Ընդդիմադիր դաշտում առաջիկայում որոշակի վերադասավորումներ են սպասվում: Ինչպես արդեն ենթադրել էինք, ԱՄՆ-ը առաջիկայում պատրաստվում է ճնշումներ գործադրել ՀՀ իշխանությունների վրա՝ փորձելով ամեն կերպ խոչընդոտել 2007-2008թթ. ընտրակեղծիքների հնարավոր վերարտադրությունը:
Այդ նպատակով արեւմուտքը այժմվանից փորձում է այս իշխանությունների դեմ այլընտրանքային թեկնածու պատրաստել: Եվ առայժմ նրանց համար ամենահարմարը կարծես ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն է: Ընդ որում, արեւմուտքը ցանկանում է, որ Բաղդասարյանի հետ միավորվեն Արամ Զ. Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը, որպեսզի այդ ընդդիմադիր միավորումը բավական ուժեղ լինի: Դժվար է ասել, թե այս նախագիծն ինչպիսի հաջողություն կունենա: Արթուր Բաղդասարյանն իր անվճռականությամբ առանձնապես չի տարբերվում Ստեփան Դեմիրճյանից: Եվ չի բացառվում, որ վճռական գործողությունների ժամանակ Ա. Բաղդասարյանը եւս պայքարի կեսից ետ կանգնի: Թեեւ ամերիկացիներին Ա. Բաղդասարյանը հետաքրքրում է մեկ այլ առումով: Ամերիկացիների համար երիտասարդ այս քաղաքական գործչին ինչ-որ բան թելադրելը պրոբլեմ չի լինի, քանի որ նա չի տիրապետում ԼՂՀ հիմնախնդրին, չի գիտակցում Ղարաբաղի գինը, եւ հետագայում կարող է իրեն նախագահ դարձրած ուժերի համար հեշտ կառավարելի լինել:
Եվ ՀԺԿ-ում, եւ «Հանրապետություն» կուսակցությունում վստահեցնում են, որ ՕԵԿ-ի հետ իրենք որեւէ բանակցություն չեն վարում:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պնդում է, որ ԱԺ նախագահի պաշտոնից Ա. Բաղդասարյանի հրաժարականից հետո իրենք չեն հանդիպել: «Բայց դա որեւէ կերպ չի խանգարել փոխադարձ տեսակետներն իմանալու, եւ ինչ-որ պահի համապատասխան իրավիճակում չեմ բացառում, որ միասնական դիրքորոշմամբ հանդես գանք»,- ասում է պրն Սարգսյանը: «Հանրապետության» նախագահը նաեւ վստահեցնում է, որ առաջիկայում իրենք պատրաստ են համագործակցել միայն այն կուսակցությունների հետ, որոնք գաղափարական նմանություն ունեն իրենց հետ, այսինքն՝ աջ-ազատական գաղափարախոսության կրողներ են: Իսկ ՕԵԿ-ին պրն Սարգսյանը համարում է այդպիսին:
Ինչ վերաբերում է ՀԺԿ-ին, ապա կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Մինասյանի խոսքերով՝ իրենց կուսակցությունը պատրաստ է ցանկացած ընտրության միայնակ գնալ: Բայց նա չի բացառում առաջիկայում ՕԵԿ-ի հետ որեւէ շփում: «Համագործակցության ոչ մի գործողություն կամ գործընթաց ես չեմ բացառում: Եթե լինեն այլ քաղաքական ուժեր, որոնց գործողություններն ու նպատակները համահունչ են մեր նպատակներին, նրանց հետ եւս կարող ենք համագործակցել»,- վստահեցնում է Ս. Մինասյանը: Ավելին, վերջինս նաեւ հիշեցրեց, որ կոնկրետ խորհրդարանում ՀԺԿ-ն, ի դեմս Արդարություն դաշինքի, մի շարք հարցերում ՕԵԿ-ի հետ հանդես է եկել համատեղ դիրքորոշմամբ: Եվ իրար հետ համագործակցության որոշակի փորձ արդեն ունեն: «Թեեւ խորհրդարանում համագործակցում ենք, բայց դա չի նշանակում, որ ՕԵԿ-ի հետ պարտավոր ենք մեկ ձեւաչափով գնալ ընտրությունների: Եվ ընդհանրապես, այսօր որեւէ ձեւաչափի մասին խոսակցություն չի գնում»,- ասում է Ստեփան Մինասյանը: Ըստ ՀԺԿ վարչության քարտուղարի՝ իրենք այս օրերին զբաղված են ընդամենը կուսակցության կազմակերպչական հարցերով: «Մենք գտնում ենք, որ հայ ժողովրդի ղեկավար չպետք է որեւէ ուժի միջոցով ընտրվի: Հայ ժողովրդի ղեկավարը պետք է ընտրվի հայ ժողովրդի կողմից, ինչի ուղղությամբ էլ մենք աշխատանքներ ենք տանում»,- վստահեցնում է Ստեփան Մինասյանը: Նկատենք, որ 2003թ. ընտրություններից հետո մինչեւ հիմա Ստեփան Դեմիրճյանն իրեն զգում է որպես «ընդդիմության ազգընտիր լիդեր», եւ ասում են՝ նա ներքուստ ցավոտ է ընդունում այն միտքը, որ մի օր այլեւս ինքը չի լինելու ընդդիմության միասնական թեկնածուն: Ուստի երեկ պարոն Մինասյանից հետաքրքրվեցինք, եթե հայ ժողովուրդը երկրի ղեկավարի պաշտոնում այլեւս չուզենա Ստեփան Դեմիրճյանին տեսնել, իրենք կհամաձայնե՞ն հաշտվել այդ «դաժան իրողության հետ»: «Լիդերները կաբինետներում չեն ընտրվում, որեւէ խորհրդի կողմից որեւէ քվեարկությամբ չեն ընտրվում: Ցանկացած անձի՝ ազգընտիր լիդեր լինել-չլինելու հարցը որոշում է ժողովուրդը: Այլ ձեւով ընտրված լիդերը չարիք է լինում: Իսկ եթե հայ ժողովուրդը որեւէ մեկին իրականում ընտրեց որպես իր լիդեր, ապա մենք կհամակերպվենք ժողովրդի ընտրության հետ»,- իրենց դիրքերը զիջելու պատրաստակամություն ցուցաբերեց պարոն Մինասյանը, սակայն քիչ անց ավելացրեց, որ ժողովուրդը դեռ չի փոխել իր որոշումն ու Ստեփան Դեմիրճյանին շարունակում է ընդունել որպես իր լիդեր: Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ վստահեցնում է, որ ինքը որեւէ ամբիցիա չունի: Հարկ եղած դեպքում ինքը կարող է լինել եւ ընդդիմության առաջնորդ, եւ շարքային զինվոր: Միայն թե, պարոն Սարգսյանի կարծիքով, այդ ամենը որոշվելու է ընդդիմադիր դաշտի գաղափարական միավորման արդյունքում: «Եթե ժամանակը գա, մենք չենք սպասի առաջարկներին, այլ ինքներս կգնանք, համախմբման փորձեր կանենք: Եվ եթե պետք է՝ մենք կլինենք առաջինը, եթե պետք է՝ գործի մեջ կլինենք նաեւ վերջինը»,- հայտարարեց պարոն Սարգսյանը: Երեկ այս առնչությամբ զանգահարեցինք նաեւ ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանին: Սակայն մեր բոլոր հարցերին տիկին Բիշարյանը պատասխանում էր միայն երկու նախադասությամբ. «Ամեն ինչ հնարավոր է: Ոչինչ չեմ բացառում»: Իրոք որ, այսօրվա քաղաքական կյանքում ոչինչ հնարավոր չէ բացառել: Մանավանդ` Արթուր Բաղդասարյանի նման անկանխատեսելի քաղաքական գործչի պարագայում: