Երեւան քաղաքի տրանսպորտային հիմնահարցերը համակարգող փոխքաղաքապետ Սլավա Ավանիսյանը երեկ լրագրողներին մի լավ զվարճացրեց: Ինչպես ամեն երկուշաբթի, երեկ էլ քաղաքապետարանում հերթական քննարկում-ասուլիսն էր: Այս անգամ այն նվիրված էր տրանսպորտի ներկա վիճակին եւ զարգացման ուղիներին: Թեման ներկայացնում էր Ս. Ավանիսյանը: Լրագրողները չգիտեին` ինչի մասին հարցնեին, որովհետեւ փոխքաղաքապետն այնքան էլ լավ չէր պատկերացնում թեման՝ տրանսպորտի ոլորտի խնդիրները: Երեւանի տրանսպորտային սպասարկումն իրականացվում է թվով 7 տրոլեյբուսային, 46 ավտոբուսային եւ 125 միկրոավտոբուսային երթուղիների միջոցով: Երեւանի քաղաքապետարանն ավտոբուսների եւ տրոլեյբուսների սակավության պատճառով ստիպված է սպասարկումն իրականացնել միկրոավտոբուսների միջոցով: 2006թ. սեպտեմբերի 20-25-ը միկրոավտոբուսների շահագործման համար նախատեսվում է ավելացնել մոտ 10 երթուղիներ: «Սկզբում բանակցություններ են վարվել Չինաստանի մի քանի գործարանների հետ, որպեսզի բյուջեից հատկացված 1մլրդ դրամի սահմաններում գնենք մոտ 97 ավտոբուս»,- նշեց Ս. Ավանիսյանն` ավելացնելով, որ բանակցություններ են վարել նաեւ Ուկրաինայի «Բոգդան» գործարանի հետ եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել 75 «Բոգդան» մակնիշի ավտոբուս գնել: Քաղաքապետարանն այդ 75 ավտոբուսները սեպտեմբերի 10-15-ը կներկրի Հայաստան: Ս. Ավանիսյանի հավաստմամբ՝ աշխատելու են 10 նոր երթուղիներ, որոնք գործելու են սեպտեմբերի 20-ից: Ի դեպ, Չինաստանի գործարանի ավտոբուսներն արժեն մոտ 16-21.000 դոլար:
Շուտով շուրջ 20.000 դոլարի ավտոպահեստամասեր ձեռք կբերի քաղաքապետարանը: «Այսօր Երեւանում գործում են 86 տրոլեյբուսներ, 345 ավտոբուսներ եւ 3.296 միկրոավտոբուսներ: 64-ը «Բոգդան», 50-ը՝ «Պազ» մակնիշի ավտոբուսներ են եւ 55-ը «Ֆիատ», «Ռենո» մակնիշի ավտոբուսներ են, որոնք մենք ձեռք ենք բերել Ֆրանսիայից եւ Իտալիայից: Նշվածները 21-25 տարվա ավտոբուսներ են, որոնք արտադրությունից դուրս են եկել, ինչի պատճառով պատրաստվում ենք մոտ 20-25 ավտոբուս դուրս գրել»,- վստահեցրեց Ս. Ավանիսյանը: Փոխքաղաքապետն ըստ երեւույթին լավ չէր տիրապետում իր համակարգում առկա խնդիրներին եւ մասնավորապես թվերին: Հաշվետվությունը ներկայացնելիս նա ավտոբուսների եւ միկրոավտոբուսների հաշիվը պարբերաբար խառնում էր, քանի որ սկզբում նշեց, թե գործում են 345 ավտոբուսներ, իսկ հետագայում՝ 176: Ինչեւէ, 86 տրոլեյբուսներից ներկայումս աշխատում է ընդամենը 60-64-ը, իսկ նորերը ձեռք բերելու հնարավորություն քաղաքապետարանը չունի, որովհետեւ ռուսական արտադրության տրոլեյբուսներն արժեն 160.000-180.000 դոլար, իսկ եվրոպական արտադրությանը մոտ 1մլն եվրո: Ներկայումս Ֆրանսիայից նվեր ստացած 6 տրոլեյբուսները գտնվում են ճանապարհին՝ Փոթիում: Փոխքաղաքապետը հավաստիացրեց, որ մինչեւ տարվա վերջ տրանսպորտի սակագնային փոփոխություններ չեն լինի:
Երեւանի քաղաքապետի որոշմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված են Պետավտոտեսչության, համայնքային ներկայացուցիչներ եւ Տրանսպորտի վարչության օպերատիվ խումբ: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երեւանում գործում է 302 ավտոկայանատեղի, որոնցից 182-ը ծառայողական, 119-ը վճարովի են: Նշվածներից միայն 59-ն են գործում քաղաքապետի համապատասխան որոշումների հիման վրա: Կազմված արձանագրություններն ուղարկվել են ՀՀ Ոստիկանություն եւ Հարկային ծառայություն: