«Ղարաբաղի դիրքորոշումը չի փոխվել եւ չի փոխվելու: Ով ինչ բացահայտումներ ուզում է անի կամ չանի, դա մեր դիրքորոշման համար էական նշանակություն չունի, քանի որ մեր դիրքորոշումը հստակ է»,- հունիսի 28-ին ԼՂՀ Մարտակերտ քաղաքում կայացած Մարտակերտի ազատագրման 13-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստից հետո հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը:
«168 Ժամի» հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի կողմից ղարաբաղյան կարգավորման բանակցությունների մանրամասները գաղտնազերծելուց հետո որքանո՞վ է հավանական բանակցություններում ԼՂՀ-ի՝ որպես բանակցային կողմ հանդես գալը, ԼՂՀ նախագահը պատասխանեց. «Գտնում եմ, որ այս օրերին դա ռեալ չէ եւ մոտակա ժամանակներս նույնպես, որովհետեւ մենք բոլորս տեսնում ենք Ադրբեջանի դիրքորոշումը եւ դեստրուկտիվ մոտեցումները: Չեմ գտնում, որ այսօր դա ռեալ կլինի եւ Ադրբեջանը պատրաստ կլինի բանակցել Ղարաբաղի հետ: Սխալ տպավորություն է ստեղծվում, թե դա Ղարաբաղին է պետք: Դա պետք է գործընթացին: Չեմ գտնում, որ մեզ համար բանակցություններին մասնակցելն ինքնանպատակ է: Իհարկե ցանկալի կլիներ, բայց ոչ թե մեզ համար, այլ` գործընթացի: Սա շատ կարեւոր հանգամանք է»:
Աշխարհի գերտերությունները չեն թաքցնում ադրբեջանական նավթի հանդեպ իրենց հետաքրքրությունն ու շահերը, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը նույնիսկ հայտարարում է, որ նավթից գոյացած գումարներն ուղղվելու են բանակի հզորացմանը եւ անհրաժեշտության դեպքում ռազմական գործողությունների վերսկսմանը: «Իսկ ի՞նչ դեր կարող է ունենալ Ադրբեջանի նավթի գործոնը` հակամարտության կարգավորման գործում» հարցին ի պատասխան` Արկադի Ղուկասյանն ասաց. «Ես չեմ գտնում, թե հաղթանակները որոշվում են երկրի աղքատ կամ հարուստ լինելով: Եթե հիշում եք,1991-1992թթ. մենք ունեինք անհամեմատ ավելի քիչ ռեսուրսներ, քան Ադրբեջանը, եւ պատերազմի արդյունքն էլ հստակ է եւ միանշանակ: Չեմ գտնում, թե իրատեսական են Ադրբեջանի հույսերը, որ նավթի միջոցներով բանակը կհզորացնի, եւ չեմ համարում, որ սա հարցի լուծում է կամ ինչ-որ վճռորոշ գործոն: Ենթադրում եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը չի ցանկանում պատերազմ, եւ մենք էլ չենք ցանկանում: Եվ ընդհանրապես չկա մի ժողովուրդ, որը ցանկանա պատերազմի միջոցով հարցեր լուծել: Իսկ Ադրբեջանի ղեկավարության այդ կարգի հայտարարություններն ուղղակի ծիծաղելի են, որովհետեւ նման հայտարարություններն անում են այն մարդիկ, որոնք 1992-1994թթ. ոչ միայն չեն պաշտպանել իրենց հայրենիքը, այլեւ այդ պատերազմից հեռու են պահել իրենց երեխաներին: Հիմա այդ նույն մարդիկ խոսում են պատերազմի մասին: Լավ կլիներ` նման հայտարարություններ անող ղեկավարներին Ադրբեջանի ժողովուրդը հարցներ` իսկ որտե՞ղ էիք դուք 1992-1994 թվականներին` սկսած նախագահից, մինչեւ մյուս ղեկավարները: Համարում եմ, որ մենք վախենալու առիթ չունենք, մեր բանակը ի վիճակի է պաշտպանել մեր հայրենիքը, սահմանները: Իսկ նման կարգի հայտարարությունները պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից, ինչը, ցավոք, չի արվում, եւ դա անհասկանալի է մեզ համար: Բայց հուսով եմ, որ դա կլինի»: