Համաձայն Ադրբեջանի ՆԳՆ Թմրանյութերի դեմ պայքարի վարչության պետ Մազախիր Ալիեւի՝ Լեռնային Ղարաբաղի բնակլիմայական պայմանները պարզապես հրաշալի են թմրանյութերի հարուստ բերք ստանալու համար: Եվ քանի որ Հայաստանում այդ մասին գիտեն, բայց լռում են, վերջինս եզրակացրել է, թե Հայաստանում դրա վրա բիզնես են անում: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «525-րդ թերթը»: Սակայն ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորման հարցում ծաղկող թմրաբիզնեսի խնդիրն ամենեւին էլ կողմերի համար առաջնայիններից չէ: Առաջնայինն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի երկարամյա անպտուղ բանակցությունները, որոնց ուղեկցում էր խորհրդավոր լռությունն ու անորոշությունը, արդեն ձանձրացրել են միջնորդ կողմին: Եվ պետք է արժանին մատուցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Բրայզային, որը (հասկանալի է, թեեւ ոչ սեփական նախաձեռնությամբ) փաստաթղթի մասնակի գաղտնազերծմամբ հնարավորություն տվեց քննարկումների մեջ ներգրավել հակամարտող կողմերի քաղաքական ուժերին: «Բրայզայի ասածի մեջ ոչ մի նոր բան չկար»,- միաբերան պնդում են բանակցությունների ակունքներում կանգնած գործիչները: Այդ դեպքում ինչո՞ւ խոսեց Բրայզան: Գուցե արմատներն արժե փնտրել նաեւ թուրքական «Կոնրադ» հյուրանոցում օրերս ամերիկացի միլիոնատեր Սորոսի խոսքերում, որը հայտարարել է, թե Հայաստանում կոռուպցիան ավելի է զարգացած, քան Վրաստանում, եւ սպառնացել իր աջակցությամբ. «Մենք կցանկանայինք օգնել Հայաստանին, սակայն դրա համար անհրաժեշտ է կառավարության ցանկությունը»: Հայաստանում կոռուպցիան միշտ էլ «իր բարձրության» վրա է եղել, եւ Սորոսը կարող էր իր մտահոգությունը գործով ապացուցել ավելի վաղ: Այդ դեպքում ինչո՞ւ նրա եւ Բրայզայի հայտարարությունները ժամկետային առումով համընկան: Արժե նկատել, որ նույն Սորոսն առայժմ ոչ մի կերպ չի նկատում Ադրբեջանում ծաղկող կոռուպցիան, ինչպես նաեւ` այդ երկրի «ցուցափեղկային ժողովրդավարությունը», ինչպես ադրբեջանական «525-րդ թերթում» նշել է Ադրբեջանի էքսնախագահ Այազ Մութալիբովը: «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի քաղաքական մեկնաբան Դավիթ Պետրոսյանի կարծիքով՝ Բրայզայի հայտարարությունը նշանակում էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած առաջարկությունների այս փաստաթուղթն այլեւս չի հետաքրքրում ԱՄՆ-ին: Այդ հայտարարությունն արված է, որպեսզի Հայաստանում սկիզբ առնեն ինչ-ինչ քաղաքական գործընթացներ: «Իմ կարծիքով՝ Ադրբեջանի այսօրվա ղեկավարությունն՝ իր բոլոր թերություններով, ձեռք է տալիս ԱՄՆ-ին: Ինչը չես ասի հայաստանյան իշխանությունների մասին: Շատ հնարավոր է՝ այսօր-վաղը մեկին կանչեն Վաշինգտոն (եւ ոչ թե Ռուսաստան կամ Ֆրանսիա.-Լ.Ա.) եւ ասեն՝ դու ես լինելու ՀՀ նախագահը: Չեմ բացառում, որ իշխանափոխությունը հնարավոր, ավելի ստույգ՝ ամենահնարավոր սցենարներից մեկն է: Իշխանության կգա մի ուժ, որը Ղարաբաղի հարցում ավելի կոշտ դիրք կունենա, քանի որ կլինի լեգիտիմ: Գոնե Քոչարյանից լեգիտիմ»,- իր ասածը շտկեց Դավիթ Պետրոսյանը: Փաթեթի բովանդակությանն անդրադառնալիս եւ հիմք ընդունելով Մինսկում արած Քոչարյանի հայտարարությունը, թե Բուխարեստում համաձայնությունը չի կայացել Ալիեւի պատճառով, հարց է առաջանում, թե ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խնդրի կարգավորումը տեսնել համանախագահողների առաջադրած արդեն հայտնի պայմաններով: Մեր զրուցակցի կարծիքով. «Շատ պատճառներ կան, որոնցից մեկն այն է, որ այդ հանրաքվեն անցկացվի մեկ կամ տասնհինգ տարի անց, դրա ելքը պարզ է՝ Ղարաբաղը կմնա հայերին: Այսինքն՝ ոչ մի ադրբեջանցի ղեկավար երբեւէ չի ստորագրի այնպիսի փաստաթղթի տակ, որով ԼՂ-ն, միեւնույն է, մնալու է հայերին: Ադրբեջանցիները հույս ունեն, թե իրենց նավթային պաշարները բանակի հզորացմանը ծառայեցնելով՝ կարող են վերադարձնել Ղարաբաղը: Բայց Ադրբեջանում էլ խելոք մարդիկ կան, որոնք հասկանում են, որ այդ նախագիծը դժվար է իրագործել, որովհետեւ Ադրբեջանի նավթը 12-15 տարուց կվերջանա»: Եվ հետո՝ շատ նավթ ունենալը չի նշանակում` ունենալ մարտունակ, հզոր բանակ: Քաղաքական մեկնաբանը վստահ է, որ եթե ադրբեջանցիները զինվեն, եւ տարածաշրջանում բալանսը խախտվի, աշխարհում միշտ էլ կգտնվեն ուժեր, որոնք հայերին զենքը կտան անգամ ձրի, միայն թե բալանսը պահպանվի: Քանի որ Դավիթ Պետրոսյանը զբաղվում է չճանաչված պետությունների խնդրով, հետաքրքիր էր նրա կանխատեսումը՝ ինչպես է պատկերացնում Ղարաբաղի ապագան. «Ես Ղարաբաղը տեսնում եմ որպես ՄԱԿ-ի անդամ անկախ, ժողովրդավարական պետություն, թեեւ դժվարանում եմ որոշել սահմանները (դա, իրոք, բանակցությունների հարց է): Իսկ Հայաստանի հետ Ղարաբաղը, թերեւս, ֆինանսական եւ պաշտպանական դաշինքի մեջ կլինի: Այսինքն՝ ինչպես հիմա է՝ ֆինանսական համակարգը նույնն է, պաշտպանական համակարգը միավորված է, բայց քաղաքական համակարգերը, իմ կարծիքով, պետք է լինեն առանձին: Ի վերջո, ինչո՞ւ պետք է վեց թուրքալեզու պետություն լինի: Թող լինի երկու հայալեզու պեություն»: Իսկ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը երկրի բարձրագույն ռազմական հաստատությունների շրջանավարտների ավարտական արարողության ժամանակ, ինչպես վկայում է «Թրենդ» գործակալությունը, բացականչել է. «Մինչեւ ե՞րբ պիտի բանակցենք: Ինչքա՞ն պիտի սպասենք: Մեր համբերությունն անսահման չէ: Ադրբեջանն այսօր արագ զարգացող պետություն է: Հայաստանը մեզ հետ ոչ մի ասպարեզում չի կարող մրցել: Հայաստանի բնակչության կեսը երկիրը լքել է: Ռազմական գծի երկայնքով հայերը կենդանի ուժի խիստ պակաս են զգում: Թող Հայաստանը մտածի՝ որտեղ կլինի Ադրբեջանը եւ որտեղ՝ Հայաստանը` մեկ, երեք, հինգ տարի անց: «Ո՛չ, պատերազմը հավանական չեմ համարում,- այս հայտարարությանն ի պատասխան՝ ասաց իմ զրուցակից Դավիթ Պետրոսյանը: -Եվ դրա առաջին երաշխիքը Բաքու-Ջեյհան նավթամուղն է: Պարզվեց, որ դա խաղաց ադրբեջանցիների դեմ: Ադրբեջանին ոչ ոք թույլ չի տա պատերազմ սկսել: Եթե անգամ տեսականորեն պատկերացնենք, որ նման պատերազմ կարող է սկսվել, ադրբեջանական բանակն այդքան ուժ չի ունենա, որ կարողանա ճեղքել մեր պաշտպանությունը»: