Ավարտվեց Մոսկվայի միջազգային հերթական կինոփառատոնը, որը շատերի կարծիքով` բավականին ձանձրալի էր, քանի որ փառատոնն այս տարի չփայլեց ոչ հայտնի անուններով, ոչ էլ փայլուն ֆիլմերով:
Ամեն բան անհաջող ընթացավ դեռ սկզբից: Փառատոնի տնօրեն Նիկիտա Միխալկովը ստիպված էր ժյուրիի նախագահ փնտրել փառատոնի մեկնարկից երկու օր առաջ, քանի որ եւ ավստրիացի ռեժիսոր Միխայել Խանեկեն, եւ անգլիացի ռեժիսոր Պիտեր Գրինուեյը հրաժարվեցին գլխավորել ժյուրին: Փրկչի դերում հայտնվեց լեհ ռեժիսոր Անջեյ Ժուլավսկին:
Մրցութային ծրագրում ռուսական պրեմիերաների բացակայության պատճառը Մոսկվայի կինոփառատոնից առաջ անցկացված «Կինոտավր» փառատոնն էր, որին եւ գերադասել էին իրենց ֆիլմերն առաջադրել շատ ռուս ռեժիսորներ: Թեեւ այս տարի աղմկոտ պրեմիերաներ եւ հոլիվուդյան ու եվրոպական աստղեր չկային (նույնիսկ Պեդրո Ալմոդովարի «Վերադարձ» ֆիլմը պրեմիերա անվանել չի կարելի, այն բացի Կաննի փառատոնից` արդեն ցուցադրվում է Եվրոպայի տարբեր կինոթատրոններում), Նիկիտա Միխալկովի կարծիքով` փառատոնն անցավ մեծ հաջողությամբ: Փառատոնի գլխավոր մրցանակին` «Սուրբ Գեորգիի» արձանիկին արժանացավ ընտանիքի հոգսերն ու կարիերան համատեղել ցանկացող սովորական շվեդ կնոջ մասին պատմող «Սառայի մասին» մելոդրաման, որի ռեժիսորը թեեւ Շվեդիայում է ապրում, բայց ծագումով աֆրիկացի է: Փառատոնի «Հեռանկարներ» ծրագրում հաղթել է ուզբեկական «Չաշմա» ֆիլմը: Լավագույն ռեժիսոր է համարվել Բերտրան Բլիեն, ով ներկայացրել էր «Որքա՞ն դու արժես»՝ սիրո մասին պատմող ֆիլմը` դերասաններ Ժերար Դեպարդյեյի եւ Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ (Բլիեն եւ Դեպարդյեն տարիներ առաջ գլուխգործոց էին ստեղծել, այն է՝ «Վալս պարողները» ֆիլմը): Այս տարի Դեպարդյեն ստացավ «Հավատում եմ» հատուկ մրցանակը, որը Ստանիսլավսկու «Չեմ հավատում» հայտնի խոսքերի փոխակերպումն է: Փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում ցուցադրվեց Յուրի Կարայի «Վարպետն ու Մարգարիտան» ֆիլմը, որը գրաքննության եւ հեղինակային իրավունքների շուրջ ընթացող վեճերի պատճառով, տասը տարուց ավելի, հանդիսատես չի ունեցել: