Թեեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բացահայտեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված բանակցությունների սեղանին այսօր դրված առաջարկի հիմնական սկզբունքները, սակայն հայաստանյան քաղաքական դաշտում շատերը խուսափում են կոնկրետ խոսել դրա մասին, եւ ներքաղաքական դաշտում սպասողական վիճակ է: Բայց այն կապված է ոչ թե ԼՂ հարցի, այլ` ՀՀԿ` հուլիսի 22-ին հրավիրվելիք արտահերթ համագումարի հետ:
Այս երեւույթն, ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, քաղաքական դաշտի անկատարության հետեւանք է: «Ընդդիմադիրները կարծեք թե ղարաբաղյան հարցով իշխանության գալու հույսի շող են տեսնում: Դիմադիր դաշտն էլ ուղղակի չի պատասխանում տրվող հարցերին»,- ՄԱԱ-ում երեկ հայտարարեց Գ. Սահակյանը: Վերջինս այն կարծիքին է, որ 2006թ. ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում էական զարգացումներ չեն լինի, սակայն «դիվանագիտական փոխհարաբերություններից այնկողմ որոշակի գործառույթներ տեղի կունենան»: ՀՀԿ խմբակցության ղեկավարը գտնում է, որ ԼՂ հարցում քաղաքական բոլոր ուժերը պետք է միասին լինեն, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի եւ երեք համանախագահների համատեղ հայտարարություններում նա վտանգավոր ոչինչ չի տեսնում եւ կարծում է, որ դրանք ընդամենը «հետախուզական» նպատակներ ունեն, եւ «նոր մթնոլորտ են ստեղծում, ավելի կողմնորոշվելու, թե ինչպես կընդունվեն նման պրոցեսները Հայաստանում եւ Ադրբեջանում»: Գ. Սահակյանի գնահատմամբ՝ ամերիկյան կողմը ոչ թե ղարաբաղյան հարցի մասին է հայտարարություն անում, այլ` իր տնտեսական շահերից ելնելով` «ցանկանում է մթնոլորտ ստեղծել ադրբեջանական կողմի համար»: Նրա խոսքերով՝ այս անորոշությունը 15-20 օրից կորոշակիանա: Ըստ Գ. Սահակյանի, խորը վերլուծություններ կատարելու համար ճիշտ կլիներ, եթե բացահայտվեին բանակցություններին առնչվող բոլոր փաստաթղթերը: Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, թե «Հայաստանում այս պահին ներքաղաքական զարգացումներ չկան»: Ըստ նրա, քաղաքական դաշտի՝ նիրհելու պրոցեսում գտնվելն է պատճառը, որ մեծ է ուշադրությունը ՀՀԿ-ի ու ՀՀԿ առաջիկա համագումարի նկատմամբ, մինչդեռ այդ համագումարը, նրա խոսքերով, ոչ թե արտակարգ է, այլ՝ արտահերթ: «Ունենք առաջիկա քաղաքական զարգացումների հետ կապված ծրագրային խնդիրներ եւ այդ կապակցությամբ էլ համագումար ենք հրավիրում»,- վստահեցնում էր նա: Վերջինս նաեւ մտահոգություն հայտնեց ընդդիմադիր դաշտի պառակտվածության կապակցությամբ: Ավելին, ըստ նրա` այսօր ընդդիմադիր դաշտ չկա, այլ կան ընդդիմադիր «ծվեններ»: Ինչպես հայտնի է, Գ. Սահակյանը ճիշտ կանխատեսումներ անողի համարում ունի: Եվ ահա նա բացառում է արտահերթ ընտրությունների հավանականությունը եւ պնդում, որ 2008թ. նախագահական ընտրություններում ՀՀԿ-ն վճռորոշ դերակատարում կունենա: Անդրադառնալով Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ-ին հնարավոր անդամակցության մասին խոսակցություններին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը կարծիք հայտնեց, թե եթե նման բան լինի, ապա դա արտառոց համարել չի կարելի, քանզի 2003թ. Ս. Սարգսյանն իրենց ցուցակով ընտրվել է պատգամավոր: «Այնպես որ՝ համագործակցություն կար եւ կա այսօր»,- նշեց նա՝ ավելացնելով, թե այսօր խնդիրն այդ համագործակցությունն ավելի սերտացնելն է: «Անդամագրվելու կամ չանդամագրվելու խնդիրն ավելի շատ կապված է նախարարի հետ: Նորից համատեղելու ենք մեր ուժերը, եւ այդ դեպքում ՀՀԿ-ի արդյունքներն ավելի մեծ կլինեն (…): Անկախ նրանից, թե ինչպիսի համագործակցություններ կձեւավորվեն, Սերժ Սարգսյանն այն պետական, քաղաքական գործիչն է, ով նորօրյա Հայաստանի պատմության մեջ իր վճռական դերն է ունեցել եւ իր մեծ ծառայությունները»,- հայտարարեց Գ. Սահակյանը: Վերջինս երեկ խոսեց նաեւ Ընտրական օրենսգրքի մասին: Ըստ նրա, իշխանություններն ինչքան ընդունում են ԸՕ նախագծի վերաբերյալ ընդդիմության առաջարկները, այնքան վերջիններս նոր առաջարկներ են անում: ՀՀԿ-ում կարծում են, որ կարելի է ընդունել ընդդիմության բոլոր առաջարկները, անգամ այն առաջարկները, որոնց դեմ է Վենետիկի հանձնաժողովը: Սակայն Գ. Սահակյանի խոսքերով, եթե ընդունվի, ասենք, ընտրողների մատը թանաքոտելու առաջարկը` «հետո մատն արյունոտելու խնդիրը կգա, այսինքն՝ լուրջ կերպով է պետք խնդիրը քննարկել»: