չեն եղել, ընդամենը բացվել է տարադրամի փոխանակման կետի դուռը եւ այնտեղ գտնվող չհրկիզվող պահարանը: Թեեւ 2005թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել էր տարադրամի փոխանակման կետերի կողոպուտի 11 դեպք, այնուամենայնիվ, «Անելիքի» դեպքն առաջինն էր բանկային համակարգում: Փետրվարի

3-ին երեկոյան բանկային կողոպուտները սկսեցին զարգանալ մեկ այլ՝ ավելի դաժան սցենարով: Երկու զինված անձինք հարձակվել էին «Հայինկասացիայի» աշխատակցի վրա, երբ վերջինս դուրս գալիս է եղել «Յունիբանկի» Արաբկիրի մասնաճյուղի շենքից։ Վերջինս, ամենայն հավանականությամբ, դիմադրություն էր ցույց տվել, քանի որ հարձակվողները գործի էին դրել հրազենը։ Ստացված վնասվածքներից ինկասատորը տեղում մահացել էր, իսկ հարձակում գործած անձինք առեւանգել էին «Հայինկասացիային» պատկանող ավտոմեքենան: Ի դեպ, «Հայինկասացիայի» աշխատակիցը միայնակ է եղել մեքենայի մեջ, մինչդեռ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ինկասատորները երբեք մենակ չեն աշխատում։

Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդագրության, «Հայաստանի գյուղացիության փոխօգնության բանկի» (ACBA) գլխավոր տնօրենի հրամանի եւ վերստուգման լիազորագրի հիման վրա բանկի «Շիրակ» մասնաճյուղում իրականացվել է կանխիկ դրամական միջոցների գրավադրված, ի պահ ընդունված ոսկյա իրերի եւ պարկերի գույքադրում: Արդյունքում պարզվել է, որ մասնաճյուղի դրամարկղի վարիչ, նյութական պատասխանատու անձ հանդիսացող Լ. Մարտիրոսյանը 2006թ. փետրվար-մայիս ամիսներին պաշտոնական դիրքի չարաշահմամբ կանխիկ դրամական միջոցներից հափշտակել է 18 մլն 605 հազար դրամ եւ 38.800 դոլար:

Սակայն, ցավոք, այսքանով ՀՀ-ում բանկային հանցագործությունները չեն սահմանափակվում, դրանք շարունակում են նոր բնույթ կրել: Ինչպես նշել էինք մեր թերթի նախորդ համարներից մեկում, մեր տեղեկություններով, մի քաղաքացի ոսկու գրավի դիմաց ցանկացել է 800 հազար ԱՄՆ դոլարի վարկ ստանալ բանկերից մեկում, գրավադրել է կեղծ ոսկի (բիժուտերիա), ինչի արդյունքում գրավը պարզապես «անհետացել» է, իսկ գումարն էլ այդ քաղաքացուն չէր տրվել։ Մեր աղբյուրների համաձայն, դա եղել է «Յունիբանկի» Մալաթիայի մասնաճյուղում: Հաշվի առնելով այն, որ վերջերս տարբեր բանկերի մասին հակասական լուրեր են պտտվում, եւ հնարավոր է, որ դրանք տարածում են հենց նրանց մրցակիցները՝ դիմեցինք «Յունիբանկի» վարչության նախագահ Վարդան Աթայանին: «Այդ տեղեկատվությունն իրականությանը բացարձակապես չի համապատասխանում: Ինչ-որ կեղտոտություն փորձել են անել, բայց ամեն ինչ կանխվել ու վերականգնվել է»,- մեզ հետ զրույցում ասաց բանկիրը: Նա զարմացավ նաեւ նշված «ահռելի» թվի՝ 800 հազար դոլարի վրա՝ ասելով, որ «Յունիբանկը» ոսկու գրավի դիմաց 1000 դոլարից ավելի վարկ չի տրամադրում:

Հուսով ենք, բանկային հանցագործությունները նոր թափ չեն առնի, քանզի բանկային համակարգը Հայաստանում գտնվում է շատ կարեւոր՝ բնակչության վստահության ձեռքբերման փուլում: Այդ իսկ պատճառով ԿԲ-ն ու Դատախազությունը պարտավոր են նոր մեխանիզմներ կիրառել՝ բանկային անվտանգությունը պահպանելու համար: