Պատասխանատու են երկու նախագահները

03/07/2006

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան դարձյալ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Այս հարցազրույցում Բրայզան նշել է, որ իրեն չի զարմացրել օրեր առաջ տված իր հայտնի հարցազրույցից հետո Հայաստանում եւ Ադրբեջանում առաջացած իրարանցումը: «Ոչ, ինձ չի զարմացրել այն, որ առողջ բանավեճ է սկսվել: Ինձ, այնուամենայնիվ, զարմացրեց այն, որ մարդիկ այդքան արագ արձագանքեցին հարցազրույցին՝ առանց կարդալու Ավստրիայում ԵԱՀԿ մշտական խորհրդում համանախագահների հրապարակած եւ հանրության համար մատչելի փաստաթուղթը, որտեղ ամեն բան շատ ավելի հանգամանորեն է շարադրված»,- ասել է Մ. Բրայզան: Վերջինիս առաջին հարցազրույցի արձագանքներում երկու կողմից էլ եղան մեկնաբանություններ, թե հակառակ կողմն է մեղավոր հանրաքվեի շուրջ համաձայնությունը ձախողելու համար: Այն հարցին, թե իրականում ո՞ր կողմն է (եթե կա այդպիսին) ասում ճշմարտությունը, Բրայզան պատասխանել է. «Առանցքային սկզբունքները, որոնք երկու տարվա ընթացքում մշակվել են համանախագահների, Ռոբերտ Քոչարյանի ու Ի. Ալիեւի եւ նրանց արտգործնախարարների կողմից, վերջնականապես չէին ստացել 2 նախագահների համաձայնությունը, ուստի 2 նախագահները կիսում են համաձայնության չհասնելու պատասխանատվությունը, եւ ես չէի ասի, թե նրանցից մեկն ավելի է պատասխանատու, քան մյուսը»: Այնուհետեւ Բրայզան նշել է, թե «դեռ վերջը չէ»: «Նկատի ունեմ, որ ցանկացած պահի նրանք կարող են պարզապես ասել. «Լավ, մենք համաձայն ենք այս առանցքային սկզբունքներին, կամ մենք համաձայնել ենք որոշ փոփոխություններ կատարել դրանցում, ուստի եկեք ընդունենք այս փաթեթը»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերոնշյալ հայտարարության մեջ նշվում է, թե իրենք այս պահին վերջին մի քանի ամիսների ինտենսիվ միջնորդային դիվանագիտությունը շարունակելու իմաստ չեն տեսնում: Արդյո՞ք դա ռազմավարական որոշում է՝ ասել, թե մենք ետ ենք քաշվում, եւ հուսով ենք, որ դա կհուշի նրանց աշխուժացնել ջանքե՞րը, թե՞ պարզապես հոգնածությունն է ձախողումներից: Այս հարցին էլ Բրայզան այսպես է պատասխանել. «…Նախագահներին շատ ժամանակ պետք չէ մեկ անգամ էլ խորհրդածելու եւ որոշելու համար՝ ուզո՞ւմ են, թե՞ չեն ուզում ընդունել կամ համաձայնեցնել այս շրջանակային համաձայնագիրը: Հայտարարության մեջ մեր ասածն այն է, որ այլեւս տեղ չի մնացել դիվանագիտական երեւակայության համար, որպեսզի մետաղի այս կտորը փոքր-ինչ ավելի վառ փայլի: Այն հղկված է, եւ ձեր որոշելիքն է՝ ընդունել կամ չընդունել: Կամ արվելիք փոխզիջումները քաղաքականապես այնքան նշանակալի են, որ պահանջում են պետության ղեկավարների սակարկությունը: Մենք էլ ասում ենք՝ շատ լավ, դուք արեք»: Բրայզան նշել է նաեւ, որ ԼՂՀ շրջապատող տարածքներից հայկական ուժերի դուրսբերումը «կթուլացնի լարվածությունը», իսկ հայկական զորքերի դուրսբերմանը, ըստ Բրայզայի, համարժեք կլինի այն, որ պետք է կամ կարող է ուղեկցվել մի գործընթացով, որը կհանգեցնի Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցով բնակչության քվեարկության կամ հանրաքվեի: «Կարծում եմ, հայերի համար դա չափազանց կարեւոր է, ուստի հենց դա կարող է ադրբեջանական կողմն առաջարկել հայերին՝ հայտարարության բովանդակած այլ դրույթների հետ միասին»,- ասել է Մ. Բրայզան: