Անկախ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանին, եթե անգամ չհաջողվեց ավանդների վերադարձման մասին հարցն ԱԺ-ում քննարկել, ապա հաջողվեց ԱԺ նիստերը բոյկոտող ընդդիմությանը բերել խորհրդարան, ինչը երկար ամիսներ կոալիցիային չէր հաջողվում: Դեկտեմբերի 20-ի ԱԺ արտահերթ նիստին մասնակցելու համար ողջ կազմով գրանցվել էր «ԱՄ» խմբակցությունը:
-Պարոն Գեղամյան, դուք միշտ աչքի եք ընկնում ձեր վերլուծություններով։ Ըստ ձեզ, ո՞ւմ էր ձեռնտու ավանդների վերադարձման շուրջ նման իրավիճակի ստեղծումը:
– Ի պաշտոնե Հանրապետության երկրորդ դեմքը՝ Արթուր Բաղդասարյանը, հանդես եկավ նախաձեռնությամբ, ինչը պաշտպանեց մինչ օրս ԱԺ նիստերը բոյկոտած ընդդիմությունը, եւ արդյունքում ստացվեց այնպես, որ կոալիցիայի մաս կազմող կուսակցություններից մեկն իր ղեկավարով՝ ԱԺ նախագահով, ի վիճակի չեղավ գումարելու այդպիսի հույժ կարեւոր օրակարգով նստաշրջան: Բնականաբար, դրանում շահագրգռված են այն մարդիկ, ովքեր ուզում են վարկաբեկել ԱԺ նախագահին: Ինչպես տեսնում եք՝ ընդդիմությունն այդ նպատակը չէր հետապնդում, դրա համար սատարեց նրան: Իսկ եթե ընդդիմությունը չէ, նշանակում է՝ կոալիցիայի մաս կազմող իր գործընկերներն են: Այս խնդրի մյուս կողմն այն է, որ ՀՀԿ-ին էլ, որը մինչ վերջերս իրերի իրավիճակը ներկայացնում էր այնպես, թե իրենք են ԱԺ-ում մեծամասնություն կազմում եւ իրենք են ի զորու ցանկացած հարց մտցնել ԱԺ օրակարգ եւ ընդունել համապատասխան օրենք, հասկացրին, որ՝ շատ մի ոգեւորվեք, որովհետեւ անգամ իսկ անկախ պատգամավորը, որը որեւէ ֆրակցիա չի ներկայացնում, ի զորու է եւ կարող է հավաքել ճիշտ այնքան ստորագրություն, որքան անհրաժեշտ է արտահերթ նստաշրջան գումարելու համար: Այն էլ՝ ՀՀԿ կամքին հակառակ: Երբ այս երկու փաստերն արձանագրվեցին, պարոն Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ ցույց տվեց կոալիցիոն կուսակցություններին, մասնավորապես՝ ՕԵԿ-ին եւ ՀՀԿ-ին, թե ցանկացած հարց քննարկել-չքննարկելու հարցում իրականում ով է տերը: Դրա հետ մեկտեղ նույն ՀՅԴ-ին դրեցին շատ ծանր կացության մեջ. որքան էլ իրենք փորձեն ասել, թե դեմ են 1000 ռուբլու դիմաց 30 ԱՄՆ դոլար փոխհատուցելուն: Է՜, դեմ եք, 30-ը դարձրեք 130: Բայց դաշնակներին էլ մի այնպիսի իրավիճակի մեջ դրեցին, որ նրանք հիմա հարկադրված են ինչ-ինչ պատճառաբանություններ, բացատրություններ տալ: Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ իշխանությունները ոչ միայն չեն ցանկանում այս հարցին դրական լուծում տալ, այլեւ չեն հանդուրժում այլակարծություն այս հարցում: «Կենտրոն» հեռուստաընկերությանն ու «Խորհրդարանական շաբաթ» հաղորդմանը խնդրեցի ինձ 30 րոպե եթեր տրամադրել, որտեղ ես կմատնանշեի այն սկզբնաղբյուրները, որոնք գործի դնելով՝ մենք կկարողանանք բյուջեի գումարներին ձեռք չտալով՝ զգալիորեն մեղմել այդ հարցը: Դրան էլ չեն գնում, ավաղ: Դրանից այն համոզմանն ես գալիս, որ ազգաբնակչության ճնշող մեծամասնության շահերը ինչպես օտար էին այս իշխանություններին, այդպես էլ շարունակում են մնալ: Թո՛ղ քննարկումն ուղիղ եթերով ապահովեին ու ժողովուրդն ի՛նքը ուշի-ուշով լսեր, հասկանար, թե որն է պոպուլիզմը, որը գործնականը: Դրանից էլ են հրաժարվում, ինչը նշանակում է, որ այս իշխանությունների համար՝ ժողովրդի վիճակն ինչքան վատ, այնքան՝ իրենց լավ: Իրենք կարիքի բեռան տակ ծնկի են բերել մի ամբողջ ազգի: Եվ եթե թվում է, թե դա իրենց հաղթանակն է, ապա պետք է ասեմ, որ դա պյուռոսյան հաղթանակ է, քանի որ 2005-ին, ուզեն-չուզեն, լրջագույն փորձություններ են սպասվում մեր պետականությանը: Իսկ կարիքով կքված ժողովուրդը, բնականաբար, ի զորու չի լինելու դիմակայել այն ահավոր վտանգներին, որոնք դարանակալել են իրեն:
– Լոռու մարզում Ռ. Քոչարյանը հայտարարեց, որ այս նախաձեռնությունը Հմայակ Հովհաննիսյանինը չէ, նրա հետեւում ինչ-որ ուժ կա, եւ պետք է պատգամավորները «ողջամտություն» դրսեւորեն՝ թույլ չտալով ինչ-որ մեկին՝ վտանգել այդ հարցի լուծումը: Դրանից կարելի՞ է ենթադրել, որ այս ամենի նախաձեռնողը Ռ. Քոչարյանը չէր: Ըստ ձեզ, ո՞վ է իրականում հեղինակը:
– Սովորաբար նման պաշտոնի տեր մարդիկ մտածում են մի բան, ասում են մեկ այլ բան, կատարում են ճիշտ հակառակը: Ռ. Քոչարյանը հասավ իր նպատակին. կոալիցիայի մաս կազմող կուսակցություններին ցույց տվեց իրենց պստլիկ տեղը հայոց քաղաքական բեմահարթակի վրա: Իսկ մնացած խոսքերը խորամանկություններ են, ոչ ավելին, որովհետեւ ստորագրողների թվում կան այնպիսի մարդիկ, որոնք անգամ հույժ կարիքի դեպքում, արտաքնոց գնալուց առաջ, զանգ են տալիս նախագահական եւ թույլտվություն են հարցնում՝ կարո՞ղ են գնալ զուգարան, թե՞ գործողությունը կատարեն ոչ զուգարանում:
– Տարբեր ձեւերով փորձ արվեց ընդդիմությանը բերել խորհրդարան, սակայն դա, պետք է խոստովանել, ավանդների հարցով հաջողվեց Հ. Հովհաննիսյանին, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել այս ֆարսին ու դադարեցնել ձեր բոյկոտը:
– Բնականաբար, ոմանք ի սկզբանե ցանկանում են այս ամենը ֆարս ներկայացնել, որովհետեւ լուրջ քննարկումների արդյունքում յուրաքանչյուր հայ մարդ մտովի կասեր՝ լավ, այս իշխանություններն ինչո՞ւ են այս աստիճան թշնամաբար վերաբերվում սեփական ժողովրդին: Քննարկումների արդյունքում ի հայտ կգային միլիարդավոր դրամի այն ռեզերվները, որոնք առանց նյութական ծախս կատարելու հնարավոր կլիներ ներգրավել բյուջեի եկամտային մաս, եւ հոգալ այն բոլոր խնդիրները, որոնք այսօր կան: Ինչ վերաբերում է մեզ ԱԺ բերել-չբերելուն, ապա մենք իր չենք, որ բերեն: Մեզ այսօր խորհրդարան է բերել մեր խիղճը եւ պատասխանատվության խորը, բարձր զգացումը մեր 2 մլն 200.000 ազգաբնակչության առաջ: Մեզ այս հարցն ավելի շատ է հուզում, քան վստահության հանրաքվե անելու-չանելու հարցը: Կոալիցիան իր այս ձախողումով անասելի նվեր մատուցեց ընդդիմությանը՝ ցույց տալով, որ վախենում են բաց քննարկումներից: Իսկ եթե վախենում են, նշանակում է՝ գիտակցում են, որ հայտնվել են քաղաքական «շտոպրի» իրավիճակում, եւ գիտակցում են, որ այդ գումարները կան, բայց իրենք անզոր են դրանք բերել բյուջե, որովհետեւ այդ գումարները կորզվում են ճիշտ նույն մարդկանց միջոցով, ովքեր կազմում են կոալիցիոն կուսակցությունների հենասյուները: Միգուցե՝ բացառությամբ ՕԵԿ-ի, որը մասնակցեց քվորումի ապահովմանը: Ամենամեծ հետեւությունն այն է, որ ապացուցվեց, որ այսօր Հայաստանում երաժշտություն պատվիրողներն օլիգարխներն են, որովհետեւ այդ գումարները, որոնք մենք մտադիր էինք բերել բյուջե, բնականաբար, իրենց գերշահույթներից պետք է լինեին: