Համանախագահները վերջնագիր են ներկայացնում

30/06/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման շուրջ սկիզբ առած իրադարձությունները գնալով նոր երանգ են ստանում: Հունիսի 22-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդում Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել բավական ուշագրավ հայտարարությամբ, որտեղ, պատկերավոր ասած, հստակ հայտարարել են, որ այլեւս չեն ցանկանում տանել Քոչարյանի ու Ալիեւի քմահաճույքները, եւ պահանջել են հարցին շուտափույթ լուծում տալ:

Հակառակ պարագայում, համանախագահները զգուշացրել են, որ իրենց կողմից այլեւս անիմաստ կլինի որեւէ հանդիպում նախաձեռնելը, քանի որ իրենք իրենց ձեռքից եկածն արել են: Բացի այդ, համանախագահները շեշտում են, որ հակամարտության կարգավորման այս վերջին տարբերակն ամենաընդունելին է երկու կողմերի համար: Իսկ դրանց չընդունման դեպքում, եթե հանկարծ պատերազմ ծագի, ապա դրա համար պատասխանատվություն պետք է կրեն երկու երկրների նախագահները:

Համանախագահները, ընդհանուր գծերով բացահայտելով հակամարտության կարգավորման սկզբունքները (դրանք նույն սկզբունքներն են, որոնց մասին նախորդ շաբաթ բարձրաձայնեց ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան), երկու երկրների նախագահներին կոչ են արել այն դնել հասարակական քննարկման: Համանախագահները եւս մեկ անգամ ընդգծել են, որ 2006 թվականը շարունակում է «Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնության կայացման հնարավորության անհրաժեշտ պատուհան» հանդիսանալ, իսկ այդ պատուհանը կորցնելը նրանք որակել են որպես ողբերգական կորուստ:

Հիշեցնելով շուրջ մեկ ամիս առաջ համանախագահների՝ բավական ներկայացուցչական կազմով տարածաշրջան կատարած այցը, նկատում են. «Հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության կայացումը հուլիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Մեծ ութնյակի վեհաժողովից առաջ կապահովի լայն միջազգային աջակցություն ու ֆինանսական աջակցության բարձր աստիճան հետհակամարտային վերականգնողական ու խաղաղապահ գործունեության համար»: Համանախագահները շարունակում են պնդել, որ հակամարտության կարգավորման միակ ուղին խնդրի խաղաղ հանգուցալուծումն է: Եվ երկու երկրների նախագահներն իրենց ժողովուրդներին պետք է նախապատրաստեն ոչ թե պատերազմի, այլ խաղաղության: Միեւնույն ժամանակ շեշտված է, որ ՀՀ-ին ու Ադրբեջանին առաջարկված սկզբունքները մշակվել են ոչ թե «անօդ տարածությունում», այլ նախորդ ինը տարիների մշակած առաջարկների արդյունք են: «Մենք առաջնորդվել ենք այն սկզբունքով, որ հասնենք նշանակալի առաջընթացի, սակայն մի քանի չափազանց դժվար հարցերի կարգավորումը թողնենք ապագային ու նախատեսենք հետագա բանակցություններ: Այսինքն՝ գործնական ու հավասարակշռված կերպով կարգավորվում են այն հարցերը, որոնք կարող են անմիջապես կարգավորվել: Այս սկզբունքները ներառում են հայկական զորախմբերի փուլային հանումը ԼՂ-ն շրջապատող ադրբեջանական տարածքներից՝ հատուկ մոտեցում ցուցաբերելով Քելբաջարի ու Լաչինի շրջանների նկատմամբ: Հետեւելու է այս տարածքների ապառազմականացումը: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը որոշելու համար ապագայում նախատեսվում է հանրաքվե կամ համընդհանուր քվեարկություն, որի ժամկետը սահմանված չէ: Կողմերը պարտավորվելու են շարունակել բանակցություններն` այդ հանրաքվեի ժամկետն ու ձեւաչափը որոշելու համար: Որոշակի միջանկյալ պայմանավորվածություններ կլինեն, որոնք կապահովեն ԼՂ շփումը միջազգային աջակցություն ցուցաբերողների հետ, կտեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր: Կստեղծվի համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ հանձնաժողով: Միջազգային ֆինանսական աջակցություն կապահովվի ականազերծման, վերականգնողական աշխատանքների ու ներքին տեղահանվածներին նախկինում օկուպացված ու ԼՂ պատերազմից տուժած տարածքներում վերաբնակեցնելու նպատակով: Կողմերը հրաժարվում են ուժ կիրառելուց կամ այդպիսի սպառնալիքներ ներկայացնելուց, ու ապահովում են միջազգային ու երկկողմ անվտանգության երաշխիքներ ու հավաստիացումներ: ԼՂ իրավական կարգավիճակի որոշման նպատակով անցկացվելիք հանրաքվեի կամ համընդհանուր քվեարկության գաղափարի մասով կուզենայինք նշել, որ դա պետք է լինի երկու կողմերի բանակցային համաձայնության արդյունքը: Պետք է լինեն համապատասխան նախադրյալներ, որպեսզի քվեարկությունն անցկացվի մի միջավայրում, որտեղ չկա պարտադրանք, իսկ իրազեկ քաղաքացիներն ունեն իրենց դիրքորոշումները կշռադատելու լայն հնարավորություններ՝ հրապարակային եռանդուն բանավեճերից հետո»,- ասված է համանախագահների հայտարարության մեջ: Նրանք արձանագրում են նաեւ հակամարտող կողմերի հայտարարությունները, որ երբեք այսքան մոտ չեն եղել համաձայնությանը: Թեեւ, անկախ այդ հանգամանքից, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ: Համանախագահողներն արձանագրում են, որ իրենք սպառել են իրենց երեւակայությունը՝ «այս սկզբունքները ճանաչելու, ձեւակերպելու եւ վերջնական տեսք տալու մեջ»: Եվ պնդում են, որ ԼՂ հակամարտության լուծման՝ իրենց մշակած սկզբունքներից բացի, այլընտրանքային տարբերակներ չկան: Ուստի նրանք հակամարտող երկրների նախագահներին կոչ են անում աշխատել «իրենց հասարակության եւ միմյանց հետ՝ ձեւակերպելու հիմնարար սկզբունքների մի համաձայնագիր, որն ընդունելի կլինի երկուսի համար»: Հակառակ պարագայում, եթե հանկարծ պատերազմը վերսկսվի, ապա, համանախագահների կարծիքով, իրենց երկրների ժողովուրդների եւ միջազգային հանրության առաջ պատասխանատվությունը կրելու են հենց նախագահները:

«Մենք չենք տեսնում իմաստ՝ այս պահին շարունակելու վերջին մի քանի ամիսների ինտենսիվ միջնորդային դիվանագիտությունը: Մենք նաեւ իմաստ չենք տեսնում՝ նախաձեռնելու լրացուցիչ հանդիպումներ նախագահների միջեւ, մինչեւ նրանք չցուցադրեն մնացած անհամաձայնությունները հաղթահարելու բավարար քաղաքական կամք: Իհարկե, համանախագահները կշարունակեն մնալ հասանելի երկու կողմերին՝ հավատարմորեն ու անկողմնակալ կերպով ծառայելու որպես միջնորդներ: Մենք պատրաստ կլինենք նորից մասնակցել, եթե իրոք կողմերը որոշեն շարունակել բանակցություններն այն քաղաքական կամքով, որը մինչեւ այժմ բացակայել է»,- եզրափակում են համանախագահները:

Հ.Գ. Ի դեպ, համանախագահների այս հայտարարության տեքստն իր պաշտոնական կայքում տեղադրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը: