Մի մեղադրեք գյուղացուն

09/07/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Եթե Հայաստանում 1 ամսից ավելի անձրեւ չի եկել եւ ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 6-7 աստիճանով, ապա նման պայմաններում կարելի՞ է ասել, որ երաշտ է: Կամ էլ ձեւակերպումը մի փոքր մեղմենք ու ասենք, որ նման պայմաններում գյուղատնտեսությունը կտուժի, այսինքն՝ ցածր կլինի այդ տարվա բերքատվությունը: Այստեղ իրավիճակն այնքան պարզ է, որ բոլորովին պետք չէ մասնագետի կարծիքն իմանալ:

Անասնապահությամբ կամ հողագործությամբ զբաղվող ցանկացած գյուղացի, նույնիսկ միջնակարգ կրթություն չունեցող, գիտի, որ ամռանը, եթե մեկ ամիս շարունակ արեւը վերեւից վառում է ու անձրեւ էլ չի գալիս, կամ էլ ինքն իր բոստանը չի կարողանում ջրել, ապա աշնանը բերք չի ստանում: Լավագույն դեպքում գյուղացին կստանա սպասվածի 20-30 տոկոսը: Սա, երեւի թե, նման է երաշտին: Միգուցե մասնագիտական գրականության մեջ երաշտը ինչ-որ հատուկ չափորոշիչներ ունի, բայց դա ընդամենը 20-30 տոկոս բերք ստացող գյուղացուն բոլորովին չի հետաքրքրում: Իսկ ահա Գյուղատնտեսության նախարարության Հողերի մոնիտորինգի եւ մելիորացիայի վարչության պետ Մամիկոն Գասպարյանը երաշտի մասին իր պատկերացումներն ունի, որոնք լրիվ հակառակ են ցորեն ու կարտոֆիլ մշակող կամ խոտ հնձող գյուղացու պատկերացումներին: Նրա կարծիքով` մի փոքր երաշտ դիտվել է միայն լեռնային շրջաններում, բայց դրա մեղավորն էլ գյուղացին է, որովհետեւ նա սովոր չէ արհեստական ոռոգում իրականացնել, որովհետեւ գյուղացիներից շատերը ոչ թե հողագործ են, այլ բժիշկ, մանկավարժ կամ շինարար: Իսկ պարոն Գասպարյանը կարո՞ղ է պատասխանել այն հարցին, թե Տաշիրի կամ Վարդենիսի շրջանի հողագործ, մանկավարժ կամ բժիշկ գյուղացին բնակավայրից հեռու գտնվող իր կարտոֆիլի կամ ցորենի դաշտն ինչպե՞ս կարող է ոռոգել, երբ այդ հատվածում ո՛չ ոռոգման համակարգ կա, ո՛չ էլ գետ կամ առու է հոսում: Կամ եթե պարոն Գասպարյանը գյուղատնտեսական կրթություն ունի եւ գյուղացու վրա էլ կարող է «գիտականորեն» մուննաթ գալ, ինքն ինչպե՞ս կարող է ջրել անջրդի հողը: Մեր պետական պաշտոնյաները երաշտի համար ինչո՞ւ են մեղադրում գյուղացուն, կամ ինչո՞ւ չեն ուզում ասել, որ այս տարի Հայաստանում երաշտ է եղել: Չէ՞ որ եթե մեկ ամսից ավելի անձրեւ չի եկել եւ ջերմաստիճանը նորմայից 6-7 աստիճան ավելի բարձր է եղել, Մ.Գասպարյանը կամ Ադիբեկ Ղազարյանը (Գյուղատնտեսության զարգացման եւ բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն) չեն մեղավոր: Ինչո՞ւ են այս երկու պաշտոնյաներն իր ցորենի դաշտից բերք չստացած գյուղացուն համոզում, թե` դու լավ չգիտես, երաշտ չի եղել, որովհետեւ Արարատյան դաշտի հողերը մի քիչ ոռոգվել են: Հարկ է նշել, որ Հայաստանի մշակվող հողերի ընդամենը 1/3-ն է գտնվում ոռոգման ցանցի համակարգում: Միգուցե այս պաշտոնյաները գյուղացու բերքի կորստի համար, այնուամենայնիվ, իրենց մեղքի բաժինն ունեն, դրա համար էլ հոգու խորքում իրենց մեղավո՞ր են զգում: Մանավանդ` Ա. Ղազարյանը, որը ոռոգման համակարգի զարգացման հարցերով զբաղվող գրասենյակի վարիչն է: Ի դեպ, երեկ Ա. Ղազարյանը տեղեկացրեց, որ Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի կորուստը կազմում է 50 տոկոս: Դա վերացնելու համար նրա հաշվարկներով 1 միլիարդ դոլարի ներդրում է անհրաժեշտ: Մինչդեռ իրենք ծախսել են անհրաժեշտ գումարի ընդամենը 10 տոկոսը՝ 100 միլիոն դոլարը: Տրամաբանական կլիներ, որ 10 տոկոսով կրճատվեր նաեւ ոռոգվող ջրի կորուստը: Պարոն Ղազարյանը, սակայն, չկարողացավ տեղեկացնել, թե այդ գումարը ծախսելուց հետո համակարգում ջրի կորուստը որքան է կրճատվել: Հնարավոր է, որ բոլորովին էլ չի կրճատվել այնպես, ինչպես որ չի կրճատվել Երեւանի խմելու ջրի համակարգի 80 տոկոս կորուստը: Նույն պատմությունն է: Այստեղ էլ ներդրվել է 50 մլն դոլարից ավելի գումար, սակայն կորուստները շարունակում են մնալ անփոփոխ: Կարող ենք ասել, որ նույն անարդյունավետ աշխատանքն է, որ վարկային ու գյուղացիներից հավաքագրած գումարներն ամբողջությամբ նպատակին չեն ծառայել: Կամ էլ, ինչպես խմելու ջրի համակարգում, այնպես էլ` այստեղ, ջրի գողությունը շատ մեծ է: Չէ՞ որ, եթե Երեւանի սաունաներն ու ավտոլվացման կետերն իրենց օգտագործած ջրի համար հիմնականում չեն վճարում, ապա մարզային ֆերմեր-իշխանիկներն էլ իրենց պլանտացիաներն են ջրում գողացված ջրով: Դրա համար էլ համակարգում կորուստները չեն կրճատվում: Դրա համար էլ նույնիսկ երաշտի համար մեր պետական պաշտոնյաներն իրենց վատ են զգում, որովհետեւ գիտեն, որ ջրագողության դեմ իրականում ոչ թե պայքարում են, այլ ձեւացնում են, թե պայքարում են: Իսկ եթե գոնե հատկացված գումարները նպատակային ծախսեին, հնարավոր կլիներ երաշտի հետեւանքները մի փոքր մեղմել: Ահա թե ինչու մեր պետական պաշտոնյաներն իրենց վատ են զգում, երբ անձրեւ չի գալիս: