Բերձորում արտագաղթի մասին են մտածում

09/07/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լաչինն արցախյան շարժման տարիներից ի վեր, կամա թե ակամա, համարյա միշտ գտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում: Ժամանակին, երբ դեռ փակ էր Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը, խիստ կարեւոր էր հենց Շուշիի եւ Լաչինի ազատագրումը, ինչը հնարավորություն տվեց ապահովել Հայաստանի եւ Ղարաբաղի ցամաքային կապը:

Այսօր էլ, երբ ավելի հաճախակի են սկսել տարբեր ատյաններում քննարկել Ղարաբաղի ազատագրված տարածքների հարցը, առավել կարեւորվում է այդ տարածքների (այդ թվում՝ Քաշաթաղի) վերաբնակեցումը: Լաչինի միջանցքի բացումից հետո Քաշաթաղի շրջանում սկսվեց վերաբնակեցման գործընթացը: Այստեղ բնակություն հաստատելու նպատակով գալիս էին հայեր տարբեր երկրներից, որոնց համար պետությունն արտոնություններ էր սահմանում: Վերաբնակիչներին ապահովում էին տներով, նրանց տրվում էր միանվագ օգնություն, անասնավարկ եւ այլն: Ի դեպ, այդ շրջանի բնակիչները մինչեւ վերջին 2 տարիներն օգտագործած էլեկտրաէներգիայի համար չէին վճարում: Իսկ 51 գյուղ, 71 բնակավայր ունեցող շրջանի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրականության խնդիր կա, բնակիչները նշում են, որ հաճախ «կտրվում են աշխարհից», քանի որ հեռուստացույց դիտելու հնարավորություն չեն ունենում: ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Արմո Ծատուրյանի հավաստմամբ, 140 մլն դրամ գումարի աշխատանքներն արդեն իրականացվում են շրջանի հարավային մասում եւ այս տարի կէլեկտրիֆիկացվեն շրջանի շուրջ 10-12 համայնքներ: Շրջանը նաեւ գազիֆիկացված չէ: Այդ ուղղությամբ աշխատանքներ են սկսված միայն Բերձոր քաղաքում: Ա. Ծատուրյանի խոսքերով, կառավարության կողմից նախատեսված 50 մլն դրամ գումարին եւս ավելացվելու է 14-15 մլն դրամ:

Երեւի թե հենց այդ դժվար պայմաններն էլ ստիպում են որոշ մարդկանց` թողնել իրենց բնակավայրերը եւ տեղափոխվել այլ երկրներ: Արտագաղթի մասին Բերձորում խոսում են համարյա բոլորը: Այդ մասին խոստովանում է նաեւ շրջվարչակազմի ղեկավարը, որի խոսքերով, փորձում են արտահոսքը հնարավորինս կանգնեցնել, ինչը դժվարությամբ է ստացվում, քանի որ «պետք է մարդկանց սոցիալական վիճակը մի քիչ բարելավել»: Բնակիչների 70 տոկոսը բնակարանով ապահովված չի, քանի որ նրանցից ոչ բոլորն են վերաբնակչի կարգավիճակով եկել շրջան: Բացի բնակարանային խնդիրներից` այստեղ սոցիալական շատ հարցեր կան չլուծված: «Ցավոք, մանկավարժներից շատերն արդեն թողել-գնում են շրջանից: Պատճառը դարձյալ սոցիալական ծանր պայմաններն են: Շրջանում այժմ մանկավարժների, բժիշկների կարիք ունենք: Նպատակ ունենք առաջին հերթին նրանց հրավիրել, իհարկե, համապատասխան պայմաններ ստեղծելուց հետո»,- նշում է շրջվարչակազմի ղեկավարը: Իսկ Քաշաթաղում բնակիչների մոտ 20-30 տոկոսն է աշխատանքով ապահովված: Եթե Բերձոր քաղաքում աշխատանք կա, մարդիկ զբաղվում են, ապա գյուղերում այլ է վիճակը: Վարչակազմի ղեկավար Համլետ Խաչատրյանի կարծիքով, որոշ մարդկանց սոցիալական վատ վիճակը պայմանավորված է նրանով, որ շատ անգամ նրանք պարզապես չեն ուզում աշխատել ու ծուլություն են ցուցաբերում` հույսները դնելով օգնությունների վրա, ինչը բնակչության վրա շատ վատ է անդրադառնում: Երիտասարդներն այստեղ պարապության են մատնված, շատերը որեւէ զբաղմունք, աշխատանք չունեն:

«Ցերեկային ժամերին Բերձորի փողոցներում շատ երիտասարդների կարելի է տեսնել հավաքված, ովքեր պարապությունից չգիտեն ինչով զբաղվել»,- ասում է երիտասարդներից մեկը, որն աշխատում է նույն մասի խանութներից մեկում: Այս երիտասարդն աշխատանքը չկորցնելու համար նպատակահարմար է գտել Արցախի պետհամալսարանում սովորել հեռակա հիմունքներով: