Ազա՛տ արձակեք խմբագրին

03/07/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Ի պաշտպանություն «Ժամանակ-Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի` երեկ հայտարարությամբ է հանդես եկել վրացական «Հարավային Կովկասի խաղաղ զարգացում» միությունը: «Ազնիվ եւ վճռական լրագրողները մեծաթիվ են, որոնք, վտանգելով իրենց կյանքը, անտեսելով հետապնդումներն ու սպառնալիքները, ձգտում են մեզ հասցնել ճշմարտությունն, ինչպիսին էլ դա լինի։ Նման լրագրողների թվին է պատկանում Արման Բաբաջանյանը։ Այն, ինչ տեղի ունեցավ Արմանի հետ՝ սոսկ հերթական հարված չէ առաջադեմ ԶԼՄ-ներին։ Հարված է նրանց ինքնակարծությանն ու հավակնություններին, ովքեր, անտեսելով առկա իրողությունները, համառորեն ընդդիմանում են անառողջ դատողության ցանկացած դրսեւորման։ «Հարավային Կովկասի խաղաղ զարգացում» միությունն իր աջակցությունն է հայտնում թերթի կոլեկտիվին, հայ լրագրողական ողջ կորպուսին, ժողովրդավարական պետության կառուցման սկզբունքների հետեւորդներին, որոնք ընդունակ են սթափ գնահատել ստեղծված իրավիճակը։ Հույս ունենք, որ մեր հայ գործընկերը շատ շուտով կհայտնվի ազատության մեջ»,- նշվում է միության ներկայացուցիչ Նուգզար Գոգորիշվիլիի տարածած հայտարարության մեջ։ Իսկ «Աշխարհի Ժողովրդավարության եւ զարգացման կովկասյան ինստիտուտի» անունից Էմանուիլ Շտեյնբերգը եւ «Ռե» ստուդիայի ներկայացուցիչ Մումուկա Կուպարաձեն իրենց հայտարարության մեջ ասում են. «Ամբողջ սրտով ձեզ հետ ենք: Ազատություն Արման Բաբաջանյանին»:

«Մենք դատապարտում ենք «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի ձերբակալությունը: Այն համարում ենք քաղաքական հետապնդում եւ պահանջում շուտափույթ ազատ արձակել նրան: Ինչպես նաեւ մեր զորակցությունն ենք հայտնում թերթի աշխատակիցներին»,- այսպիսի հայտարարություն են արել ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքի թվով 20 հայազգի բնակիչներ: