Մի քանի օր առաջ զինծառայությունից խուսափելու եւ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով ձերբակալված «Ժամանակ-Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, ով գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, նախօրեին հայտարարություն է տարածել, որտեղ պնդում է, թե իր ձերբակալության նպատակը եւս մի լրատվամիջոց լռեցնելն է: «Իմ ձերբակալությունը եւ կալանումը բացառապես մեկ նպատակ են հետապնդում՝ Հայաստանում լռեցնել ապօրինի ռեժիմի հեռացմանն ու օրինական իշխանության հաստատմանը հետամուտ, անկախ ու անկաշառ եւս մի լրատվամիջոց»,- ասված է հայտարարության մեջ, ուր նաեւ ասվում է, որ «ՀՀ ապօրինի ռեժիմը՝ հանրապետության նախագահական նստավայրում նյութված սցենարով եւ Գլխավոր դատախազության կատարմամբ», իր դեմ «քաղաքական հետապնդում է իրականացնում»: Ի դեպ, երեկ «ԺԵ» խմբագրակազմը դադարեցրել է բողոքի ակցիաները: Այսօր նրանք հանդես կգան հայտարարությամբ, որտեղ կնշեն իրենց այդ եւ հետագա քայլերը: