ԼՂՀ Ազգային ժողովի Պաշտպանության, անվտանգության եւ օրինապահության հանձնաժողովի նախագահ Ռուդիկ Մարտիրոսյանից տեղեկացանք, որ Ղարաբաղ այցելած ԵԱՀԿ դիտորդական խմբին հանրապետության հակահրդեհային պաշտպանության ծառայության կողմից ներկայացվել են այն ապացույցները, ըստ որոնց, Ղարաբաղի տարածքում հրդեհների 99 տոկոսը սահմանամերձ գոտուց է առաջանում: «Ադրբեջանական կողմն իրենց բերքը հավաքելուց հետո վառում է արտերը, որտեղից էլ հրդեհը տարածվում է նաեւ բերքահավաքը դեռ չավարտված ԼՂՀ տարածքներում: Մի խոսքով, հրդեհի աղբյուրները ծագել են ադրբեջանական կողմից: Դիտորդական առաքելությամբ ներկա գտնվողներին մեր համապատասխան մարմիններն ուղեկցել են սահմանամերձ գոտի, եւ իրենք արձանագրել են այդ փաստը»,- ասել է Ռ.Մարտիրոսյանը, որը միաժամանակ փաստեց, որ ԼՂՀ հակահրդեհային պաշտպանության ուժերը տեղում շարունակում են պատահական վառվող հրդեհների մարման աշխատանքներ ծավալել: «Այժմ ադրբեջանական կողմից բռնկվող հրդեհներ չկան, բայց դա չի նշանակում, որ հնարավոր է` չլինեն: Գուցե ադրբեջանական կողմը, տեղյակ լինելով դիտորդական խմբի այցելության մասին, ձեռնպահ է մնում նման գործողություններից, բայց ներկա պահին չկան հրդեհներ»,- ավելացրել է պարոն Մարտիրոսյանը: ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից էլ տեղեկացանք, որ հուլիսի 3-ին, ԼՂՀ Արտգործնախարարության նոտայի համաձայն` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, Աղդամ-Գինդարխ ճանապարհի վրա եւ Նովրուզլու բնակավայրի շրջանում անց է կացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկում իրականացնող խումբը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) Անջեյ Կասպրչիկը: Խմբի կազմում էին ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Փիթեր Քիին (Մեծ Բրիտանիա) եւ Գյունթեր Ֆոլկը (Գերմանիա):
Դիտարկումն անցել է նախատեսված ժամանակացույցին համապատասխան, սակայն, ինչպես նախկինում, ադրբեջանական կողմն այս անգամ նույնպես ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջին գիծը: Դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
«ԵԱՀԿ դիտարկման խմբին ուղեկցող` ԼՂՀ Պաշտպանության նախարարության եւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները նշել են, որ ի հակառակ ԼՂՀ անվտանգության գոտում գտնվող բնակավայրերի հրկիզումների մասին ադրբեջանական կողմի պնդումների, դիտարկման մասնակիցներն այդպիսի փաստեր չեն հայտնաբերել: Չեզոք շերտի մի հատվածում հայտնաբերվել է կրակ, որը քամու պատճառով տարածվելով` մոտենում էր ԼՂՀ կողմից վերահսկվող տարածքին, ինչն էլ հաստատում է ավելի վաղ ղարաբաղյան կողմից հնչեցված այն վարկածը, թե հրկիզումները կատարում են մարտական հերթապահություն կատարող ադրբեջանցի զինվորները: Շփման գծի տարբեր հատվածների դիտարկումներ են անց կացվելու նաեւ հուլիսի 4-ին եւ 5-ին»,- ասվում է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության մեջ: