Օրենքները կրկին փոփոխության են ենթարկվելու

03/07/2006

Արձակուրդից վերադառնալուց հետո ԱԺ պատգամավորների հաստատմանը կներկայացվի օրինագծերի փաթեթ, որով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հարկերի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Եկամտահարկի մասին», «Շահութահարկի մասին» եւ «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքներում։ Կառավարությունն այս փաթեթին հավանություն է տվել հինգշաբթի օրվա նիստում։ «Որոշման ընդունումը պայմանավորված է կառուցապատող համարվող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող՝ ֆիզիկական անձանց հարկման հետ կապված հարցերը կատարելագործելու, այդ անձանց համար «չհարկվող շեմ» սահմանելու, ինչպես նաեւ` շենք-շինությունների հարկվող շրջանառությունը հստակեցնելու անհրաժեշտությամբ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ: Բնականաբար, այս ժլատ մեկնաբանությունները գրեթե ոչինչ չեն ասում առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների բնույթի մասին։ Այս հարցի վերաբերյալ մենք կփորձենք պարզաբանումներ ստանալ Հարկային պետական ծառայությունից, ինչը կներկայացնենք մեր թերթի հաջորդ համարում։